34-ամյա Վաչե Աբրամյանը 10 տարեկանից ընտանիքի հետ Երևանից տեղափոխվել է Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղ։ Հայրը ծննդով Մարտակերտի շրջանից է և ամուսնանալով ընտանիք էր կազմել ու ապրել Երևանում, իսկ Քաշաթաղի ազատագրումից հետո հաստատվել են շրջանում։ Մինչև 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանումն ընտանիքով ապրում էին Վուրգավանում։
«Երբևէ չենք պատկերացրել, որ պիտի լքենք մեր գյուղը ու հետո նաև ողջ Արցախը։ Ծննդով լինելով երևանցի և Քաշաթաղ տեղափոխվելով, ես երջանիկ էի մեր գյուղում ու ինձ արցախցի էի համարում։ Ոչ մեկս չէինք պատկերացնում, որ նման պատերազմ կլինի ու հետևանքը՝ բռնագաղթ։ Մտածում էինք, որ քառօրյա պատերազմի պես շուտով կկանգնեցնեն և մենք կհաղթենք ու կանցնենք մեր բնականոն կյանքին։ Բայց ոչ այսպիսի ելք։ Մինչև պատերազմի վերջին օրը գյուղում էինք և բոլորս լծված էինք օգնելու զինվորներին և ոչինչ չխնայելով թիկունքային աշխատանքներ էինք կատարում։ Մինչև վերջ պայքարեցինք ու մնացինք գյուղում։ Սակայն նոյեմբերին բնակիչներին մոտեցան զինվորականները և տեղեկացրին, որ թուրքերը մեր գյուղից մի քանի կմ հեռավորության վրա են՝ կամրջի մոտ և այն ուզում են պայթեցնել։ Նրանք հորդորեցին շուտափույթ լքել գյուղը։ Մենք ունեինք ընդամենը մի քանի ժամ հավաքվելու և դուրս գալու համար։ Հասցրել ենք միայն անասունները քշել դեպի Տեղ գյուղ և քանի որ ավտոմեքենա չունեինք, առաջին անհրաժեշտության մի քանի իր վերցնելով դուրս եկանք հարևանի մեքենայով»,- իրենց բռնի տեղահանության պատմությունը ներկայացրեց Վաչեն։
Մեր զրուցակիցը հետվերադարձի հույսը չի կորցնում ու այլ տարբերակ չի տեսնում։ Նա 2020թ.-ից հետո էլ պարբերաբար, տարվա կտրվածքով մի քանի անգամ մեկնել էր Արցախ և փորձել էր հաստատվել Ստեփանակերտում կամ Շուշիի շրջանի չօկուպացված չորս գյուղերից մեկում։ Վաչեն որոշել էր տեղափոխվել և զբաղվել հողագործությամբ, սակայն սահմանապահները որոշ ժամանակ անց թույլ չեն տվել հատել անցակետը, որովհետև արդեն վտանգավոր էր՝ շրջափակում էր։ Այդ ժամանակ միայն Շուշիի շրջանի չորս գյուղերի բնակիչներն էին կարողանում կապ հաստատել Հայաստանի հետ և Հակարիի կամուրջը դեռ հայ սահմանապահներն էին վերահսկում ու միայն Շուշիի մոտ էին ադրբեջանական պսևդոէկոլոգները փակել ճանապարհը։
Վաչեն ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան և փորձել լուծել զբաղվածության խնդիրը։ Այդ ընթացքում նա բախվել է բազմաթիվ խոչընչոտների, նույնիսկ արժանացել ծայրահեղ վերաբերմունքի ՝ կապված իր ունեցած հայացքների և արցախցի լինելու համար։ Նրա խոսքով՝ շրջապատում արժանացել է սպառնալիքների ու արդեն 2023թ. սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմից հետևանքով Արցախի վերջնական հայաթափումից հետո որպես արցախցի ավելի են սկսել թիրախավորել։
«Առանց չափազանցացնելու ասեմ, որ համարյա բոլոր աշխատատեղերում ինձ ճնշում են արցախցի լինելու ու ոչ իշխանական հայացքներ ունենալու համար։ Տարվա մեջ մի քանի աշխատավայր եմ փոխել այդ պատճառով։ Փորձում եմ բացատրել, որ արցախցիները նույն հայերն են և այդ խտրական վերաբերմունքն ավելի խիստ է արտահայտվել իմ նկատմամբ հատկապես Արցախի վերջնական հայաթափումից հետո։ Վերջերս փորձում էի գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել Տավուշի շրջանի Չինչին գյուղում, որտեղ ինձ զգուշացրել են, որ եթե նիկոլական չդառնամ, գյուղից պետք է հեռանամ։ Աշխատավարձս պահումներով են տալիս ու այդ պատճառով սրվում են իմ ու գործատուի հարաբերությունները»,-նշեց մեր զրուցակիցը։
Նրա կարծիքով՝ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով են թիրախավորվում արցախցիները ու միայն նրանց հեռացումով կլուծվեն բոլոր խնդիրները։ Այժմ նա խնդիրը ներկայացնում է տարբեր ատյանների՝ ակնկալելով, որ կկիրառվեն համապատասխան միջոցներ իր ոտնահարված իրավունքների վերականգնման համար։
Զառա Մայիլյան