«Մեր հանրապետությունն իր ավելի քան 922.000 բնակչությամբ պետք է ունենա մոտ 900 հոգեկան հիվանդներ, որոնք կարիք ունեն հիվանդանոցում խնամվելու: Այդ թիվը չափազանցված չէ»,- 1929 թ.-ին գրել է «Գ ՐՈ» կեղծանվամբ բժիշկը:

2023 թվականի դրությամբ՝ ՀՀ գործող հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում հաշվառված է հոգեկան եւ մտավոր խնդիրներով 25068 հաշմանդամություն ունեցող անձ:

 

Հոգեկան առողջության կենտրոնները 

«Մեր ամենացավոտ խնդիրը հիվանդանոցի շենքի հարցն է: Ներկա հիվանդանոցի տեղը քաղաքի կենտրոնում է, եւ շենքը շատ անհարմար է, զուրկ անգամ ամենատարրական հարմարություններից՝ բուժման, խնամման եւ գիտական տեսակետից: Հիվանդների կուտակման հետեւանքով պատահում են հիվանդների եւ աշխատակիցների հետ դժբախտ դեպքեր: Այդ պատճառով Առժողկոմատը մտցրել է իր 5-ամյա պլանում, իբրեւ հարվածային խնդիր, հոգեբուժական հիվանդանոցի համար մի նոր շենք կառուցել քաղաքի արվարձաններից մեկում՝ այժմյան գիտության բոլոր տվյալների համաձայն (այգի, բանջարանոց, արհեստանոցներ և այլն): Բայց այդ քիչ է, եւ առանց շահագրգռված կողմերի ոչինչ չի կարելի անել»,- գրել է «Գ ՐՈ»-ն:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք եւ նրանց աշխատանքները, 1958 թ.

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող կենտրոնները իրականացնում են միայն խնամք: Դրանցից են «Ձորակ» եւ «Վարդենիսի»  շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտոնները, որոնք ունեն 625 շահառու: Նրանցից անգործունակ են ճանաչվել 366-ը: Բուժումը ապահովում են Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունները: Դրանցից Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում բուժվողների թիվը 384 է:

ՀՀ մանկատներում («Երեւանի մանկան տուն», Գավառի, Խարբերդի մասնագիտացված, Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ, «Գյումրու երեխաների տուն») 372 երեխաներից հաշմանդամություն կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեն 287-ը:

Հոգեբուժական ստացիոնար բաժանմունքի շենքային պայմաններից զատ կարեւոր է նաեւ կենտրոնում մատուցվող ծառայությունների որակը։ Սրա ուղղությամբ աշխատանքներ նույնպես տարվում են. բժիշկները շարունակաբար կրթվում են, հաճախ նոր մոտեցումներ են հրամցնում՝ բուժման կամ մասնագիտացված խնամքի առումով։ 

«Շատ կարեւոր է, թե հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին ինչ պայմաններում է բուժօգնություն ցուցաբերվելու։ Շատ ավելի նախընտրելի է թե՛ պացիենտի, թե՛ բժշկի համար բուժումը իրականացնել արտահիվանդանոցային կամ ցերեկային պայմաններում, բայց եթե կա ստացիոնար բուժման կարիք, դա պիտի արվի բարենպաստ պայմաններում։ Պատերի գույնը, վերանորոգումը, դիզայներական լուծումները շատ կարեւոր են բուժման ընթացքի համար»,- ասում է հոգեբույժ Գեւորգ Փաշիկյանը։ 

«Կառուցված հիվանդանոցը միակն է լինելու մեր հանրապետության մեջ. ոչ մի ջանք եւ միջոցներ չպետք է խնայվեն այդ մեծ եւ կարեւոր գործի շուտափույթ իրականացման համար: Խորհրդային հանրապետության համակարգը պետք է որ իր հեղինակավոր խոսքն ասի այս հարցի մասին»,- գրել է «Գ ՐՈ»-ն:

«Հոգեբուժական կամ խնամքի հաստատությունները մարդու իրավունքներին հակասող մոդելներ են, այնտեղ գտնվելը արդեն իսկ բերում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ոտնահարմանը. անձը մեկուսանում է հասարակությունից, մինչդեռ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը կարգավորում է նաեւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ կապված իրավահարաբերությունները, սահմանում է, որ չպետք է անձին մեկուսացնել համայնքից, այլ ընդհակառակը, պետությունը պետք է համայնքում ներառվելու հնարավորություն ապահովի նրանց»,- ասում է Մարիետա Թեմուրյանը:

Ծրագրեր, որոնք չեն հասնում իրենց նպատակին

2013-2017 թթ.-ին ոլորտի բարելավման համար մշակվել էր հայեցակարգ, որին զուգահեռ կար նաև 2014-2019 թթ.-ին հոգեկան առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված ռազմավարություն: Հայեցակարգի հիմքում համայնքային ծառայությունների ներդրումն էր: Եւ՛ ռազմավարության, եւ՛ հայեցակարգի շրջանակներում 2016 թ.-ին ներդրվել է մեկ ծառայություն՝ Սպիտակի խնամքի տունը: Դրանից հետո որևէ ծառայություն չի ներդրվել, եւ 2022 թ.-ին հոգեկան առողջության պահպանման ու բարելավման նոր ծրագիր է մշակվել, որը նախատեսում է համայնքահենք այլընտրանքային ծառայությունների իրականացում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ցերեկային կենտրոններում իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ՝ ուղղված նրանց սոցիալական ներառմանը եւ անկախ կյանքի հմտությունների ձեւավորմանը: 11 ցերեկային կենտրոններում ամսական ծառայություններ են մատուցվում 445 անձանց: Միաժամանակ կազմակերպվում է հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում մտավոր եւ  հոգեկան խնդիրներ ունեցող) շուրջօրյա խնամքը 5 փոքր խմբային տներում:

«Թեև կառավարությունը որոշակի աշխատանքներ է իրականացնում հաստատությունների պայմանները բարելավելու նպատակով, օրինակ, վերանորոգում է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը, բայց ճիշտ ուղղությամբ առաջ չենք գնում։ Հաստատությունների վերանորոգման փոխարեն անհրաժեշտ է իրավունքահեն ծառայություններ ներդնել, գնալ ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և ապակենտրոնացման ուղղությամբ, որպեսզի անձը կարողանա ստանալ այդ ծառայությունները իր համայնքում՝ առանց մեկուսացման եւ հնարավորություն ունենա ընտրելու՝ որ ծառայությունից է ցանկանում օգտվել»,- ասում է Մարիետա Թեմուրյանը:

«Մենք ունենք նվաճումներ. 1913 թվականին 15 մահճակալի, 1919 թ.-ին՝ 25 մահճակալի, 1923 թվականին՝ 30 մահճակալի փոխարեն մենք արդեն ունենք 75 մահճակալ: Լավ է հիվանդների սնունդը. նրանց սննդի համար թողնված գումարը համապատասխանում է բոլոր հիվանդանոցների համար սահմանված նորմային:Բարելավվել է հիվանդների բուժելու եւ խնամելու գործը, կրկնապատկվել է սանիտարների եւ բուժակների թիվը. ավելացել են բժիշկները՝ 1913 թ.-ի հոկտեմբերից ունենք 3 բժիշկ»,- գրել է «Գ ՐՈ»-ն:

«Ես հաճախ եմ ասում՝ հոգեկան առողջության պահպանման ոլորտում ինչ աշխատանքներ էլ տարվեն, բավարար չեն, որովհետեւ ոլորտը շատ արագ զարգացող ու փոփոխվող է։ Նախարարությունը (հեղ. ՀՀ Առողջապահության) բավարար աշխատանքներ անում է եւ շարունակելու է անել, բայց միայն նախարարության ջանքերով ոչ մի հարց չի լուծվի, որովհետեւ հոգեկան առողջությունը ոչ միայն առողջապահական ոլորտ է, այլեւ սոցիալական. հասարակությունն ու պետությունը միասնաբար պետք է գործեն՝ առաջին հերթին հոգեկան առողջության հետ կապված խարանը կոտրելու ուղղությամբ»,- ասում է հոգեբույժ Գեւորգ Փաշիկյանը։

Առողջապահության նախարարի հրամանով՝ հաստատվել է ծրագիր, որը ուղղված է լինելու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Այն մի քանի ուղղությամբ է՝ իրազեկվածություն, օրենսդրական բարեփոխումներ եւ այլն: 

«Եթե արդյունավետ իրականացվեն այդ գործողությունները, ապա այս ոլորտում կունենանք առաջընթաց: Հարցը նրանում է, թե արդյոք դրանք արդյունավետ կիրականացվեն»,- ասում է Մարիետա Թեմուրյանը:

Վերջին տարիներին որոշակի գործողություններ են իրականացվում առողջության պահպանման առաջնային օղակի՝ ընտանեկան բժիշկների, թերապեւտների կարողությունների զարգացման ուղղությամբ, որպեսզի կարողանան ճանաչել հոգեկան առողջության խնդիրը եւ անձին ուղղորդեն համապատասխան մասնագետի մոտ, տրամադրեն անհրաժեշտ աջակցություն: 

«Աշխարհը եկել է այն եզրակացությանը, որ պետք է լինեն հոգեկան առողջության պահպանման կենտրոններ, հոգեբուժական կլինիկաներ, բայց միեւնույն ժամանակ պետք է աշխատել այնպես անել, որ անձինք չհասնեն այդ ծառայությանը։ Այսինքն՝ նրանց օգնություն է պետք տրամադրել ավելի շուտ տեղամասային կամ ընտանեկան բժշկի մոտ»,- ասում է հոգեբույժ Գեւորգ Փաշիկյանը:

 

Կլիշեներ եւ ոտնահարվող իրավունքներ

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ոտնահարումը առավելապես ոչ հոժարակամ բուժման և հոսպիտալացման դեպքերի հետ է կապված: Օրենսդրությամբ հնարավորություն է ընձեռնվում ոչ հոժարակամ հոսպիտալացնելու և դատարանի համապատասխման որոշման դեպքում՝ բուժման ենթարկելու անձին: 

«Թեև օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, բայց դա հակասում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիային, որը Հայաստանը վավերացրել է: Այս խնդիրը կարող է հաղթահարվել այլընտրանքնային տարբեր մեխանիզմների ներդրմամբ»,- ասում է Մարիետա Թեմուրյանը:

«Երբ խոսում ենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ վարվեցողության մասին, պիտի հասկանանք՝ նրանց հետ պետք է վարվել այնպես, ինչպես առողջ մարդու հետ ենք վարվում։ Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք նրանք կարող են վտանգավոր լինել, միանշանակ պատասխան չկա այս հարցին, որովհետեւ ե՛ւ առողջ վիճակում գտնվող մարդը, ե՛ւ հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող անձը կարող են հասարակության համար վտանգավոր լինել հավասարապես։ Դրա համար պետք չէ թիրախավորել հե՛նց հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, որովհետեւ առանց այդ էլ ոլորտը խարանավորված ու թիրախավորված է»,- ասում է հոգեբույժ Գեւորգ Փաշիկյանը:

Հասարակությունում տարածված կարծրատիպերից մեկն այն է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք նույնիսկ բուժվելուց հետո չեն կարող զբաղեցնել պաշտոններ։ 

«Եթե անձը դեպրեսիա ունենալու համար դիմել է հոգեբույժի կամ հոգեկան առողջության պահպանման կենտրոն, եւ բուժում է ստացել ու դուրս եկել, ի՞նչը կարող է խանգարել նրան զբաղեցնել բարձր պաշտոն։ Անգամ եթե առաջի-ն հայացքից ծանր հոգեախտաբանական նշաններ ենք տեսնում՝ ցնորք, զառանցանք կամ ագրեսիվ վարքագիծ, կարող է լինել անցողիկ վիճակ, որը կարելի է բուժել եւ կարգավորել։ Ասեմ ավելին՝ նույնիսկ քրոնիկական ընթացք ունեցող շատ հիվանդությունների ժամանակ անձը կարող է զբաղեցնել պատասխանատու պաշտոն եւ շատ լավ դրսեւորել իրեն»,- ասում է հոգեբույժը։

«Վախ բռնողների» մոտից դեպի հոսպիտալացում եւ ստացիոնար բուժում

«Սիսիանի շրջանի առողջապահության բաժնի խնդրանքով եւ հայկական ՍՍՌ Առողջապահության մինիստրության առաջարկով՝ հոգեբույժ Ա. Ղարիբջանանը մեկնեց Սիսիան՝ քաղաքացուհի Ա.-ին մասնագիտացված օգնություն ցույց տալու համար: Հիվանդը ծննդաբերելուց հետո հոգեկան խանգարում էր ստացել: Շտապ կարգով տեղ հասած հոգեբույժը հիվանդին գտավ ոչ հիվանդանոցում եւ ոչ էլ տանը, այլ հարեւան գյուղում՝ մոլլայի մոտ՝ խոնավ հատակին պառկած»,- 1958 թ.-ին գրել է Հայկական ՍՍՌ Առողջապահության «մինիստրության» գլխավոր հոգեբույժ, դոցենտ Գարեգին Աղբալյանը:

«Երբ մարդիկ չեն հասկանում՝ իրենց հարազատի հետ ինչ է կատարվում, փորձում են նրան օգնել տարբեր միջոցներով։ Շատ են լինում դեպքեր, երբ պացիենտի հարազատները ասում են. «Ինչ ասես արեցինք այս մարդու համար, տարանք «վախ բռնողի մոտ», բայց ոչ մի բան չի օգնում»: Եղել են դեպքեր, որ ասել են. «վախ բռնողի մոտ տարանք, որոշ ժամանակ կարգավորվել էր», ինչը միգուցե համընկել է, պարզ է՝ դա բուժման ձեւ չէ, այլ ընդհակառակը՝ կարող է ավելի ծանրացնել հոգեկան խնդիրը»,- ասում է հոգեբույժ Գեւորգ Փաշիկյանը:

Անձի մոտ հոգեկան խանգարման ախտորոշումը իրականացվում է՝ օգտվելով ընդունված դասակարգիչից։ Ընդ որում հոգեկան առողջության խանգարումը վերաբերում է տվյալ պահին. հաջորդ պահին կարող է անձը չունենալ այլեւս դա։ 

Հոսպիտալացումը կատարվում է երեք դեպքում։ Առաջինը, երբ անհետաձգելի հոսպիտալացման կարիք կա. անձը չի կարող առանց ստացիոնար բուժման։ Երկրորդը օրենքով նախատեսված դեպքերն են, օրինակ՝ դատարանի որոշմամբ հարկադիր բուժումը կամ փորձաքննությունը։ Եւ երրորդը մասնագիտացված խնամքն է, երբ անձին անհրաժեշտ է երկարաժամկետ մասնագիտացված խնամք։ 

«Իհարկե, ցանկալի չէ, որ խնամքի կարիք ունեցող պացիենտները հոսպիտալացվեն հոգեբուժական կլինիկաներում, բայց այս պահի դրությամբ ուրիշ տեղ չկա, որտեղ նրանք կարող են գտնվել։ Նրանք չունեն որեւէ հարազատ կամ բարեկամ, որ նրանց խնամքով կզբաղվի»,- ասում է Գեւորգ Փաշիկյանը։ 

«Դիսպանսերների հիմնական խնդիրներից է ժամանակին հայտնաբերել և բուժել հոգեկան հիվանդությամբ տառապողներին: Սա շատ կարեւոր հարց է, քանի որ հոգեկան հիվանդների բուժման արդյունավետությունը կախված է հիվանդության վաղ շրջանում բուժումը կազմակերպելուց: Սակայն 1947-1954 թթ. Երեւանի հոգեներվաբանական հիվանդանոցում բուժված ավելի քան 600 շիզոֆրենիկների հիվանդության նկարագիրների ուսումնասիրությունը վկայում է, որ այդ գործը վատ է կազմակերպված՝ հիվանդներն ուշ են հոսպիտալացվում»,- գրել է Գարեգին Աղբալյանը:

Կան դեպքեր՝ սոցիալական վտանգավորության հետ կապված, երբ ոստիկանությունը, նախնական պատկերացում կազմելով, թե հնարավոր է՝ անձը ունենա հոգեկան առողջության խնդիր, որի հետեւանքով հասարակական կարգը խախտվի, կարող է անձին տեղափոխել հոգեբուժական կենտրոն՝ հոգեբույժի կողմից զննվելու։ 

«Եթե հոգեբույժը գտնում է, որ կարիք կա անձին ստացիոնար բուժում նշանակելու, կատարում է դա կամ չի կատարում։ Ամենակարեւորը անձի համաձայնությունն է»,- ասում է հոգեբույժը։ 

Բուժում ստանալուց հետո՝ որոշ ժամանակ անց, անձը կարող է վերադառնալ իր նախկին հոգեվիճակին, ինչին նպաստում են մի քանի հանգամանքներ։ 

«Օրինակ՝ կան հոգեկան առողջության խնդիրներ, որ ի սկզբանե ենթադրում են քրոնիկական ընթացք, այսինքն՝ ժամանակ առ ժամանակ անձի հոգեկան վիճակը սրվում է, եւ անհրաժեշտ է լինում դեղորայքային բուժում ստանալ։ 

Ազդում են նաեւ արտաքին գործոնները՝ ճգնաժամ, սթրես, վատ վերաբերմունք եւ այլն»,- բացատրում է հոգեբույժը։

Երբ անձը հասկանում է, որ իր մոտ տեւական ժամանակ կա հոգեկան անհավասարակշիռ վիճակ, եւ դրան հետեւում է իր նորմալ առօրյայի կամ աշխատանքային գործունեության խաթարումը, անպայման պետք է դիմի հոգեբույժի։

«Հասարակությունում բոլորը պետք է իմանան, որ ոչ մեկը հոգեկան առողջության խնդրից ապահովագրված չէ։ Եթե երեւում է՝ անձը ունի հոգեկան առողջական խնդիր, պետք է օգնել մարդուն, ոչ թե ուղղակի նայել «ուրիշ աչքով»,- ասում է Գեւորգ Փաշիկյանը։

Մանե Մնացականյան

Երջանիկ Հարությունյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest