Դոնալ Թրամփը վերադարձրեց 2016 թվականի ցնցող հաղթանակը՝ դառնալով Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը։ Առանցքային տատանվող նահանգների ընտրողների համոզմամբ՝ հենց Թրամփն է այն թեկնածուն, որը պետք է առաջնորդի գերտերությունը աշխարհի համար ոչ դյուրին այս ժամանակաշրջանում՝ Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի պատերազմների ֆոնին։
Դոնալդ Թրամփի հաղթանակի ուղին հարթ չէր՝ տարաձայնություններ Հանրապետական կուսակցության ներսում, իրավական խնդիրներ, որոնք ծագել էին դեռևս իր առաջին պաշտոնավարման ընթացքում, և ընդհուպ երկու մահափորձ քարոզարշավի ժամանակ:
Ընդամենը տասը տարի առաջ մեծ քաղաքականությունում հայտնված Թրամփը, սակայն, ոչ միայն չընկրկեց, այլև հետևողականորեն կոշտացրեց հռետորաբանությունը՝ բացեիբաց հայտարարելով, որ գալիս է գլխիվայր փոխելու Ամերիկան, որն, իր համոզմամբ, երբեմնի հզորը չէ՝ ոչ ներսից, ոչ էլ դրսում։
«Ես այստեղ եմ, որպեսզի ներկայացնեմ մի տեսլական, որ նախատեսված է մեր ողջ ժողովրդի համար՝ երիտասարդների և տարեցների, տղամարդկանց և կանանց, դեմոկրատների, հանրապետականների և անկախ հայացքներ ունեցողների, աֆրոամերիկացիների, սպիտակների, ասիացիների և իսպանախոսների համար։ Ես ձեզ եմ մեկնում իմ ձեռքը՝ որպես հավատարմության և բարեկամության նշան։ Միասին մենք Ամերիկան կհասցնենք այնպիսի բարձունքների, որոնց ականատեսն աշխարհը մինչ օրս չի եղել», — հայտարարում էր հանրապետական թեկնածուն:
Նախագահական երկրորդ ժամկետը Թրամփը սկսում է 78 տարեկանում։ Ընդամենը մի քանի ամիս առաջ հենց տարիքային խնդիրներով պայմանավորված գործող նախագահ Ջո Բայդենը որոշեց լքել ընտրապայքարը՝ իր տեղը զիջելով փոխնախագահ Քամալա Հարիսին։ Ի դեպ, Ամերիկայի պատմության մեջ միայն մեկ նախագահի՝ Գրովեր Քլիվլենդին էր հաջողվել պաշտոնավարման մեկ ժամկետին հաջորդած քառամյա դադարից հետո վերադառնալ Սպիտակ տուն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: