Խոշոր տնտեսությունների համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և Բրազիլիան, ծրագրում են բաց թողնել կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի այս տարվա գագաթնաժողովը, որը հայտնի է որպես COP29 և տեղի է ունենալու Բաքվում, գրում է Reuters-ը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի մասնակցի COP29 կլիմայական գագաթնաժողովին՝ Բրյուսելում քաղաքական զարգացումների պատճառով։ Այս մասին Reuters-ին ասել է հանձնաժողովի խոսնակը։ «Հանձնաժողովը գտնվում է անցումային փուլում, և նախագահը, հետևաբար, կենտրոնանալու է իր ինստիտուցիոնալ պարտականությունների վրա»,- ասել է խոսնակը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս չի մեկնի միջոցառմանը , այս մասին լրատվամիջոցին հայտնել է Բայդենի վարչակազմի աղբյուրը։ COP29-ը սկսվում է նոյեմբերի 11-ին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից մի քանի օր անց: Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան էլ չեղարկել է իր ուղևորությունը COP29-ին անցած ամիս ստացած գլխի վնասվածքից հետո:
Չինաստանը, Ճապոնիան, Ավստրալիան և Մեքսիկան նույնպես բացակայում են COP29-ում առաջնորդների ելույթների ՄԱԿ-ի վերջին օրակարգից:
ԵՄ-ն գագաթնաժողովում ներկայացնելու են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և դաշինքի կլիմայական քաղաքականության ղեկավար Վոպկե Հոկստրան:
Հավելենք, որ ԱՄՆ պատվիրակությունը COP29-ում գլխավորելու է նախագահ Ջո Բայդենի կլիմայի միջազգային քաղաքականության գծով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: