Մինչ Երևանի քաղաքային իշխանությունը տրանսպորտի սակագների փոփոխությունը թանկացում չի համարում, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն «Առավելագույնը 100 դրամ» գրությամբ շապիկով ու պաստառներով մայրաքաղաքում ստորագրահավաք է սկսել։

«Փաստացի տրանսպորտից օգտվում են ստիպված մարդիկ, ովքեր այլ տարբերակ չունեն՝ ի տարբերություն այլ եվրոպական քաղաքների, որտեղ կարող է ապահովված մարդն իր մեկ կամ երկու մեքենան կանգնեցնել տանը, և ինքը սկսի երթևեկել ավտոբուսով կամ տրամվայով, որովհետև դա հարմար է, արագ և շատ ավելի էժան, քան մեքենայով։ Մեզ մոտ այդ տարբերակը չէ, այսինքն՝ դուրս է գալիս, որ տրանսպորտից օգտվում են այն մարդիկ, որոնք ֆինանսապես առանց այն էլ տարբեր խնդիրներ ունեն և չեն կարող իրենց թույլ տալ այդ փոխադրամիջոց։ Ուստի, սա մաքուր սոցիալական տրանսպորտ է դուրս գալիս», — ասաց Հայկ Մարությանը։

Հունվարի 1-ից միասնական տրանսպորտային համակարգի ներդրմամբ տրանսպորտի սակագները կփոխվեն. 90 րոպեանոց մեկանգամյա օգտագործման 300-ից մինչև տարեկան 90 հազար դրամ արժողությամբ փաթեթներ կլինեն: Կառաջարկվեն վճարման թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտերով տարբերակներ:

Նախկին քաղաքապետը տրանսպորտային միասնական փաթեթներին դեմ չէ, սակայն պահանջում է նախագծում մեկ փոփոխություն անել:

«Մենք ասում ենք՝ եթե այդ փաթեթները կան, եթե այդ փաթեթները մշակված են, ընդ որում վստահ ենք՝ ոչ մի թիվ, ոչ մի հաշվարկ դրա տակ չկա դրված, որովհետև երբ հարցրել ենք, ոչ մի հաշվարկ մեզ չեն տվել, ուղղակի հորինած թվեր են։ Այդ փաթեթները մենք առաջարկում ենք՝ թող մնան, այնուամենայնիվ ինչ-որ աշխատանք են կատարել, և միակ կետը, որ մենք ավելացնում ենք, մեկ ուղևորությունը 100 դրամով պետք է հասանելի լինի մարդկանց», — նշեց Հայկ Մարությանը։

Չնայած նոր համակարգի գործարկմանը երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, ավագանին այս հարցով որոշում դեռ չի կայացրել։

Իսկ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրահավաքը կշարունակի մինչև դեկտեմբերի 15-ը, որից հետո Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը արդյունքները կներկայացնի քաղաքային իշխանությանը՝ պահանջելով պահպանել մեկ ուղևորատոմսի համար 100 դրամ սակագինը:

Ազատություն ռադիոկայան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest