Օրերս վերաքննիչ դատարանի դատավորներ Գառնիկ Ստեփանյանը, Լուսինե Աբգարյանը, Վաչե Մարգարյանը, բավարարելով դատախազության բողոքը, մի արտառոց դատական ակտ կայացրեցին Վարդենիսի բնակիչներ Նարինե և Բագրատ Նալբանդյանների գործով։ Վերաքննիչ դատարանը որոշեց այն կրկին ուղարկել առաջին ատյանի դատարան, նոր քննության, այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանում այն արդեն քննվել էր 8 տարի և ավարտվել էր արդարացման դատավճռով։

Հիշեցնենք՝ 2004 թվականին Վարդենիսում տանջել, բռնության էին ենթարկել և սպանել էին 16-ամյա Սյուզաննա Սարգսյանին, մարմինն էլ նետել էին հորը։ Այն գտան մեկ շաբաթից։ Լուրեր էին տարածվում, որ սպանության մասնակիցներից է տեղի իրավապահներից մեկի որդին։ Բայց մեղադրեցին  Նալբանդյան ամուսիններին՝ Բագրատին և Նարինեին։ Նրանց ամբողջ ընտանիքը կալանավորվեց, խոշտանգվեց, նրանցից խոստովանական ցուցմունքներ պոկեցին։ Ամուսինները դատապարտվեցին երկարատև ազատազրկման։ Բագրատը նստեց 9 տարի, Նարինեն՝ 13։ Բայց 2015 թվականի մարտի 31–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ կայացրեց՝ բեկանել Նալբանդյանների վերաբերյալ դատավճիռները և ուղարկել նոր քննության։ ՄԻԵԴ–ը գտավ, որ Նալբանդյաններին եւ նրանց դստերը՝ Արեւիկին, խոշտանգել են, խախտել են նրանց արդար դատաքննության եւ դատական մարմիններում պաշտպանության իրավունքը: Եվրոպական դատարանի վճռով իրավունքների խախտման համար ամուսինները ստավացան  62 հազար եվրո փոխհատուցում, գործը ուղարկվեց նոր քննության, որը տեւեց 8 տարի։ Եւ ահա նոր դատական տեղապտույտ է սկսվում։

Նալբանդյանների շահերը ներկայացնող փաստաբան Մոնիկա Մարգարյանը, դեռ չի ստացել որոշումը և ծանոթ չէ դրա պատճառաբանական մասին։ Forrights.am–ի խնդրանքով մեկնաբանում է․ «Առաջին ատյանի դատարանը 8 տարի քննելուց հետո վերջապես արդարացման դատական ակտ կայացրեց։ Եւ հիմա այդ 8 տարվա քննությունը բավարար չեն համարել ու նորից զրոյից քննելու են։ Բոլոր դեպքերում հաշվի առնելով ՄԻԵԴ ի նախկինում կայացրած վճիռը, Նալբանդյան Նարիենի ու Բագրատի ցուցմունքները  անթուլատրելի ապացույցներ էին ու չէին կարող օգտագործվել, քանի որ դրանք խոշտանգումների հետևանքով 20 տարի առաջ կորզված ցուցմուքներ են։ Իսկ եթե այդ ինքնախոստովանական  ցուցմունքները դուրս են գալիս , ապա այս գործով այլ ապացույց չի մնում։ Հիմա հասկանալի չէ, թե նոր քննության գործն ուղարկելով, ինչ է փոխվելու։  20 տարի առաջ այն արդեն քննվել է, հետո 8 տարի շարունակ քննեցին ու նորից ուղարկում են նոր քննության։ Ո՞րն է իմաստը»։

Ըստ Մոնիկա Մարգարյանի, այս անիմաստ քննությունները մեկ նպատակ ունեն՝  ձգձգելու այս պատմությունը, «Ես կարծում եմ, որ դատարանին  ճնշել են, որ վերաքննիչ դատարանը հստակ պատվեր է ստացել, որ պետք է բեկանի առաջին ատյանի դատարանի դատական ակտը, ինչն ինքն իրենով եզակի դեպք է։ երկու մեղադրյալներն էլ երկարատև ազատազրկման են դատապարտվել, կրել են իրենց պատիժը։ մեկը՝ 13 տարի, մյուսը՝ 9, ու  ակնհայտ է, որ արդարացման դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո անարդար դատավարության զոհերը պետությունից փոխհատուցում են պահանջելու։ Բայց գործադիրը չի ցանկանում տալ այդ փոխհատուցումը, և դրա համար ձգձգում է։ Իհարկե, շատ կուզեին, որ դատարանները երկրորդ անգամ մեղադրական դատական ակտ կայացնեին։ Դրանով փոխհատուցման հարցը վերջնականապես կփակվեր, բայց այս ապացույցների պայմաններում վերաքննիչ դատարանը դա չի կարողացել անել և որոշել է բեկանել, ուղարկել առաջին ատյանի դատարան։ Այս ձգձգումները ձեռնտու են միայն գործադիրին, որը պարտավոր է, բայց չի ցանկանում փոխհատուցում տալ»։

Նշենք, որ ՄԻԵԴ որոշումից հետո Նալբանդյաններին ոստիկանների կողմից խոշտանգելու դեպքով հարուցվել էր քրեական գործ։ Նարինե Նալբանդյանը մատնանշել էր իրեն խոշտանգած ոստիկաններին, սակայն այս գործի քննությունը ձևական կարճ ընթացքից հետո կասեցվել էր։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest