Ծննդով ստեփանակերտցի 3 երեխաների միայնակ մայր Իվետա Եդիգարյանն Արցախում 20 տարի աշխատել է խանութում և տքնաջան աշխատանքով մեծացրել իր զավակներին։ 2020թ. որդին՝ Անտոնիոն, դպրոցն ավարտելուց հետո օգոստոսի 10-ից զորակոչվել և ծառայության է անցել  Ջրականի զորամասում։

«2020թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, իսկ որդիս Ջրականում էր՝ ընդամենը մեկ ամսվա ծառայող։ Անասելի ծանր ապրումների մեջ էի։ Իրավիճակն այնքան սրվեց, որ բոլորին հորդորեցին դուրս գալ Ստեփանակերտից։ Պատկերացնո՞ւմ եք, աղջիկներիս հետ Հայաստանից եկած կարտոֆիլ առաքող մեքենայով ենք ստիպված տեղափոխվել Երևան՝ մորքուրիս տուն։ Հաջորդ օրը որոշել էինք գնալ եկեղեցի՝ աղոթելու, որտեղից դուրս գալուց անմիջապես մեզ զանգեցին և տեղեկացրին, որ երեխաս վիրավորվել է։ Ճանապարհին չոքել եմ, սկսել լացել անզորությունից, բայց մի կերպ հավաքվեցի, որովհետև որդուս պիտի տեղափոխեին  Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն:Երբ տեսա երեխայիս՝ սևացած էր, վիրավոր փաթաթված…ծանր ապրումներ էին։ Տեղում բժիշկները նրան զննեցին, որ վիրահատեն,  սակայն  պարզվեց, որ միջամտությունը վտանգավոր կլինի։ Այդպես 5 օր պահեցին հիվանդանոցում և հետո ուղարկեցին Արցախ՝ ծառայության»,-հուզված ներկայացրեց 45-ամյա մայրը։

Անտոնիոն մեզ հետ ունեցած զրույցում տեղեկացրեց, որ 2020թ. հոկտեմբերի 3-ին էր վիրավորվել։ Ստացել է բեկորային վնասվածք՝ պարանոցի ձախ հատվածում, ողնաշարին մոտ։ Պարանոցի մոտ բեկորը կյանքին վտանգ սպառնացող այնպիսի հատվածում էր, որ բժիշկները չվիրահատեցին ու չհանեցին, այլ մշակեցին վերքը ու համապատասխան բժշկական միջամտությունից հետո դուրս գրեցին հիվանդանոցից։ Անտոնիոն 44-օրյա պատերազմի ընթացքում Մարտունու շրջանի պաշտպանական դիրքերում էր։

Ստորագրած հրադադարից հետո նոյեմբերին Իվետան աղջիկների հետ վերադարձավ Ստեփանակերտ։ Տղան շարունակեց զինվորական ծառայությունը՝ անտեսելով վնասվածք ստանալու հանգամանքը։ Զորացրվելուց հետո Անտոնիոն ծառայության է անցել Արցախի ԱԱԾ-ում և կրթությունը շարունակել Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի իրավագիտության հեռակա բաժնում։

2023թ. սեպտեմբերի 19-ին Անտոնիոն կրկին մարտական դիրքերում էր՝ արդեն ԱԱԾ-ի շարքերում։ Շրջափակման ծանր օրերն էին։ Ստեփանակերտի խանութներն աստիճանաբար փակվում էին, քանի որ վաճառքի սննամթերք ընդհանրապես չկար։ Տիկին Իվետայի պարզաբանմամբ՝ օգոստոսի 2-ին փակվեց այն խանութը, որտեղ աշխատում էր։

«Սեպտեմբերի 19-ին տղաս դիրքերում էր։ Աղջիկներիս հետ տանը պատրաստվում էինք ճաշել, երբ սկսվեցին արկակոծությունները։ Բոլորը իջան նկուղ։ Սկզբից չէինք հավատում, որ կրկին պատերազմ է։ Բայց չդադարող ռազմական գործողությունները փաստեցին եղելությունը։ Կապերն ահավոր էին, չէինք կարողանում զանգել հարազատներին։ Խիստ անհանգիստ էի։ Տղայիցս լուր չունեի։ Չդադարող արկակոծություններն ու հարազատներից անտեղյակ լինելը սարսափելի անորոշ իրավիճակ էր ստեղծել։ Իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին ծննունդս էր։ Ու այդ օրվա լույս գիշերվա ժամը 3-ին տղաս վերջապես զանգեց, թե՝ «մամ ջան ծնունդդ շնորհավոր»։ Այդ դաժան պատերազմական իրականության մեջ լույսի շող զգացի»,-պատմեց մեր զրուցակիցը։

Բազմահազար արցախցիների պես նրանք նույնպես ստիպված եղան տեղահանվել։ Միայնակ կնոջ ընտանիքը ոչ վառելիք ուներ, ոչ էլ ավտոմեքենա։ Մի տղամարդ իր «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի մեջ տեղ տվեց, որ նրանք տեղավորվեն։ Տեղահանվել են սեպտեմբերի 28-ին։

«Հազիվ մի ձեռք շոր վերցրինք ու «ԿԱՄԱԶ»-ի մեջ տղայիս ու աղջիկներիս հետ անտանելի պայմաններով տարհանվեցինք։ Փառք Աստծո, հաղթահարեցինք երկօրյա տառապալից ճանապարհը և անցանք Հակարիի կամուրջը։ Արդեն Վայքում մեզ դիմավորեց հորքուրիս տղան ու տեղափոխեց Չարենցավան՝ իրենց տուն։ Հինգ ամիս իրենց հետ միասին ապրելուց հետո տեղափոխվեցինք վարձակալած բնակարան։ Տղաս չկարողացավ ուսման վարձավճարի պատճառով շարունակել ուսումը։ Պատերազմի ընթացքում ստացած վերքը ենթակա չէ վիրահատման՝ բեկորը պարանոցում է ու եղանակի սրացմանը զուգահեռ ցավեր է ունենում։ Հայաստանում մտադիր է նույնպես ծառայել ԱԱԾ-ի շարքերում, մասնակցել է հրավիրված հարցազրույցի, սակայն դեկտեմբերից դեռ չեն պատասխանել։ Բայց փառք Աստծո, տղաս այժմ օգնում է ինձ բանջարեղենի խանութում»,-տեղեկացրեց Իվետան։

Չարենցավանում Իվետան սկսեց աշխատել տարբեր խանութներում։ Այժմ ինքն ու տղան բանջարեղենի մի խանութում աշխատում են, որ կարողանան տան վարձն ու կոմունալ վճարները և իրենց կենսական խնդիրները հազիվ լուծել։ Նա կարևորեց նաև բնակարային խնդիրը, որի մասով արցախցիներին առաջարկվող ծրագրով հնարավոր չհամարեց բնակարան ձեռք բերելը։ Միայնակ կինն ընտանիքի կարիքները հոգալու համար ամեն օր ժամը 8-ից մինչև ուշ երեկո կատարում է ծանր աշխատանքներ։ Նրա ձեռքերը սևացել ու ճաքճքել են, իսկ աջ ձեռքը ծանր աշխատանքի հետևանքով վնասվել էր ու երկար ժամանակ  բուժումներ էր ընդունում։ Կինը շարունակում է դիմակայել խնդիրներին՝ Արցախ վերադառնալու հույսը երբեք չկորցնելով։

Զառա Մայիլյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Pin It on Pinterest