Հայաստանի Զինված ուժերում կարդային լրջագույն խնդիրներ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Կադրային խնդիրների մասին ուշագրավ հայտարարությունը հոկտեմբերի 31-ին խորհրդարանում արել է ԱԺ իշխանական ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Հայաստանի զինված ուժերում կադրային ռեսուրսներում համալրման գործընթացում բավական խնդիրներ կան։ Մենք այդ խնդիրները հերթով լուծելով առաջ ենք գնում։ Բոլոր զորամասերում կան կադրային բնույթի խնդիրներ։ Այս օրենքը վերաբերվում է այն զորամասերին որտեղ կան կադրային ռեսուրսի համալրման հրատապ խնդիրներ։ Այո՛, զորամասեր կան, որտեղ համալրումը հրատապ բնույթ են կրում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Արմեն Խաչատրյանը։
Ազգային ժողովը հրատապ կարգով է քննարկել ու ընդունել է իշխանական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի ու Արմեն Խաչատրյանի առաջարկած նախագիծը, որը, ըստ նրանց սահմանամերձ ու հատուկ կարևորության ուղղություններով զորամասերում զինծառայությունը գրավիչ կդարձնի։
Ազգային ժողովի իշխանական պատգամավորներն առաջարկում են զինծառայողների կենսաթոշակը պահպանել։ Գործող օրենքով` զինվորական ծառայության անցնելու կամ վերադառնալու դեպքում, որոշ բացառություններով, դադարեցվում է երկարամյա կենսաթոշակը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ էր մասնակցում նիստին։ Նա մինչ նիստերի դահլիճ մտնելը հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին։
«Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել Զինված ուժերի կարևոր ուղղություններում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է սահմանային զորամասերին և կարևորություն ունեցող հատուկ զորամասերին, օրինակ՝ տարբեր զորատեսակներին: Օրինակ կարող ենք բերել անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ զորամասեր: Մեզ համար մեծ կարևորություն ունեն կապի ոլորտի, հակաօդային պաշտպանության, հետախուզության, այսինքն՝ մարդիկ, ովքեր ունեն գիտելիք, փորձ և արագ կարող են համալրել Զինված ուժերի շարքերը ու իրենց նպաստը բերել», — հայտարարեց պաշտպանության նախարարը:
Այս արտոնությունը բոլոր զորամասերում չի կիրառվելու։ Ցանկը կսահմանի Պաշտպանության նախարարությունը։ Պատգամավոր Արմեն Խաչատրյանը մանրամասնեց՝ այդ զորամասերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքը փոխգնդապետից բարձր չի գործի։
Խորհրդարանի ընդդիմադիրներին հետաքրքրում էր բանակում հրատապ լուծման կարիք ունեցող այլ հարցերի պատասխաններ ևս։ Մասնավորապես, «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանն անդրադարձավ խաղաղ պայմաններում գրանցվող մահերին։
«Մահերի թվերի խառնաշփոթ կա․ Պաշտպանության նախարարությունն ու գլխավոր դատախազությունը տարբեր թվեր են հրապարակել։ Դուք ունեք վերլուծություն, թե ինչու է բանակում զոհերի թիվը տարեց տարի ավելանում և հստակ ասեք՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում դրա դեմ»,-հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր դեպք մեծ կորուստ է, թե ընտանիքի համար, թե հայրենիքի։
Հիշեցնենք՝ 2024 թվականի մինչ այս ժամանակահատվածը բանակում գրանցվել է մահվան 32 դեպք, ոչ մարտական պայմաններում։
Սուրեն Պապիկյանը խուսափեց պատասխանել, թե ինչ է անում, որ այս ողբերգական թվերի աճը կանգնի։ Փոխարենն աննախադեպ պատասխան տվեց, որը մինչ այս դեռ չէր հնչեցրել որևէ պաշտպանության նախարար։ «Զինված ուժերի ոչ մարտական կորուստների մեջ գրանցվում են նաև մարդիկ, որոնք քաղաքացիական կյանքում՝ տանը, ճանապարհին գտնվելով կարող է տարբեր միջադեպքերի արդյունքում արձանագրվել մահ։ Այն ինչ կարող է լինել սփեական մեքենան վարելիս, աշխատանքի գնալիս, հարսանիք գնալիս․․․Մեր մարտահրավերը ինքնասպանությունները, ինքնասպությունների հասցնելու և սպանությունների դեպքերն են, որի համար էական աշխատանք է տարվում»,-ասաց Պապիկյանը՝ նշելով, որ խնդրի լուծման կարևոր հարցերից է բանակը որակյալ սպաներով համալրելը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ նախարարի ուշադրությունը հրավիրում է այն հարցի վրա, որ բացի «Զինուժ» հաղորդումը, Զինված ուժերի հեղինակության բարձրացման կոնկրետ հասարակական գործողություն չկա։
«Առավոտից գիշեր չստիկով ճանճ սատկացնելու կամ ձվածեղի փառատոն են անում, բայց Հայոց բանակի ստեղծման օրը սահմանափակվում են նախագահականում պարգևատրման արարողություններով»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ մեր բանակի նկատմամբ ամեն անզգույշ արտահայտություն հեղինակազրկման փորձ է։
«Վերջինը` ամենաաղաղակողը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանինն էր, որը սահմանազատումը փորձեց արդարացնել, թե մեր բանակը թույլ է, մենք չենք կարող հակառակորդի դեմ կանգնել։ Սրանից հետո Զինված ուժերի նոր համալրման ծրագիր հնարավո՞ր է, թե՞ ոչ», — հայտարարեց Մանուկյանը։
Սուրեն Պապիկյանը, որ Ազգային ժողովում շրջում էր թիկնապահներով հնարավորություն չստեղծեց լրագրողի համար, որպեսզի խնդրահարույց թեմաներով հարցեր ուղղեն։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։