27-ամյա Քրիստինե Գաբրիելյանը իմ առաջին երեխային ունեցել է Արցախում՝ շրջափակման մեջ։ Այժմ նա սպասում է իր երկրորդ փոքրիկին։
«Երբ տղայիս փոքր ժամանակվա լուսանկարներն եմ նայում Արցախում, մտածում եմ՝ դու տեսել ես Ստեփանակերտը, տեսել ես մեր գյուղը՝ Ճարտարը, բայց իմ մյուս բալիկը չի տեսնելու։ Տեսնես մի օր կլինի՞,որ իրար հետ գնանք ու տեսնենք Արցախը… գոնե զբոսաշրջիկների պես»,- ասում է Քրիստինեն։
Գաբրիելյանը պատմում է, որ 2023-ին Լաչինի միջանցքը փակվել էր այն օրը, երբ իր ամուսինը մի քանի ժամով մեկնել էր Երեւան, ինչի հետեւանքո ինքը՝ գտնվելով հղիության վերջին ամսում, օրեր շարունակ հեռու է եղել ամուսնուց։
«Ամուսինս մեր քավորի հետ գնացել էին Երեւան, ապրանք բերելու։ Հետ գալիս ճանապարհը փակվեց։ Այսինքն առավոտյան գնացին, մի քանի ժամից հետ էի գալիս, բայց ճանապարհն արդեն փակ էր։ Նախ կարծեցի, որ մի քանի ժամից կգա, հետո՝ որ մի քանի օրից։ Այդպես օրեր անցան, բայց ճանապարհը չէր բացվում։ Ամսի 20-ին Ցորի մեքենաների հետ գիշերը հասավ տուն։ 16 օր հետո երեխան ծնվեց»,- հիշում է կինը։
Նրա խոսքով, շրջափակման ամիսներին ամենադժվարը փոքր երեխայի հոգսերը հոգալն էր. «Լավ էր, որ հիվանդանոցի մոտ էինք ապրում, այսինքն հիվանդանոց տանել-բերելը հեշտ էր, բայց ուտելիքի հետ կապված խնդիր կար։ Երբ վեց ամսականից հետո երեխան պետք է սկսեր լիարժեք ուտելիք ստանալ, շատ դժվար էր բան գտնելը։ Միրգ, բանջարեղեն, կաթնամթերք գտնելը դժվար էր։ Դդում էր ուտում, եփած կարտոֆիլ… »։
«Ամսի 19-ը լավ եմ հիշում։ Երեխային նոր էի քնացրել, սենյակի դուռը փակեցի ու ռմբակոծությունը սկսվեց։ Երեխային գրկեցի իջանք նկուղ, ամուսինս պոստում էր, սկեսրայրս առաջին կարգի հաշմանդամ է, սկեսուրս նրան օգնեց, իրենք էլ իջան նկուղ։ Ամուսինս էլ, եղբայրս էլ պոստերում էին, երկու օր հետո միայն կարողացան կապվել մեզ հետ։ Երկուսն էլ շրջափակման մեջ են եղել։ Մերոնք էլ գյուղից էին հազիվ փախել, եկան մեզ մոտ։ Նրանք դուրս են եկել, թուրքերը մտել են մեր գյուղ»,- հիշում է Քրիստինեն։
Երկու օր բռնի տեղահանության ճանապարհին գտնվելու հետեւանքով Քրիստինեի ութ ամսական փոքրիկը հիվանդացել է.«Ճանապարհին էինք, երբ բենզալցակայանի պայթյունը եղավ եւ Շտապ օգնության մեքենաներ սկսեցին անցնել, որ արագ հասնեն, ու ճանապարհի մեքենաները սկսեցին ճանապարհը բացել։ Երեխան անընդհատ լացում էր։ Ոչ կարողանում էի դուրս հանեի մեքենայից՝ անձրեւ էր, ցուրտ էր, ոչ մեքենայի մեջ էր մնում, նեղ մեքենա էր։ Մինչեւ հասանք Գորիս, երեխան արդեն ջերմում էր։ Եկանք Հանքավան, այնտեղ հին շենք էր, ցուրտ էր, 15 օր հետո գնացինք Գյումրի, այնտեղ հիվանդանոցում երեխային դեղեր տվեցին, սրսկում արեցին, հազիվ սկսեց ուշքի գալ։ Այդ ժամանակվանից մինչեւ հիմա երեխան նորմալ չի ուտում ու ահավոր նիհարել է»։
Արցախից բռնի տեղահանված 9 հոգանոց ընտանիքն այժմ վարձակալությամբ ապրում է Կոտայքի մարզի Արամուս գյուղում։
Անի Գևորգյան
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։