Մեկ տարի է անցել արցախցիների հայրենազրկումից եւ բռնի տեղահանումից հետո։ Հենց առաջին օրերիից ՀՀ Կառավարությունը սկսեց ծրագրեր առաջարկել, որից ամենաէֆեկտիվը թերեւս 50+10 հազ․ ֆինանսական աջակցույունն է։ Ի շնորհիվ ուղիղ ֆինանսավորման այս ծրագրի հազարավոր մարդիկ կարողացել են գոյատեւել։ Թեկուզ ակնյհայտ է, որ այդ ֆինանսների մեծ մասը նույն օրը փոխանցվում է բնակարային գները մինչեւ երկինք բարձրացրած Հայաստանի տանտերերին։ Այնինչ եթե պետությունը նույնքան գումար ներդներ սոցիալական ավաններ կառուցելու մեջ եւ սանձեր տանտերերին, էֆեկտը ավելի մեծ կլիներ։
Մնացած պետական ծրագրերը ավելի շատ համակարգչային խաղեր են հիշեցնում․ կարծես նպատակը ոչ թե մարդկանց օգնելն է, այլ «թույն» ծրագիր գրելը։ Որպես պարզ օրինակ կարելի է բերել արցախցիների զբաղվածության աջակցության ծրագիրը, որն իրենից բարդ մի համակարգ է ներկայացնում եւ ենթադրում է հաշվետվությունների եւ տվյալների խուճուճ գործընթաց։ Պետությունը փող է փոխանցում գործատուին, որը համաձայն է արցախցիներին գործի ընդունել, նրան ազատում է հարկից, բայց չի պարտադրում մշտական գործ ապահովել։
Արդյունքում այդպես էլ չիմացանք, թե քանի արցախցի է այս ծրագրով աշխատանքի ընդունվել եւ ինչքան գումար է պետությունը փոխանցել․․․ գործատուին։ Այս ամենի մեջ կա բավական թափանցիկ կոռուպցիոն ռիսկ։ Չնայած, ծրագրերի ի սկզբանե անկիրառելի լինելը գնահատվում է կամ որպես դիլետանտության, կամ միտումնավորության արդյունք, կոռուպցիոն բաղադրիչը առավել ակնհայտ է։
Եւ ամենամեծ կոռուպցիոն ռիսկը թաքնված է արցախցիներին բնակարանային ապահովման ծրագրի մեջ։ ՀՀ իշխանության ներկայացուցիչները միջազգային բոլոր հանդիպումների ժամանակ կոչ են անում սատարել արցախցի փախստականների բնակարանային ապահովման ծրագրին։ Հայտարարություններ են հնչում առանձին երկրների եւ կառույցների կողմից այդ ծրագրի համար միլիոնավոր դոլար եւ եվրո տրամադրելու մասին։ Գումարները փոխանցվում են ՀՀ Կառավարության հաշվին, եւ քանի որ մինչ օրս բնակարանային 30 սերտիֆիկատ է տրամադրվել, հարց է առաջանում, ո՞ւր են տրամադրված գումարները։ Արդյո՞ք նրանք չեն օգտագործվում այլ նպատակների համար կամ կարճաժամկետ դեպոզիտով չեն ներդրվում շվեյցարական բանկ։
Եւ ամենագլխավոր հարցը՝ արդյո՞ք ծրագրերի «անփութությունը», անբնական խոչընդոտներն ու պայմանները միտված չեն նրան, որ հավաքված գումարները ոչ թե արցախցիների կարիքներին ծառայեն, այլ ինքչքան հնարավոր է երկար կոռուպցիոն սխեմաներով օգտագործեն։
Այս մի տարվա ընթացքում կառավարությունը ոչինչ չի արել, որպեսզի փարատի կոռուպցիոն ռիսկերի մասին կասկածները։ Չկա առանձին հիմնադրամ, որտեղ կկուտակվեին արցախցիների համար նախատեսված պետական եւ դոնորների կողմից տրամադրված գումարները։ Դա թույլ կտար վերահսկել եւ մուտքերը, եւ ծախսեչը, եւ արդյունավետ օգտագործել ամեն մի դրամ։ Չկա նաեւմիասնական հարթակ, որտեղ կարելի էր հետեւել գումարների հոսքին եւ ծրագրերի ընթացքին։
Համապատասխանաբար՝ չկա Հոգեբարձուների կամ այլ խորհուրդ, որը եւ կորոշի առաջնահերթությունները, մոնիթորինգ կանի եւ վստահություն կառաջացնի։
ՀՀ կառավարությունը տապալել է բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագիրը, ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրին դիմողների թիվը, որ ընդամենը մոտ 30 ընտանիք է, վկայում է կառավարության ծրագրի ձախողման մասին։ Արդեն երկրորդ ձմեռն են այդ մարդիկ դիմավորում առանց կացարանի։ Եթե կառավարությունը մի ծրագիր է իրականացնում 100.000–ից ավելի անձանց համար, բայց դիմում է մի քանի տասնյակ մարդ, նշանակում է ծրագրի հետ մի բան այն չէ »,–ասաց նա։
Իր հերթին Արցախ Միություն / Artsakh Unionը պատրաստել և հրապարակել է զեկույց ու առաջարկություններ բռնի տեղահանված արցախցիների համար ՀՀ կառավարության բնակարանային ծրագրի վերաբերյալ։
Զեկույցում եւս նշվում է ցածր դիմելիությունն, այն, որ գործող ծրագրով հաշվի չի առնվում բնակարանների շուկայական գների իրական պատկերը, որ շատ շահառուներ դժվարություններ ունեն լրացուցիչ հիփոթեքային վարկեր ստանալու հարցում։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը խոստովանել է, որ բնակարանային ծրագրում կան խնդիրներ, եւ հիմա նրանք դիտարկվում են։ Սակայն պետք է նկատել, որ գլխավոր խնդիրը՝ ծրագրերի ոչ թափանցիկ լինելն է, ինչը անվստահություն է առաջացնում, ոչ միայն շահառուների, այլև դոնորների մոտ։ Չէ՞ որ եթե գումարը կա, բայց ծրագրերը տապալվել են, հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր են փողերը։
Նաիրա Հայրումյան