Վաշինգտոնը դատապարտում է Վրաստանում հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններին տեղի ունեցած միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում միջազգային, տեղական դիտորդների կոչերին՝ խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումների պետք է ամբողջությամբ հետաքննվեն։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, վկայակոչելով միջազգային դիտորդների հաղորդումները, մասնավորապես, շեշտել է՝ ընտրություններն անցել են անհավասար մրցակցային պայմաններում, ընտրողների ահաբեկմամբ, իշխող կուսակցության կողմից եղել է հանրային ռեսուրսի չարաշահում։

Շեշտելով, որ միջազգային դիտորդները ընտրություններն ազատ ու արդար չեն համարել՝ Բլինքենը կոչ է արել Վրաստանի իշխանություններին հարգել օրենքի գերակայությունը։

«Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում ենք արձանագրված խախտումների լիարժեք հետաքննության վերաբերյալ միջազգային և տեղական դիտորդների կոչերին», — ասված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում։

Բլինքենը միևնույն ժամանակ ընդգծել է՝ Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման նպատակները, որոնք ամրագրված են երկրի Սահմանադրությամբ, կառավարությունից պահանջում են հարգել քաղաքացիական հասարակության անդամների իրավունքները և Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար ազատությունները:

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրություններին 12 տարի իշխանության ղեկին գտնվող ռուսամետ «Վրացական երազանք»-ը հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը։ Ընտրությունների ընթացքում իրավապաշտպաններն ու լրատվամիջոցները բազմաթիվ խախտումների մասին են հաղորդել՝ նշելով, որ ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ։ Անցողիկ շեմը հաղթահարել են 4 ընդդիմադիր կուսակցություններ, սակայն նրանցից 3-ը հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Քվեարկության արդյունքները չի ընդունում նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest