Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են Ստեփանակերտում տարեց կնոջ մահվան մասին։

Արդյոք 70-ամյա Վերա Աղասյանի մարմինը կտեղափոխվի՞ Հայաստան, Կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին միայն նշեց, որ իրենք հիմա կապի մեջ են Հայաստանում գտնվող հարազատների հետ, պատրաստակամություն են հայտնել աջակցելու հետագա քայլերի հարցում։

Ստեփանակերում մնացած կնոջ մահվան մասին հայտնի դարձավ երեկ: Ադրբեջանական APA գործակալությունը հայտնել էր, որ 70-ամյա Վերա Աղասյանը մահացել հոկտեմբերի 20-ին։ Որպես մահվան պատճառ նշվում են առողջական խնդիրները։

Վերա Աղասյանի հարազատները պատրաստվում են դիմել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի կնոջ մարմինը Հայաստանում հուղարկավորեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Վերա Աղասյանի 32-ամյա  դուստրը՝ նշելով, որ Վերա Աղասյանը 4 զավակ ունի, սակայն իրենց չի հաջողվել համոզել նրան ու Հայաստան բերել։

«Մայրս գյուղում էր ապրում։ Պատերազմի ժամանակ ես՝ երեք անչափահաս երեխաներիս հետ տեղափոխվեցի Հայաստան, չգիտեի, որ մայրս այնտեղ է մնացել։ Հետո անընդհատ համոզում էի իրեն, որ գար Հայաստան, սակայն նա չէր ցանկանում։ Մայրս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ։

Մի քանի անգամ նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եմ դիմել, սակայն ասել են, որ չեն կարող բռնի ուժով բերել մայրիկիս, եթե նա չի ցանկանում։ Վերջին վեց ամիսների ընթացքում մայրիկիս հետ զրուցել չի ստացվել։ Ես անգամ չգիտեի, որ նա հիվանդ էր։ Մի քանի օր առաջ մահվան մասին իմացա։ Պատրաստվում եմ դիմել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի մայրիկիս մարմինը Հայաստան բերեն ու կարողանանք այստեղ հուղարկավորել»,–պատմեց Վերա Աղասյանի դուստրը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest