Հոկտեմբերի 9–ին Արմավիրի107 թաղամասի բնակիչ Նարինե Հունանյանին ոստիկանությունը գիշերով  խցկել է շտապօգնության մեքենան եւ տարել Նուբարաշենի հոգեբուժարան։

Նարինե Հունանյանը Forrights.am–ին հայտնեց, որ իր հարեւանների հետ վաղուց է կոնֆլիկտներ ունեցել տարածքի թափառող կենդանիներին կերակրելու առիթով։ Մի օր արթնացել է ու հրազենով կրակված շուն է հայտնաբերել, ապա հաղորդում է գրել ոստիկանություն։

«Մի երկու օր անց ինձ զանգեցին, ասեցին, որ նորություն ունեմ, գնամ իրենց մոտ,  ես գնացի ու այնտեղ տեսա մի 10 ստիկաններ, որոնք ասեցին, որ բողոքներ ունեն Արմավիրի բնակիչներից, ու ինձ պետք է տեղափոխեն հոգեբուժարան», – պատմում է Նարինե Հունանյանը։

«Նուբարաշենի» հոգեբուժարանում կնոջը երկար չեն պահել։ Նույն օրը երեկոյան հոգեբուժարանի տնօրինությունը հանձնաժողով է հավաքել, ստացել է բացասական եզրակացություն տիկնոջ հոգեկան հիվանդ լինել–չլինելու վերաբերյալ և նույն գիշերը բաց թողել նրան տուն։ Մի երկու օրից Նարինե Հունանյանին նոր անակնկալ է սպասել բակում՝ շան ձագեր, որոնց իր հարևանները նետել են կոյուղու հորը։

Մենք պարզաբանում էինք խնդրել ՆԳ նախարարությունից դեպքի կապակցությամբ, ինչ իրավունքով են ոստիկանները բնակչին, որը երբևիցե չի եղել հաշվառման մեջ, նրա կամքին հակառակ խաբեությամբ առևանգել ու տարել հոգեբուժարան։

Արձագանքելով, ոստիկանության խոսնակը հայնտեց․ «Արմավիրի բաժնում կան հաղորդումներ մի քանի բնակիչներից տվյալ անձի հետ կապված, որը անհանգստացնում է բնակիչներին, նաև Արմավիրի պոլիկլինիկայից ստացված գրության հիման վրա ոստիկանները զուտ աջակցել են նրան բժշկական կենտրոն տեղափոխելու հարցում»։

Ստացվում է, Արմավիրի պոլիկլինիկան, որը համայնքային ենթակայության կառույց է, ոստիկանների հետ դասավորել է քաղաքացու առևանգումը։ Հոկտեմբերի 22–ին մի խումբ կենդանասերներ ուղևորվել են Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանի հետ հանդիպման, որի ընթացքում քննարկել են քաղաքում թափառող կենդանիների հետ կապված իրավիճակը, ստերջացման– կաստրացման գործընթաց կազմակերպելու հնարավորությունը։ Պատմության երկու կողմերը հույս ունեն, որ սրանով խաղաղություն կհաստատվի Արմավիրի 107 թաղամասի բնակիչների միջև։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest