Օրերս, ավելի ստույգ, հոկտեմբերի 21-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկություն տարածեց այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը ՀՀ վարչապետի հաստատմանն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը հետևյալ կազմով՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյան, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյան և իրավաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դասախոս Աննա Մարգարյանը, որի թեկնածությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն ն առաջադրել էր ԲԴԽ անդամի համար, սակայն նա չընտրվեց։
Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է սեպտեմբերի 30-ին։ Մոտ մեկ ամիս է, այս պաշտոնը թափուր է, և այժմ իրականացվում է ՄԻԵԴ դատավորի նոր ընտրութուն։ Գործընթացը սկսվել էր մարտին։ 7 թեկնածուներից մնացել են երեքը։
Աննա Մարգարյանը նոր անուն է թեկնածուների ցուցակում։ Նախապես որպես հաղթող թեկնածու նրա փոխարեն Եվրոպայի խորհրդի Փորձագետների խորհրդատվական հանձնաժողովին ներկայացվել էր ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանը, սակայն հանձնաժողովը Վիգեն Քոչարյանի թեկնածությունը չի հաստատել։
Իրավական շրջանակներում լուրեր են շրջանառվում, թե ԵԽ հանձնաժողովը մերժել է Քոչարյանի թեկնածությունը, պատճառաբանելով, թե նա չի համապատասխանում ՄԻԵԴ Կոնվենցիայի 21-րդ հոդվածով սահմանված և դատավորին ներկայացվող պահանջներին: Ըստ այդմ, դատավորը պետք է ունենա բարոյական բարձր նկարագիր, բավարարի դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները, կամ լինի ճանաչված իրավագետ։
Վիգեն Քոչարյանը Forrigts.am-ի հետ զրույցում հերքեց լուրերը, մեկնաբանելով.«Տարբեր լուրեր են գրում, որոնք չեն համապատասխանում իրականությանը, մանսավորապես, թե իմ թեկնածությունը կոմիտեի կողմից մերժվել է։ Կոմիտեն ուղղակի չի կարողացել իմ հանդեպ մոտեցում, կարծիք ձևավորել, ինչը, իմ կարծիքով, պայմանավորված է նրանով, որ անցյալ ամիսների ընթացքում իմ կարգավիճակում փոփոխություններ են տեղի ունեցել։ Երբ որ մրցույթը սկսվեց, ես ԲԴԽ անդամ չէի, հետո դարձա վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու։ Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, նրանք միասնական կարծիքի չեն կարողացել գալ, և նշված պարագայում, որպեսզի գործընթացը չխոչընդոտեմ, ես նաև դիմում գրեցի և այդ ցուցակից դուրս եկա։ Իրենք էլ հաջորդ թեկնածուին ներգրավեցին ցուցակում։ Ստրասբուրգում ոչ թե ինձ մերժել են, այլ չեն կարողացել միասնական կարծիք ձևավորել։ Իրենց կանոնադրություններով, եթե բացասական կարծիք են ձևավորում, պետք է նաև պատճառը հայտնեն, հիմա ոչ բացասական կարծիք կա, ոչ էլ պատճառ »։
Ինչպե՞ս կգնահատեիք մրցույթի թափանցիկությունը, այս անգամ ի տարբերություն 2015 թվականի ՄԻԵԴ դատավորի ընտրության, անգամ մոնիտորինգ անող ՀԿ չկա։ «Սրանից ավելի ինչ թափանցիկություն պետք է լինի։ Այն ժամանակ, 15 թվականին ես երկու անգամ հաղթող եմ ճանաչվել, երկու անգամ էլ իմ թեկնածությունը հանվել է գենդերային սկզբունքի պատճառով», — նշում է Վիգեն Քոչարյանը։
Forrights.am -ը հարց ուղղեց փաստաբան Հայկ Ալումյանին, որը եւս ՄԻԵԴ դատավորի մրցույթի 7 թեկնածուներից էր՝ ինչ եք կարծում, որքանով էր բյեկտի՞վ գնահատող հանձնաժողովը։ «Ելնելով թեկնածուների ընտրությունից, կարող եմ ասել, որ ընտրությունը օբյեկտիվ էր։ Գնահատման մանրամասները ինձ հայտնի չեն, թե որ փուլում ինչ թվանշաններ են տրվել, բայց եթե իմ անձը դնենք մի կողմ, մարդը ինքն իր նկատմամբ չի կարող օբյեկտիվ լինել՝ եթե ես լինեի, ես էլ կընտրեի այս երեք թեկնածուներին, կրկնում եմ՝ վերջնականապես ընտրված երեքին», — պատասխանեց Հայկ Ալումյանը։
Սյուզան Սիմոնյան