«Պետք է հասկանանք՝ ինչպե՞ս և ի՞նչ շեշտադրումներով խոսել ժողովրդագրության մասին մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի հատվածի առաջնային խնդիրներից մեկը հետևյալն է՝ ոնց անել, որ իր տղան չգնա բանակ։ Այս երևույթը ընտանիքի պլանավորումից ազդում է, որովհետև մարդը մտածում է՝ ինչպես մի տղայի բանակ չգնալը ապահովի, դա մի խնդիր է, իսկ երբ մտածում է, որ չորս տղայի բանակ չգնալը պետք է ապահովի, դա բոլորովին ուրիշ խնդիր է»։
Այս բառերը պատկանում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, ելնելով տոնայնությունից, բավական «ըմբռնումով է» մոտենում, որ մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի տղաները բանակում չծառայեն։ Նա չի ասում՝ մենք այնպես ենք վերափոխելու բանակը, այնպիսի անվտանգային քաղաքականություն ենք վարել, որ ծնողները չպիտի վախենան տղաների բանակ ուղարկելու։ Ոչ։ Նա կարծես ասում է, որ քաղաքականությունը պետք է հարմարեցվի մարդկանց այս մոտեցմանը։
«Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 39 դեպք, որից միայն 4-ն է գրանցվել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով»։ Այս մասին հոկտեմբերի 18-ին կայացած «Խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի աճը. ո՞վ է պատասխանատու» խորագրով քննարկման ժամանակ ասել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսիսյանը։
Մովսիսյանի խոսքով, ոչ մարտական պայմաններում մահացությունների թիվը նախորդ տարիների համեմատ շատ մեծ է. «Անցած տարվա ընթացքում արձանագրվել է ոչ մարտական պայմաններում մահվան 64 և հրադադարի խախտման հետևանքով 19 դեպք։ Փաստորեն, այս տարի մահացությունների 90%-ը ոչ մարտական մահերն են»,- ասաց Մովսիսյանը։
Բանակի խնդիրների հաճախացած քննարկումները, սակայն, ոչ միայն իրավապաշտպանական պատճառներ ունեն։
ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերվ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնությամբ խորհրդարանում կայացել են լսումներ՝ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Լսումները վերածվել են Հովիկ Աղազարյանի եւ Արգիշտի Քարամյանի լեզվակռվի, թեկուզ գլխավոր թեման պետք է որ բանակում տիրող իրավիճակը լիներ։ ԶԼՄ-երում նույնիսկ տեղեկություն հրապարակեց, որ «յուրային» քաղհասարակությանը հրահանգել են ավելի շատ քննարկել իրավիճակը բանակում եւ ներկայացնել «վախեցնող» թվեր։
Ինչի՞ համար է իշխող ուժը նման քայլերի դիմում։ Ոմանք վերագրել են դա նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանին Վաղարշակ Հարությունյանով փոխարինելու մտադրությամբ։ Հիշեցնենք, որ 2020 թ․ նոյեմբերին Անդրանիկ Քոչարյանի ձեռամբ պաշտպանության նախարար նշանակած Վաղարշակ Հարությունյանն է, որ մի քանի օր հետո Ադրբեջանի եւ Ռուսաստանի Պնախարարությունների հետ ստերագրել է մի արձանագրություն, որով Գորիս-Կապան 21-կիլոմետրանոց հատվածն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Սյունիքի մարզում հայտնվել են ռուսական զորքեր։ Վերջերս այդ արձանագրության հարցով մեծ սկանդալ բռնկվեց, բայց այն արագ փակեցին։
Բայց կա եւս մեկ կարեւոր խնդիր։ Նիկոլ Փաշինյանը, խոսելով սահմանազատման մասին, շեշտել է, որ սահմանազատված հատվածներում այլեւս ոչ թե բանակն է կանգնելու, այլ ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Դա արդեն տեղի է ունեցել Կիրանցում։ Փաշինյանը չպատասխանեց այն հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու բանակը, եթե այլեւս սահմանները չպաշտպանի։
Եթե նկատի առնենք Ալիեւի հիմնական պահանջներից մեկը՝ Հաայստանի «դեմիլիտարիզացիան» /Եթե խաղաղություն լինի, ինչի՞ն է Հայաստանին բանակը — Ալիեւ/, նաեւ Փաշինյանի կողմից ավելի վաղ արած հայտարարությունները, որ Հայաստանում պետք է լինի փոքր պայմանագրային բանակ եւ չլինի պարտադիր զինվորական ծառայութնուն, կարելի է ենթադրել, որ բանակը կարող է «վերափոխվել»։ Այս անգամ՝ անճանաչելի, վերածվելով, ասենք, վարչապետին ուղիղ ենթարկվող գվարդիայի։ Տղամարդիկ էլ ստիպված չեն լինի պաշտպանել իրենց հողը։
Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին բազմաթիվ մարդկանց քվեն ստացել է «քվեարկեք, եթե չեք ուզում ձեր տղաները գնան բանակ ու զոհվեն Ղարաբաղի համար» թեզով։ 2021-ին այդ թեզը «կարճացավ»՝ «քվեարկեք, եթե չեք ուզում ձեր տղաները ծառայեն եւ զոհվեն»։ Հիմա արդեն նշմարվում է երրորդ թեզը՝ «քվեարկեք, որ բանակը պայմանագրային սարքենք, եւ դուք ստիպված չլինեք լքել երկիրը, որ «փրկեք» ձեր որդիներին»։
Հաջորդ ընտրություններին հենց դա պետք է լինի Փաշինյանի նախընտրական «բանալին»․ նա գտել է մարդկանց թույլ տեղը եւ զգայուն նյարդը։ Եւ եթե նախկինում ասում էին՝ «մեզ ընտրենք, քանի որ մենք խաղաղություն ենք ուզում, իսկ «նրանք» պատերազմ», հիմա պետք է ասեն՝ «մեզ ընտրեք, քանի որ մենք ձեր տղաներին այլեւս չենք տանի բանակ, որտեղ ահավոր բարքեր են եւ իրար են սպանում»։
Նման տրամադրություն ստեղծելու համար պետք է ոչ թե բարեփոխումներ անել եւ լուծել խնդիրները բանակում, այլ ի ցույց դնել բանակի վատ վիճակը ամենաթանձր գույներով։
Պարտադիր զինվորական ծառայությունը խանգարում է «այստեղ հաց, այստեղ կաց» կոնցեպտին։ Պետք է հասարակական դժգոհություններ հրահրել եւ որպես «պանացեյ» առաջարկել լուծում, որը կօգնի հաղթել ընտրություններում։
Եթե այդպես չլինի, բանակը բարեփոխելու լուրջ քայլեր կձեռնարկեին։
Նաիրա Հայրումյան