Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, 67 կողմ 0 դեմ ձայներով ընդունեց ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին»,-օրինագիծը։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը։ Նրանք չէին մասնակցել նաեւ հարցի քննարկմանը:

ՔՊ խմբակցությունից Վահե Ղալումյանն ու Սոնա Ղազարյանը չէին մասնակցում այսօրվա քվեարկությանը, նրանք նախօրոք թողել էին իրենց «կողմ» ձայներով ծրարները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտավ ՍԴ։ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին որոշեց, որ կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

Հոկտեմբերի 21–ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, և այն մտավ ՀՀ ԱԺ` քննարկման ու քվեարկության։

Նշենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest