Հոկտեմբերի 21-ին Արցախի 60 ՀԿ-ների ներկայացուցիչներ բողոքի ակցիա կազմակերպեցին ՀՀ ԱԳՆ-ի դիմաց՝ պահանջելով պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները, ինչպես նաև հետ կանգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացմանն ուղղված քայլերից, որոնք Հայաստանին կզրկեն Արցախի քաղաքացիների կենսական իրավունքները և ՀՀ պետական շահերը պաշտպանելու միջազգայնորեն ճանաչված իրավունքներից։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարի, փոխանցվել է Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին 2024թ. սեպտեմբերի 2-ին ուղղված դիմումի պատճենը։
Արցախի հասարակական կառույցների ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարում հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը բավարար իրավունքներ և պարտավորություններ ունի Արցախի Հանրապետության քաղաքացիների հավաքական ու անհատական հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում ընդունված փաստաթղթերում:
«ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժեք իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին: Ավելին՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձևերով Հայաստանն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններն ամենևին էլ չեն նշանակում, որ խաղաղության միջազգային համաժողովում Լեռնային Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցը փակված է:
Խիստ դատապարտելի ու կործանարար համարելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը և դրանից բխած գործողությունները՝ այժմ էլ արձանագրում ենք, որ ԵԱՀԿ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում ստանձնած միջազգային պարտավորություններից Հայաստանի իշխանությունների արդեն ֆորմալ հրաժարումը բացարձակապես հիմնազուրկ ու խիստ վտանգավոր է: Ավելին՝ այն խթանում է ՀՀ-ի նկատմամբ Բաքվի վարչակարգի անհիմն հավակնությունները», -մասնավորապես նշված է նամակում:
Բողոքի ակցիայի ժամանակ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը դիմեց կոչով. «Ուզում եմ այստեղից դիմել հայ ազգին, հայ ազգը որոշել է մեռնե՞լ, թե կոտորվե՞լ։ Ո՞վ է տարբերություն դրել, որ էս մի հայը ղարաբաղցի է, և Ղարաբաղի առանձին հարց կա: Կարո՞ղ ա Սարդարապատի ճակամարատի ժամանակ հայությունը կիսված էր 15 տեղ, թե՞ մեկը շուռնուխցի է, մյուսը ղարաբաղցի, մյուսն էլ այլ տեղից։ Ընկել են երկու թափթփուկի, թեթևսոլիկի հետևից, որ իբր Արցախի հարցը մեր երկիրը կործանման է տանում ու պետք է Արցախը մոռանանք։ Այդպես հստակ ծրագրված վերացնում են Հայաստանի պետականությունը»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ստեղծվել է հատկապես Արցախի հարցի բարձրացման հիմքով։
Ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ-ից երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ջանքեր գործադրել Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիք հավաքական, անվտանգ, արժանապատիվ ու կայուն վերադարձի և կյանքի, Արցախի հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության պաշտպանության, ադրբեջանական գերության մեջ ապօրինի պահվող անձանց ազատման, ինչպես նաև մեր քաղաքացիների մասնավոր ու հանրային սեփականության պահպանության ու պաշտպանության ուղղությամբ:
Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանն անհեթեթ համարեց Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, ըստ որի ՄԱԿ-ի 4 բանաձևերն իրավունք են տվել Ադրբեջանին ռազմական գործողությունների դիմել: «Այդ բանաձևերում ի՞նչ է գրված, որ իրենք իրավունք ունեն մտնել Հադրո՞ւթ, որ Ասկերանի շրջանները զավթե՞ն: Այդ բանաձևերում ընդունված է նաեւ արցախցիների իրավունքը Լաչինի միջանցքի վերաբերյալ, նախկին ԼՂԻՄ-ի տարածքների վերաբերյալ: Եթե Ալեն Սիմոնյանը խոսում է այդ 4 բանաձևերի մասին, ապա մենք կխնդրեինք, որ նա պայքարեր, որ այդ բանաձևերը կյանքի կոչվեն հիմա», -նշեց Արթուր Օսիպյանը:
Ադրբեջանական ԽՍՀՄ ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը օրվա ակցիայի նպատակը առանցքային որակեց Մինսկի խմբի վերագործարկման առումով։ «Մինսկի բանակցային գործընթացի բոլոր սկզբունքները խախտվել են 2020թ. ագրեսիայից մինչև 2023թ. հայերի բռնի տեղահանումը։ Եվ այստեղ կա մի կարևոր հանգամանք, այն որ Մինսկի խմբի բանակցային բովանդակությունը մենք պետք է դարձնենք իրականությանը մոտիկ։ Արցախի հարցի հետ կապված ձևավորված Մինսկի խմբի ձևաչափի որոշ դրույթներ այն ժամանակ իսկ շրջանցվեցին։ Խոսքը ցեղասպանության մասին է։ Մենք, ի վերջո, պետք է հասկանանք, որ Արցախի հարցը Հայոց հարցի մասն է։ Այն, ինչ Բաքուն ԼՂԻՄ-ում չկարողացավ իրականացնել 1990թ., կյանքի կոչեց 2023թ. սեպտեմբերին՝ ցեղասպանելով և հայաթափելով Արցախը։ Ու եթե Մինսկի խբին այժմ ռեստարտ չտանք, ընդհանուր առմամբ փակելու ենք Հայոց հարցը ու ցեղասպանվելու է նաև Հայաստանի հայությունը։ Զոհը չի կարող ապրել իրեն ցեղասպանող պետության սահմաններում», -ընդգծեց Մարիամ Ավագյանը։
Մինսկի խմբի գործունեությունը նա կարևորեց նաև այն հանգամանքով, որ իրավական դաշտում հնարավոր է արցախցիների իրավունքի վերականգնումը՝ արցախցիների հետվերադարձը ու հայրենիքում ինքնուրույն ապրելը։ Նրա պարզաբանմամբ՝ Արցախի հայը ձգտում է անկախության, որովհետև Ադրբեջանի վերահսկողության տակ ինքը միայն մորթվում ու ցեղասպանվում է։
Բողոքի ակցիայի մասնակիցները վերոնշյալ նամակով չենք բավարարվելու և շարունակելու են պայքարել տարբեր միջոցներով, որ խնդիրն անընդհատ բարձրաձայնվի ու հանրայնացվի։ Ացախցիներն ունեն կամք վերադառնալու իրենց հայրենիք եւ պահանջում են միջազգային իրավունքի լիարժեք իրականացում: Արցախի հարցը փակված չէ և այն պետք է քննարկվի Մինսկի խմբի շրջանակներում ու լուծվի կարգավիճակի հարցը:
Զառա Մայիլյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: