Իշխանության յուրացման փորձի համար մեղադրվող արցախցի ազատամարտիկ Արմեն ՄՆացականյան ի փաստաբան Ռոման Երիցյանն իր ՖԲ էջի միջոցով հանրությանը տեղեկացրել է, որ Մնացականյանը արդեն 23 օր ապօրինաբար պահվում է «Արմավիր» ՔԿՀ -ի «կարանտինում», որտեղ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի ուժով անձը կարող է պահվել առավելագույնը 7 օր, «այն էլ բացառապես բժշկական զննություն անցնելու և կալանավորվածներին պահելու վայրի պայմաններին ծանոթանալու նպատակով»։ «Արդեն 3 օր է, ինչ այս մասին գրավոր և բանավոր եղանակներով տեղեկացրել եմ մաև ՀՀ ՄԻՊ աշխատակազմին, մինչդեռ, բացի մտահոգություն արտահայտելուց, որևէ արդյունք առ այս պահ չի արձանագրվել», — գրել է փաստաբանը, ավելացնելով, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանը բողոքն ընդուն ել է քննարկման ։
ՄԻՊ-ն էլ արձագանքել է փաստաբանին, հայտարարելով, որ քննարկել է փաստաբանի բողոքը ՔԿՀ վարչակազմի հետ, վերջինս պարզաբանել է, որ կալանավորի անվտանգությունը պահպանում են։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, Անահիտ Մանասյանը այս բոլոր գործողությունները ձեռնարկել է արագորեն, բողոքը ստանալուց 2 օր անց՝ հոկտեմբերի 17-ին, ոչ թե սպասել է օրենքով սահմանված 30 օրը։
Այնուամենայնիվ փաստ է, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանի քննարկումից ու գործողություններից արցախցի ազատամարտիկի վիճակը չի փոխվել։ Նրան շարուն ակում են պահել կարանտինային խցում, իսկ նա շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։
Սեպտեմբերի 18-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ մի խումբ անձինք առերևույթ պատրաստվում էին` նախնական համաձայնությամբ` յուրացնելու իշխանությունը։ 7 հոգու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
«Բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ», – ասված էր հաղորդագրության մեջ:
Ըստ կոմիտեի, նշված անձանց՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարելով, ներգրավել են ՌԴ –ում անցկացվող եռամսյա հավաքների, որի ընթացքում նրանք ծանր զինատեսակների են ծանոթացել, դրանց կիրառման հմտություններին, «ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների»:
ՔԿ հաղորդագրությանը անմիջապես հետևեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանում ռազմական վերապատրաստում անցնող քաղաքացիների կողմից ՀՀ իշխանությունը զավթելու փորձի մասին տեղեկատվությունը անհեթեթություն է և կեղծիք։
Մեր տեղեկություններով, ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում իրոք ռազմական վերապատրաստում է անցկացվում, սակայն այստեղ վերապատրաստված անձանց հետագայում ուղարկում են Ուկրաինա, հատուկ ռազմական օպերացիային ՌԴ կողմից մասնակցելու։ ՌԴ մեր աղբյուրը հայտնում է, որ նրանք ստանում են ամսական 500–600 հազար ռուբլի աշխատավարձ։
Այս վարույթով անցնող արցախցի մեղադրյալներից մեկը ազատամարտիկ Արմեն Մնացականյանն է։ Նա բնակվում էր Ռոստովում, եւ սեպտեմբերի 19–ին Հայաստան էր եկել իր եղբոր՝ Արթուր Մնացականյանի որդու՝ Արման Մնացականյանի մահվան տարելիցին մասնակցելու։ Արթուր Մնացականյանը ԼՂ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ բնակավայրի գյուղապետն էր։ Նրա որդին զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախում ադրբեջանական վերջին ռազմական գործողությունների հետևանքով։ 18-ամյա Արման Մնացականյանը ընդամենը վեց ամսվա զինծառայող էր։ Ագրեսիայից առաջ հայրն իջել էր դիրքերից, որդին՝ բարձրացել։
Օրերս Արմեն Մնացականյանի փաստաբան Ռոման Երիցյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ Արմեն Մնացականյանի հետ ապօրինի, խայտառակաբար և բռնի կերպով ձերբակալվել են նրա ընտանիքի անդամները և հարազատները և նույն օրն ազատ են արձակվել։
«Արմեն Մնացականյանի գործը (իշխանության զավթման գործ) գտնվում է նախաքննության փուլում։ Թեմայի շուրջ շատ մանրամասներ հայտնել, ցավոք, չեմ կարող։ Այնուամենայնիվ, իրազեկեմ, որ Ա․Մնացականյանը մեղադրվում է իշխանության յուրացման նախապատրաստության մեջ և նրա նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը։ Իրեն առաջադրված մեղադրանքը Ա․Մնացականյանը կտրականապես չի ընդունում։ Այս վարույթով դատարան է ներկայացվել կալանավորումը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու միջնորդություն՝ հիմնավոր կասկածն այլևս վերացված լինելու հիմքով», – հաղորդում է փաստաբանը։
Մեղադրյալների հարազատներին նրանց հետ կալանավորելն, ապա, կարճ ժամանակ անց բաց թողնելը, կարծես ավանդույթ է դառնում մեր իրավապահների մոտ։
Սա արվում է հատկապես այն դեպքերում, երբ անձի դեմ չկան բավարար ապացույցներ։
Այս նույն ձեռագրով իրավապահները ձերբակալեցին Արցախի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ, այլ պետական պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանի հետ, որը ամբաստանլայի աթոռին է հօգուտ Ադրբեջանի լրտեսության գործով։
Նա մյուս արցախցիներից ուշ էր տեղափոխվել Հայաստան և Գորիս մտնելուն պես ձերբակալվել էր սահմանին կնոջ հետ։
Կնոջը շուտով բաց թողեցին, իսկ Գալստյանին կալանավորեցին՝ մեղադրելով Ադրբեջանի հատուկ ծառայություններին գաղտնի տեղեկություններ հաղորդելու մեջ։
Գալստյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը հայտնեց, որ Գալստյանի կնոջը բաց են թողել միայն այն բանից հետո, երբ նա ինքնախոստովանական ցուցմունք է գրել։
«Ինքնախոստովանական ցուցմունքը նրա կնոջն ազատելու արժեքն էր»,- ասում է Կոչուբաեւը։
Հետագայում Գալստյանը հրաժարվեց ինքնախոստովանական ցուցմունքներից, հայտնելով, որ դրանք տվել է ճնշման ներքո։
Հնարավո՞ր է, նույն սխեման գործել է նաև արցախցի ազատամարտիկ Արմեն Մնացականյանի դեպքում՝ հարցրեցինք նրա փաստաբան Ռոման Երիցյանից։ «Ոչ, – պատասխանեց փաստաբանը, – իմ պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը»։
Հարցին, թե ինչպես է Արեմն մնացականյանի առողջական վիճակը, տրամադրությունը մոտ մեկ ամիս կալանքի տակ պահվելուց հետո, նա պատասխանեց․ «Նորմալ»։ Իսկ հարցին, թե ինչ ապացույցներ են ներկայացվել Արմեն Մնացականյանին, որ նա պատրաստվում էր յուրացնել իշխանությունը, փաստաբանը պատասխանեց․ «Չեմ կարող հրապարակել», – ասաց նա։
Առհասարակ, տպավորություն է ստեղծվում, թե փաստաբանը կաշկանդված է, և կամ գտնվում է խիստ վերահսկողության տակ։
Փաստաբանը նաև հայտնեց, որ Արմեն Մնացականյանի եղբայրը մեղադրյալների թվում չկա։ Նրան ձերբակալել են, ապա ազատ են արձակել։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: