ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների կողմից նախաձեռնված «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով քննարկմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի խորհդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, մշակույթի ներկայացուցիչներ։

«Մենք հրավիրել էինք նաև կառավարության ներկայացուցիչներ ի դեմս ԱԳՆ-ի, ԿԳՄՍՆ-ի և Արդարադատության նախարարության: ԱԳՆ-ի և ԱՆ-ի ներկայացուցիչներն ի սկզբանե մերժել են, իսկ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները փոխնախարարների մակարդակով պետք է գային: Նախապես 4 ներկայացուցիչ հաստատել էին, բայց հանդիպումից մեկ ժամ առաջ հրաժարվեցին: Սա նշանակում է, որ քաղաքական հրահանգ կա, որ չմասնակցեն ընդդիմադիր պատագամավորների հրավիրած քննարկմանը»,- ասաց նախաձեռնող պատգամավորներից Թագուհի Թովմասյանը։

Քննարկմանը ներկա էին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ։

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից ներկայում իրականացվող քաղաքականությունն Արցախի մշակութային ժառանգությամբ նկատմամբ։ «Շուրջ 5 հազար  հուշարձան, 400 վկայագրված գերեզման, որոնց մեջ ներառված չեն գյուղական ու քաղաքային նոր գերեզմանոցները։ Ադրբեջանը յուրացնելով աղվանականացնում է Արցախի մշակութային ժառանգությունը և արդեն իրենց մշակույթի նախարարության կայքէջում Թարթառի շրջանի հուշարձանները ներկայացնելիս գլխավոր լուսանկարում Երիցմանկունքի վանքն է, իսկ Քարվաճառի շրջանում տեղադրել են Գանձասարի, Դադիվանքի և Հանդաբերդի լուսանկարները ու այդպես շարունակ մեր բոլոր պատմամշակութային շինությունները աղվանականացնում են ոչնչացնելով բոլոր վիմագիր արձանագրությունները։ Սա նոր չէ, մեծ թափ է առել դեռեւս 1950-1960-ական թվականներին, երբ ադրբեջանական պատմագիտության մեջ զարգացավ այսպես կոչված ադրբեջանական ժողովրդի ծագման աղվանական տեսությունը՝ կովկասյան աղվանքը համարելով որպես իրենց ժառանգություն»,-տեղեկացրեց պատմաբանը։

Ադրբեջանը ոչնչացնում է նաև 1994թ.-ից հետո կառուցված բոլոր մոնումենտալ շենք- շինությունները, այդ թվում հոգևոր պաշտանմունքային։ Տնտեսական գործունեության անվան տակ ոչնչացվել են Շուշիի շրջանի Քարին տակ, Հադրութի շրջանի Մոխրենես, Խծաբերդ գյուղերը, մասամբ Ասկերանի շրջանի Սղնախ  և Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղերը։ Լ. Հովհաննիսյանն անդրադարձավ նաև հայկական բնակավայրերի իսլամացման գործընթացին, այսինքն հայկական բնակավայրերում կառուցում են մզկիթներ(Հադրութ, Մատաղիս, Քարինտակ, Բերձոր) և օնլայն տիրույթում դրանք ներկայացվում մզկիթի նշանով։ Պատմաբանը Արցախում տեղի ունեցածը որակեց որպես դասական էթնոկրոնական դիմախեղում և իսլամացում։ Իր հերթին նա առաջարկություններ ուներ ԿԳՄՍՆ-ին այդ առումով, սակայն կառույցի որևէ ներկայացուցիչ ներկա չեղավ քննարկմանը։

Քննարկմանը ներկա ՌԴ դեսպանատան նեկայացուցչին դիմելով, նա տեղեկացրեց, որ Արցախում ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմի 2 տասնյակից հուշարձան։ Ժամանակին դիմել էին ՌԴ խաղաղապահ զորահրամանատարությանը, ՌԴ մշակույթի նախարարությանը, սակայն որևէ արձագանք չի եղել։ «Նույնիսկ ՌԴ երկրորդ մայրաքաղաքը պաշտպանած Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրին տեխնիկայով քանդելու և ֆուտբոլ խաղալու տեսանյութն են տեղադրել  ադրբեջանցիները, ինչին նույնպես ոչ մի արձագանք չեղավ Ռուսաստանից։ Մինչդեռ Արևմտյան երկրներում այդ հուշարձաններին մի փոքր կարմիր ներկ նետելու պարագայում իսկույն կտրուկ ու խիստ արձագանքում են Ռուսաստանից»,- հավելեց թեմական խորհրդի ատենապետը։

Քննարկման մասնակիցները ներկայացրին նաև Արցախի հանրապետության բռնազավթման հետևանքով կորուսյալ թանգարանների և հավաքածուների վիճակագրությունը։ 2023թ. Արցախի բռնի տեղահանությունից հետո արձանագրվել է առնվազն 14 կորուսյալ թանգարան։ Պատմաբանները մշակութային ցեղասպանության բաղադրիչ համարեցին հայկական տեղանունների ոչնչացումը՝ անվանափոխությունը, ինչը արվել է Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում։ Հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ներկայացրեց նաև իր կողմից իրականացվող ակադեմիական աշխատանքները, որոնց վերաբերյալ նյութերը տրամադրել է համապատասխան կառույցներին։

Բացի հուշարձաններից Ադրբեջանը վերացնում է նաև հին թաղամասերը՝ այդպիսով իսպառ փորձելով ոչնչացնել հայկական հետքը։ Քննարկան մասնակիցները փաստեցին, որ պետք է ոչ միայն բարձրաձայնել խնդիրը, այլև ավելի շատ գործել ու նյութերը ներկայացնել միջազգային հարթակներում։

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest