Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում. Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ զեկույցը. այս տարի Հայաստանը կրկին դասվում է ազատ համացանց ունեցող երկրների շարքին:
2024 թվականի զեկույցում Հայաստանը ստացել է 74 միավոր: Անցյալ տարի Հայաստանը ստացել էր 72 միավոր: Զեկույցը ընդգրկում է 2023-ի հունիսի 1 -ից մինչ 2024-ի մայիսի 31-ը ժամանակահատվածը:
«Հայաստանի միավորները բարելավվել են, քանի որ վերոնշյալ ժամանակահատվածում սոցիալական մեդիա հարթակները և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով պաշտպանված բովանդակություն պարունակող կայքերը չեն արգելափակվել», — ասված է Freedom House-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրությունում:
Զեկույցը, ըստ նույն աղբյուրի, «ընդգծում է, որ 21-րդ դարի առողջ ժողովրդավարությունը չի կարող գործել առանց վստահելի առցանց միջավայրի, որտեղ գերիշխում է ազատ արտահայտման և բազմազան տեղեկատվության հասանելիությունը»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: