Շվեյցարիայի օրենսդիրները միջնորդություն են ներկայացրել՝ կոչ անելով Շվեյցարիայի Դաշնային խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։ «Նպատակն է նպաստել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև բաց երկխոսությանը՝ պատմականորեն բնակվող հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի վերաբերյալ, որը կանցկացվի միջազգային հսկողության ներքո կամ շահագրգիռ միջազգային դերակատարների ներկայությամբ»,  ասված է Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Շվեյցարիայի խորհրդարանին ներկայացված առաջարկի տեքստում։ Միջնորդագրի հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերջին ռազմական առաջխաղացումից հետո Լեռնային Ղարաբաղը դատարկվել է հայ բնակչությունից։

«Վախենալով 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության կրկնությունից՝ պատմական բնակչությունը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել հայրենիքը։ Այդ ժամանակից տարածաշրջանը ենթարկվել է փաստագրված էթնիկ զտումների. հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերը և գերեզմանատները, համակարգված կերպով ոչնչացվում կամ վերաիմաստավորվում են կեղծ պատմական փաստաթղթերով՝ «վերանորոգման» անվան տակ: Չնայած այս լուրջ զարգացումներին՝ Լեռնային Ղարաբաղի հայերը պահպանում են միջազգային հանրության անվտանգության երաշխիքներով հայրենիք վերադառնալու, սեփական քաղաքական ապագան որոշելու և ժողովրդավարական ինքնակառավարում իրականացնելու ցանկությունը», – նշված է փաստաթղթում։

Ընդգծվում է, որ միջազգային հանրությունը բազմիցս դիրքորոշում է արտահայտել ԼՂ հարցում։ 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը» ու կանխել ապագա տեղահանումը բռնի կամ ահաբեկման միջոցով: Եվրախորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին բանաձև է ընդունել, որով կոչ է անում Ադրբեջանին համապարփակ և թափանցիկ երկխոսություն ծավալել Ղարաբաղի հայերի հետ։ Նպատակն է հարգել նրանց իրավունքները, երաշխավորել նրանց անվտանգությունը և հնարավորություն տալ վերադառնալ իրենց տները միջազգային ներկայության պայմաններում:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը մինչ այժմ պատասխանատու էր միջնորդության համար, ունի գործելու խիստ սահմանափակ հնարավորություններ՝ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով։ Սա ընդգծում է հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար բանակցությունների նոր ձևաչափի անհրաժեշտությունը», – ասվում է փաստաթղթում:

Բանաձևում հիշեցնում են, որ Շվեյցարիան նախկինում մի քանի անգամ միջնորդ միջազգային հակամարտություններում հաջողությամբ հանդես է եկել որպես չեզոք և արժեքավոր ծառայություններ է մատուցել նաև Հայաստանին: 2009 թ. հոկտեմբերին Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել են երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «Ցյուրիխյան արձանագրությունները»: Դաշնային խորհրդի անդամ Միշլին Կալմի-Ռեյը նույնիսկ պարգևատրվել է Հայաստանի Պատվո մեդալով՝ գործին իր նվիրվածության համար:

«Շվեյցարիան բացառիկ հնարավորություն ունի օգտագործելու չեզոք միջնորդի իր ապացուցված դերը՝ հակամարտող կողմերի միջև կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Նման փոխգործակցությունը ոչ միայն կշարունակի Շվեյցարիայի հումանիտար ավանդույթները, այլև կամրապնդի նրա դիրքերը՝ որպես միջազգային դիվանագիտության հուսալի գործընկերոջ», – ասվում է առաջարկի տեքստում։

Շվեյցարացի օրենսդիրները համոզված են, որ իրենց երկրի կողմից միջազգային խաղաղության համաժողովի անցկացումը կարող է վճռորոշ ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, ապահովել տեղահանված անձանց վերադարձը և այդպիսով նպաստել իրավիճակի կայունացմանն ամբողջ տարածաշրջանում:

Առաջարկը պետք է դրվի քվեարկության:

https://www.azatutyun.am/a/33160622.html

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest