Տիկին Անժելան երեք օր առաջ որդու շիրմաքարը ձեռքին տեղափոխվեց 10-րդ տունը։ Այն դրել է մի անկյունում հետախույզ տղայի համազգեստի և կոշիկների հետ միասին՝ կողքին մեխակներ։ Արցախից բռնի տեղահանվելիս Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում դրված շիրմաքարը կարողացավ հետը հասցնել Հայաստան, գերեզմանը մնաց այնտեղ։ «Ինձ հետ Ստեփանակերտից բերել եմ, արդեն 10-րդ տունն եմ տեղափոխվում, հետս տանում եմ։ Եռաբլուրում տեղ չեն տալիս, որ դնեմ, բայց մահը Երևանում են գրանցել»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է 68-ամյա Անժելա Ասրյանը։
Շուշեցի կինը երկու որդիներին հողին հանձնեց չորս տարվա մեջ։ Հետախույզ Սասունը զոհվեց Շուշին պաշտպանելիս՝ նոյեմբերի 7-ին, 31 տարեկանում։ Մյուս որդին՝ զինվորական Գրիգորին, զոհվեց Ստեփանակերտի բենզինի պահեսtի պայթյունից։ Հիմա նա տնից տուն է տեղափոխվում ու Հայաստանի իշխանություններից Եռաբլուրում մի բուռ հող խնդրում, որ որդու շիրմաքարը դնելու տեղ ունենա։ Որդեկորույս մոր խնդրանքերը մերժում են։
Մայրը հիշում է որդու մասին շիրմաքարի մոտ ծառայակիցներից պատահական լսած խոսքերը, այն ժամանակ դեռ Արցախում էին․ «Կամ ֆուտբոլիստը դաշտում գնդակի հետևից վազելիս, կամ Սասունը մարտի դաշտում թուրքի հետևից վազելիս։ Սա տպավորվել է մոտս»,-ասում է նա։
Սասունը 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից է եղել։ Մոր խոսքով՝ մարտերին մասնակցել է ամենաթեժ կետերում։
«Սասունին վերջին անգամ հոկտեմբերի 26-ին եմ տեսել, Հադրութից էր եկել, վերքերն էր փաթաթում։ Խծաբերդում էր եղել, չէր ուզում, որ ես վերքերը տեսնեմ, շատ էին վերքերը։ Ընկերներն ասում էին՝ Սասուն, հերիք է, մի գնա, այդ պահին զանգ է գալիս, վերցնում է ու ասում՝ սպասեք, վերքերս եմ կապում, էսա գալիս եմ։ Սուրճ էի դրել, չխմեց, գնաց։ Սասունի միտքը փոխել հնարավոր չէր»,-հետո մայրը էլ որդու հետ չի կարողացել խոսել։
Շուշեցի է տիկին Անժելան։ Հայրենի քաղաքում նոյեմբերի 7-ին զոհվեց Սասունը, կորցրեց ծննդավայրն ու տունը։ Նա պնդում է, որ որդին զոհվեց հայկական կողմի Իսկանդերի հարվածից։
«Նիկոլ Փաշինյանի հրամանով Իսկանդերով թխել են Շուշիի վրա, Արայիկն էլ ենթարկվել է Նիկոլին, որի համար նրան չենք ներում։ Զոհեր են եղել, այնտեղից ով հասցրել էլ փախչի խուսափում են բարձրաձայնել, բայց պատմում են։ Շատերին եմ հանդիպել։ Էլիտան չի ուզել, որ սպեցնազը Շուշիից դուրս գար, որովհետեև գաղտնիքները կբացահայտվեր»։
Ծանր կորուստներից ու բլոկադայից հետո սկսվեց սեպտեմբերի 19-ի պատերազմը։ Դաժան օրերից հետո լսեցին Արցախից բռնի տեղահանվելու մասին, սակայն ծանր դեպքերն այսքանով չավարտվեցին։ Սեպտեմբերի 25-ին բենզինի պայթյունից զոհվում է մյուս որդին՝ հինգ երեխաների հայր Գրիգորին։ Մայրը որդուն ամեն ուր է փնտրել։
«Հիվանդանոցներում սարսափելի իրավիճակ էր, նկարագրելու չէր, ում էլ ճանաչում էիր, էն չէր։ Փնտրեցի, շատ փնտրեցի, բայց հիվանդանոցներում չգտա, հույսս կտրած կրկին կրակի մոտ եկա։ Հալված ժիլետներ էր գցած ամենուր։ Հույս ունեի, որ կգտնեմ, հիվանդանոցում մի տղա ասաց, որ Գագասը մեզանից հետ էր կանգնած։ Սաղ գիշեր՝ մինչև ժամը չորսը այնտեղ էի, բայց չգտա։ Նորից գնացի հիվանդանոց, ասացին գնացեք՝ մորգ։ Ներս չէին թսղնում, ասում էին՝ ով անճանաչելի է, նրանց են այստեղ բերել։ Չթողեցին նայեմ»,-ասում է տիկին Անժելան ու նշում, որ հաջորդ օրը կրկին դեպքի վայր է գնացել և իր խոսքով՝ արտառոց դեպքի ականատես եղել։
«Ճանապարհին սպիտակ մեքենա պատահեց։ Հասկացա, որ այդ պայթյունը կազմակերպված է հայի ձեռքով։ Սպիտակ Ժիգուլի էր, դրա կողքով, որ անցնում էի, լսեցի, թե մի հին շորերով մարդ մեքենայի մոտ կանգնած հեռախոսում էր։ Ինքը չէր խոսում, հեռախոսն ականջին էր, լսեցի, թե հեռախոսի այն կողմից ինչպես ասացին․ «Ալիևն ասել է երկու օր հետ ինչ գին ուզես, տալու եմ»։ Էդ ի՞նչ գին պետք է Ալիևը տա դրան, որ հայը հային ասի։ Ինձ հետ ինչ էլ լինի այդ խոսքերը ես չեմ մոռանա։ Ես ինձ չեմ ներում, որ այդ մեքենան և այդ մարդուն չնկարեցի»,-ասաց նա։
Տիկին Անժելան Հայաստան է ճանապարհել երեխաներին ու թոռներին և գրեթե դատարկված Ստեփանակերտում շարունակել փնտրել որդուն։ «Ես չէի ուզում Արցախից դուրս գալ, սեպտեմբերի 29-ին գնացի հիվանդանոց, ռուսը ինձ դիմավորեց, ասաց ո՞ւր ես գնում, ասացի՝ տղայիս եմ փնտրում, ասաց՝ այստեղ մարդ չկա։ Հետո գնացի Եղբայրական գերեզմաններ, տղայիս գերեզմանին, տեսա մի մարդ իր տղայի գերեզմանն է քանդում, որ հետը բերի»,-ավելի ուշ արդեն տեղեկացել է, որ որդու դին տեղափոխել են Գորիս։
«Երեխան գնում գալիս ասում է՝ տատի, բա պապան ո՞ւր է, խաբում ասում էի՝ ճանապարհին հերթը շատ է, չի կարողանում գալ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։