Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը  հոկտեմբերի 14-ին ամփոփեց «Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների վիճակը ՀՀ ում՝ Կառավարության կողմից իրականացված ծրագրերի հասանելիության և մատչելիության տեսանկյունից» ծրագիրը։

Կազմակերպությունը ՀՀ բոլոր մարզերում և Երևանում ներգրավել է կոնտակտային անձանց և իրավաբանների, ովքեր տրամադրել են իրավաբանական խորհրդատվություն և պրակտիկ աջակցություն բռնի տեղահանված անձանց՝ պետական աջակցության ծրագրերի իրականացման արդյունավետության և հասանելիության գնահատման նպատակով։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից համակարգվող ծրագրի շրջանակներում իրականացվել է Արցախից տեղահանված անձանց աշխատանքային իրավունքների և զբաղվածության վերաբերյալ երկփուլ հետազոտություն։  Արժանապատիվ աշխատանք» ծրագրի ընթացքում ուսումնասիրվել են բռնի տեղահանված արցախցիների զբաղվածության խնդիրները։

Ուսումնասիրության նպատակն էր՝ պարզել Արցախից ՀՀ բռնի տեղահանված անձանց զբաղվածության խնդիրները, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանվածության վիճակը։ Հետազոտության շրջանակում ընդգրկել են Արցախից բռնի տեղահանված 1200 անձի, որոնցից միայն 515- ն ունեին աշխատանք։ Արցախում աշխատանք ունեցել է հարցվողների 84,7%-ը,  չի ունեցել՝ 15,3%-ը։ Ըստ դիտարկման՝ Հայաստանում արցախցիների շուրջ 46%-ն աշխատանքի տեղավորվել են ծանոթ, բարեկամ, հարևանի միջոցով, իսկ վարձատրությունը 68, 5 %-ի մոտ ավելի ցածր է,  քան Արցախում։

Չաշխատելու պատճառը մեծամասնությունը հիմնավորում են ցածր աշխատավարձը։ Հարցվածների 79, 4 %-ն ապրում է վարձակալված բնակարաններում։ Հարցին՝ եթե Արցախը լինի  անկախ պետություն, Դուք և Ձեր ընտանիքը կվերադառնա՞ք Արցախ, հետազոտությանն ընդգրկվածների 97, 3%-ը պատասխանել են՝ այո։

ՀՔԱՎ գրասենյակի ներկայացուցիչ, իրավաբան Անի Չատինյանը անթույլատրելի եւ խտրական համարեց այն սահմանափակումը, որ արցախցիները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո միայն կարող են դիմել բնակապահովման ծրագրին։

«Փախստականների մասին կոնվենցիան հավասարեցնում է փախստականներին օտարերկրացիներին, իսկ ՀՀ ներքին օրենսդրությունը սահմանափակումներ չի սահմանում օտարերկրացիների կամ ոչ ՀՀ քաղաքացիների համար՝ ՀՀ-ում անշարժ գույք, շարժական կամ որեւէ այլ գույք ձեռք բերելու համար։ Այս դեպքում խախտվում է կոնվենցիայով երաշխավորված փախստականների իրավունքը ու կառավարության այս որոշման շրջանակում առկա է խտրականության դրսեւորում փախստականների նկատմամբ։ Բացի դրանից,  արցախցիների ճնշող մեծամասնությունը տեղեկատվության հասանելիության խնդիր է ունեցել բնակարանային ապահովման եւ մյուս ծրագրերի մասով։ Որքան էլ պետական մարմինները նշեն, որ իրազեկում իրականացրել են, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք կյանքի դժվարին պայմաններում հայտնված անձանց հետ, ովքեր ինտեգրման խնդիրներ ունեն, ովքեր տեղափոխվելուց անմիջապես հետո ունեցել են նաեւ առողջական խնդիրներ»,-ընդգծեց Անի Չատինյանը։

Միջոցառմանը հանդես եկած իրավական ոլորտի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները նշեցին, որ արցախցիները աջակցություններից  զրկվում են նաև վարչարարության ընթացքում կատարված խախտումների արդյունքում, ուստիև սոցիալական  աջակցություն ստանալու համար պետք է հիմք ընդունվի ոչ թե սկզբնական 100 հազարական միանվագ գումարի հատկացումը, այլ անձի բռնի տեղահանված լինելու հանգամանքը։

Արցախցիների խնդիրները բազում են, սակայն այլ հարց, թե որքանով է պետությունը ճկուն գործում ճգնաժամային իրավիճակներում նման խնդիրների լուծման համար։ Իրականացված այս հետազոտությունները  դեռևս լիարժեք չեն պարփակում այն բոլոր խնդիրները, որոնց ամեն օր առերեսվում են արցախցիները։ Նույնիսկ բոլոր հարցերի վերհանման պարագայում էլ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը իրատեսական չեն, հատկապես արցախցիների բնակապահովման խնդրի լուծման մասով, ինչն ամենաառաջնահերթն է ներկայում արցախցիների համար։

Զառա Մայիլյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest