Արցախի քաղաքացիները, ինչպես նաև այլ մտահոգ անձինք կոչ են անում Միջազգային Քրեական Դատարանի Դատախազին Արցախում կատարված հանցագործությունների փաստով քննություն նախաձեռնել:
Կոչը տեղադրվել է Change.org կայքում:
Հաշվի առնելով հանցագործությունների մասշտաբն ու լրջությունը, կան հիմնավոր պատճառներ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) կատարվել են գործողություններ, որոնք ընկնում են Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:
Ստորեւ ներկայացնում ենք հանձնագիրը.
Հարգելի Միջազգային Քրեական Դատարանի Դատախազ,
Մենք՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) քաղաքացիներս և այլ մտահոգ անձինք, դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ սկսել 2020 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների քննությունը։
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 4-ը իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով 150 հազար հայեր ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որտեղ հայկական քաղաքակրթական ժառանգությունը հաշվվում է մի քանի հազարամյակ։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը գրավված է Ադրբեջանի զինված ագրեսիայի, 10-ամսյա պաշարման, էթնիկ զտումների եւ այլ ցեղասպան գործողությունների արդյունքում։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները ստորագրեցին Եռակողմ հայտարարություն, համաձայն որի Ղարաբաղ մտցվեցին ռուսական զորքեր՝ որպես խաղաղ բնակչության անվտանգության եւ Լաչինի միջանցքի՝ Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի գործունեության երաշխավոր։
Չնայած օրենսդրության համաձայն Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, իսկ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի կազմով, Ռուսաստանը միակողմանիորեն ներմուծեց զորքեր եւ երեք տարի շարունակ արգելափակում էր քննարկումներն ու որոշումները միջազգային ատյաններում։ Ռուսական զորքերը Ղարաբաղ չէին թողնում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵԱՀԿ-ի, ինչը թույլ չէր տալիս միջազգային մակարդակով արձանագրել Ադրբեջանի կողմից ղարաբաղցիների իրավունքների խախտումները եւ ցեղասպան գործողությունները։
Խաղաղ բնակիչները, ովքեր լքել էին Ղարաբաղը 2020 թվականի պատերազմի ժամանակ, վերադարձան մասնակի օկուպացված Ղարաբաղ՝ ռուսական զորքերի, անձամբ Վլադիմիր Պուտինի երաշխիքների ներքո, ով հրապարակայնորեն խոստացել էր պահպանել հայկական մշակութային ժառանգությունը։ նաեւ գուցե նշենք էլի Պուտինի խոսքը՝ ղարաբաղցիները Ղարաբաղում կապրեն արժանապատվորեն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիան եւ հայ բնակչության տեղահանությունը նույնպես իրականացվեց ռուսական զորքերի ներկայությամբ։ Խաղաղ բնակիչները մնացին շրջափակված Լեռնային Ղարաբաղում առանց միջազգային անվտանգության երաշխիքների, որոնք Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին տորպեդահարել էր։ Ռուսական զորքերը նպաստեցին ղարաբաղյան զինված ուժերի զինաթափմանը, որոնք իրենց ուժերով փորձում էին իրացնել ինքնապաշտպանության իրենց իրավունքը։
Այս ամենը հանգեցրեց խաղաղ բնակչության բռնի տեղահանմանը, քաղաքացիական զոհերի, այդ թվում՝ երեխաների, կոլեկտիվ եւ մասնավոր գույքի կորստին, գերեզմանների եւ հազարամյա պատմական ժառանգության կորստին։
Փաստերի հաստատման առաքելությունը, որն իրականացվել է Freedom House, International Partnership for Human Rights, Democracy Development Foundation, Helsinki Citizens’ Assembly-Vanadzor, Protection of Rights without Borders NGO, Law Development and Protection Foundation եւ Truth Hounds- ի կողմից, հաստատել է, որ կան բավարար ապացույցներ եզրակացնելու, որ ադրբեջանական իշխանությունների եւ զինվորականների կողմից կատարված գործողությունները, ինչպես նաեւ Առաքելության զեկույցում նշված այլ արարքները, որը հրապարակվել է «Ինչու՞ չկան հայեր Լեռնային Ղարաբաղում» վերնագրով, հանդիսանում են անցագործություններ՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածը (մարդկության դեմ
ուղղված հանցագործություններ) եւ 8-րդ հոդվածը (պատերազմական հանցագործություններ), եւ համապատասխանում են բնակչության տեղահանման կամ բռնի տեղափոխման սահմանմանը։
Ադրբեջանի հանցագործությունների մասին խոսվում է նաեւ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցներում: Մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը դիտավորյալ կերպով Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք անհնար են դարձրել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության գոյությունը եւ գոյատեւումը։ Freedom House-ը հանդես է եկել մի շարք առաջարկություններով, որոնց թվում կազմակերպությունն առաջարկում է Միջազգային քրեական դատարանին մանրակրկիտ քննություն անցկացնել եւ հնարավոր քրեական հետապնդում իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված սարսափելի գործողությունների մեղավորների նկատմամբ։ Կազմակերպությունը շեշտում է, որ Ադրբեջանի կառավարությունը գիտակցաբար եւ համակարգված կերպով իրականացրել է էթնիկ հայերի բռնի տեղահանում։
Տարածաշրջանում տեղի ունեցածը պահանջում է մանրակրկիտ քննություն եւ գնահատում՝ միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների խախտումների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների առումով, ինչի մասին խոսվում է տարբեր միջազգային մասնագիտացված կազմակերպությունների զեկույցներում։
1992 թվականին միջազգային հանրությունը արձանագրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ տարաձայնությունների առկայությունը՝ ճանաչելով այս տարածքի վիճելի լինելը։ Հայաստանը եւ Ադրբեջանը այն ժամանակ դարձան ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ երկրներ՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցի շուրջ տարաձայնությունների առկայության փաստը եւ համաձայնվելով, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կորոշվի ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո խաղաղ կոնֆերանսում։ Երկու պետություններն էլ միջազգային պարտավորություն ստանձնեցին հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։
Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը չորս անգամ ագրեսիա է իրականացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ. առաջին անգամ՝ 1991-94թթ., երկրորդ անգամ՝ 2016թ. ապրիլին, երրորդ անգամ՝ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերին, եւ, վերջապես, չորրորդ անգամ՝ 2023թ. սեպտեմբերի 19-20-ին։
2022թ. դեկտեմբերի 12-ին սկսված 10-ամսյա շրջափակման ընթացքում ադրբեջանական ուժերը համակարգված կերպով ահաբեկում էին հայ բնակչությանը. Մենք՝ հայերս, ենթարկվում էինք դաժան հոգեբանական ճնշման.
— Ադրբեջանը փակեց Հայաստանից Լեռնային Ղարաբաղ եկող գազը, կտրեց էլեկտրահաղորդման գծերը՝ հոսանքազրկելով տարածաշրջանը, պարբերաբար կտրում էր ինտերնետի մալուխները։ Այս բոլոր հաղորդակցության միջոցներն անցնում էին Լաչինի միջանցքով, որը նա շրջափակել էր։ Այսպիսով, հիվանդանոցները եւ դպրոցները չէին ջեռուցվում, երեխաները չէին կարողանում դպրոց գնալ, էլեկտրաէներգիա ստանալու համար օգտագործվում էին Սարսանգի ջրամբարի ջրերը, որը շուտով գրեթե ցամաքեց։
— Ադրբեջանցիները սպառնում էին հայերին ֆիզիկական հաշվեհարդարով, եթե մենք՝ հայերս, չլքենք այդ հողերը, նրանք բարձր ձայնով միացնում էին համապատասխան տեքստերով աուդիո ձայնագրություններ բնակավայրերի մոտակայքում։
— Արձանագրվել են բազմաթիվ հարձակումներ քաղաքացիական անձանց վրա, կրակահերթեր հայ ֆերմերների ուղղությամբ, որոնք աշխատում էին իրենց դաշտերում։ Այս գործողությունները հանգեցրին զոհերի խաղաղ բնակչության շրջանում եւ անհնար դարձրին գյուղատնտեսությամբ զբաղվելը, ինչը խորացրեց մարդասիրական ճգնաժամը։ Հաճախ նրանք թույլ էին տալիս մշակել հողը, իսկ բերքահավաքի սեզոնին գնդակոծում էին դաշտերը՝ թույլ չտալով հավաքել բերքը։
— Արձանագրվել են ենթակառուցվածքների ծառայությունների աշխատակիցների սպանություններ, օրինակ՝ ջրամատակարարման համակարգի վերանորոգմամբ զբաղվող ջրտնտեսության աշխատակիցների սպանության եւ վիրավորման դեպքեր։ Նաեւ կրակ է բացվել ոստիկանական մեքենայի վրա եւ սպանվել են հայ ոստիկաններ։
— Բազմիցս ադրբեջանական ուժայինները պատանդ են վերցրել խաղաղ հայ բնակիչների հենց Լաչինի միջանցքում՝ ապօրինի հսկիչ կետում՝ նրանց ներկայացնելով ամենաանհեթեթ մեղադրանքներ։ Լեռնային Ղարաբաղի երեխաները երբեք չեն մոռանա անօդաչուների եւ պայթող արկերի ձայները։
Այս ամբողջ կամայականությունը հովանավորվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Ադրբեջանը անտանելի կենսապայմաններ է ստեղծել հայ բնակչության համար։ Հայերի դեմ վերջին ագրեսիան՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, դարձավ Ադրբեջանի հանցագործությունների գագաթնակետը։ Բնակավայրերը կտրվեցին շրջկենտրոններից, շրջանները՝ կենտրոնից՝ Ստեփանակերտից, կապը խզվեց։
Հայերի բռնի տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը պլանավորված կերպով ոչնչացնում է ողջ հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը։
Հայկական պատմական հուշարձանները կա՛մ ոչնչացվում են եւ ջնջվում երկրի երեսից, կա՛մ յուրացվում։
Միջազգային դատարանները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը, բազմիցս պարտավորեցրել են Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, իսկ հայերի տեղահանումից հետո՝ ապահովել հայերի անվտանգ վերադարձը եւ պահպանել մեր գույքն ու մշակութային ժառանգությունը։
Ադրբեջանը լիովին անտեսում է դատարանների պահանջները ոչ միայն իր անգործությամբ, այլ նաեւ իր հայտարարություններով, այդ թվում՝ հայերի նկատմամբ ատելության հռետորաբանությամբ։
Միջազգային դատարանների որոշումներում, սակայն, չկար հիշատակում Ռուսաստանի դերի մասին, պահանջներ՝ կատարել Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Նման պահանջների բացակայությունը տպավորություն է ստեղծում, թե հայերը 2020 թվականի պատերազմից հետո վերադարձել են Ադրբեջանի երաշխիքներով՝ ինտեգրվելու նպատակով, բայց չեն կատարել իրենց պարտավորությունները։
Հարգելի Դատախազ,
Հաշվի առնելով հանցագործությունների մասշտաբն ու լրջությունը, կան հիմնավոր պատճառներ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում կատարվել են գործողություններ, որոնք ընկնում են Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։
Խնդրում ենք Ձեզ, պարոն Դատախազ, ներկայացված տեղեկատվության հիման վրա նախաձեռնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական քննություն։ Ձեր միջամտությունը կարող է դառնալ վճռորոշ քայլ՝ ճշմարտությունը եւ արդարությունը հաստատելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ
ապագայում նման ողբերգությունները կանխելու ուղղությամբ»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: