«Ասում էին՝ թուրքերը մորթելով մտնում են քաղաք, փախեք։ Ես ու մայրս չունեինք, մեքենա, բենզին, տանը տղամարդ չկար, որ մեզ օգներ»,-Forrights.am-ի հետ զրույցում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռմբակոծության առաջին պահերը հիշելով պատմում է արցախցի Աննա Մեկունցը։ Նա դաժան մանրամանսեր է պատմում Արցախում ապրած իր վերջին օրերի մասին։
«Այդ օրը բակի հարևաններով սկսեցինք փնտրել երկու երեխայի, ծնողները չէին կարողանում գտնել, ուշ իմացանք, որ երեխաները զոհ են դարձել, թշնամին նրանց սպանել է»։
Աննան դերասանուհի է, աշխատել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
Բլոկադայի պայմաններում, երբ ադրբեջանական կողմը հարձակվել է խաղաղ արցախցիների վրա նա տանը մայրիկի հետ է եղել, իսկ երկու եղբայրները՝ դիրքերում։
«Այդ ժամանակ ես չգիտեի, թե որտեղ են իմ եղբայրները․ կապ չկար, լույս ու ինտերնետ չկար։ Այն ժամանակ, երբ բոլորը գնում էին օդանավակայան, ես ու մայրս տանը հաց էինք թխում ու սպասում, որ կլսեինք եղբայրներիս ձայնը։ Համակերպվել էի, որ թշնամին մորթելով գալիս է, պինդ գրկել էի խաչը, նստել աստիճաններին ու աղոթք էի անում։ Հրաշքով լսեցի մեծ եղբորս ձայնը, մորս էր կանչում։ Ավելի ուշ մյուս եղբայրս էլ եկավ։ Անորոշություն էր, կապ չկար, նկուղի և տան պատերից դուրս չգիտեի, թե ինչ է կատարվում, միայն պատերազմի ձայնն էր լսվում։ Ամսի 20-ին Ստեփանակերտն արդեն շրջափակել էին։ Վիճակը ծայրահեղ էր, թշնամին իր մեքենաներով շրջում էր քաղաքում, հայերին հեգնում էին, տպավորություն էր, որ դու ոչինչ ես քո հայրենիքում»,-պատմում է նա։
Աննայի եղբայրները շրջափակման մեջ են հայտնվել։ «Ամսի 21-ին, երբ հայտարարեցին, թե «հրադադար է», հայտարարեց, որ Արցախն Ադրբեջան է, բայց ես ու մայրս սպասում էինք, եղբայրներիս, նրանք շրջափակման մեջ էին։ Նրանց մի պայմանով էին բաց թողել, որ պետք է զենքերից հրաժարվեն։ Մենք երկար ժամանակ իմ եղբայրներից, մեր թաղամասի այլ տղաներից տեղեկություններ չունեինք։ Երբ եղբայրներս եկան տուն, մենք ստիպված վառեցինք զինվորական բոլոր իրերը՝՝ նկարներ, պատվոգրեր, հագուստներ, քանի որ ասում էին՝ թուրքը մտնում զինվորականի տուն բոլորին մորթում է։ Ես այդ պահին հոգեպես տապալված էի, քարացել էի, տպավորություն էր, որ մարդ եմ, ոչինչ չեմ զգում։ Պետք է թողնեի ամեն ինչ, իմ տունը, մանկությունը, պատմությունը ու գնաս անորոշություն։ Որևէ մեկին չեմ ցանկանա այդ զգացողությունը։ Մորս ծննդյան օրը դա արեցինք՝ սեպտեմբերի 24-ին»։
Ասում է Ստեփանակերտում ապրելն արդեն վտանգավոր էր դարձել։ Մարդիկ արագորեն հեռանում էինք քաղաքից։
«Գիշերները վտանգավոր էր, թաղամասը շրջափակման մեջ էր։ Մեր բակի տղաները զենքեր բերեցին, բաժանեցին և հերթապահության օրեր նշանակեցին։ Առաջին գիշերը, սակայն, եղբայրներս միայնակ մնացին, բոլորը գնացին։ Թաղամասում միայն մենք էինք ու մի քանի տարեց մարդիկ»,-ասում է Աննան ու նշում, որ նաև իրենց դուրս գալու հերթն է եկել։
«Հոգեբանորեն հասկացանք, որ լքելու ես քո տունը, բայց որոշեցինք արցախցուն բնորոշ պայքարել մինչև վերջ, բայց հետո, երբ սկսեցին կրակել՝ հասկացանք, կամ պետք է դուրս գալ, կամ մնալ և մորթվել»,-ասաց նա։
Աննա այժմ բնակվում է Երևանում, աշխատում է որպես լրագրող։ Մտքում Ստեփանակերտ վերադարձն է։
Մանրամասները՝ տեեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։