Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի նախաձեռնությամբ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման ու անհետ կորածների ճակատագրգերի պարզաբանման պահանջով հոկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների մոտ քաղաքացիների կողմից իրականացվեց բողոքի ակցիա։

Նախաձեռնությանը միացել են  ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։

Արցախի ՄԻՊ Գ. Ստեփանյանը տեղեկացրեց, որ 2024թ. նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում ևս մեկնարկել են ակցիաներ։

«COP29-ն առիթ է ներկայացնելու մեր պահանջները՝ ակնկալելով միջազգային կառույցներից, մասնավորապես, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, որ Համաժողովի նախաշեմին հստակ պահանջ ներկայացնի Ադրբեջանին՝ ազատ արձակելու Բաքվում պահվող մեր ռազմագերիներին ու պատանդներին։ Այո, պատանդներին, որովհետև նրանք ենթարկվում են Ադրբեջանի բռնապետական իշխանությունների քաղաքական և իրավական կամայականություններին։ Մենք ականատեսն էինք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես էր եկել Մերձավոր Արևելքում պատանդներին ազատ արձակելու կոչով ու հստակ պահանջով, ուստի մենք ակնկալում ենք նույն դիրքորոշումը հայ ռազմագերիների ու պատանդների նկատմամբ»,- հայտարարեց Գ. Ստեփանյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ հատկապես այս օրերին, երբ Ադրբեջանի վրա սևեռված է աշխարհը, պետք է պարտադրել Ադրբեջանին կատարել մարդու իրավունքների միջազգային դրույթները։ Այդ առումով միջազգային դաշտում որոշակի ակտիվություն նկատվում է ու ԵԽ-ում նախատեսում են քննարկումներ։ Հասարակությունն էլ իր հերթին պետք է ակտիվ լինի, որ աշխարհին ներկայացվի ճշմարտությունը, քանի որ խոսքը մարդկային ճակատագրերի մասին է։

Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ ակցիայի մասնակիցները նամակներ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին։ Նամակներից մեկը Արցախի թեմի առաջնորդի անունից էր` COP29–ից առաջ Արցախի ժողովրդի տարբեր իրավունքների վերաբերյալ պահանջներով։

«Բացի ադրբեջանական իշխանությունների կողմից հաստատված և Բաքվի բանտերում պահվող 23 անձանցից, հայ իրավապաշտպան համայնքի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տեղեկություններով փաստվում է ևս շուրջ 80 անձանց հավանական գերեվարության հանգամանքը, որոնց վերաբերյալ Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տրամադրում։ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հարցերին զուգահեռ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության տեսանկյունից մեծագույն կարևորություն ունեն Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և մասնավոր գույքի պահպանության և Արցախի ժողովրդի հավաքական անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացման հարցերը»,-նամակից ընթերցեց Գ. Ստեփանյանը։

Գեղամ Ստեփանյանն անդրադառնալով Հայաստանի հնարավոր մասակցությանը COP29-ին՝ պնդեց, որ ունենալով գերիներ և չճշտված ճակատագրեր, անհետ կորածներ՝ գնալը և մասնակցելն ուղղակի անընդունելի կլինի։

Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիս Ալավերդյանը դիմելով Հայաստանի ԱԳՆ-ին՝ պահանջեց չստորագրել որևէ պայմանագիր, թուղթ մինչև ազատ չարձակվեն ու չվերադարձվեն գոնե պաշտոնապես ճանաչված զինգերիները և պատանդները: «Պետք է քայլեր ձեռնարկվեն վերոնշյալ պահանջների իրագործման համար և այս պահանջը հղում ենք ոչ միայն ՀՀ իշխանություններին, միջազգային հանրությանը, այլև մեր հասարակությանը։ Անվիճելի ճշմարտություն է, որ այն ինչը չի անում իշխանությունը, հասարակությունը պարտավոր է տասնապատիկ շատ անել։ Մեր հասարակությունը տարօրինակ պասիվություն է ցուցաբերում, սակայն Աստված անողին է բարձրացնում ու նպատակին հասնում են քայլեր անելով և հատկապես այն պարագայում, երբ իշխանությունները հարցը օրակարգ չեն բերում։Դիմում եմ նաև ԶԼՄ- ների ներկայացուցիչներին, որ առաջիկա ամիս այդ ուղղությամբ ջանքեր չխնայեն»,-մեզ հետ զրույցում ասաց Լ. Ալավերդյանը։

Ակցիայի մասնակից Նունե Դադայանը օկուպացված Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից է։ 2023թ. մեկօրյա պատերազմի հետևանքով Չարեքտարի դիրքերում գերեվարվել է նրա միակ որդին՝ պայմանագրային զինծառայող Վասիլի Բեգլարյանը։ Նա ընտանիքի միակ տղամարդն էր և 5 քույրերի ու մոր միակ ապավենը։ Սեպտեմբերի 19-ին նա դիրքում էր։ Հրադադարից հետո մենակ էր մնացել անտառներում, սակայն մի քանի օրից ադրբեջանցիները գերեվարել են։ Բազմաերեխատար մայրը ևս միացել է ակցիային՝ պահանջելով անհապաղ ազատ արձարկել բոլոր գերիներին ու պատանդներին։

Ակցիայի մասնակիցները երթով հասել են ՀՀ ԱԳՆ շենքի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների մոտ՝ հանձնելով իրենց պահանջներն ամփոփող նամակները։

Զառա Մայիլյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest