Forrights.am-ի խմբագրություն է ահազանգել Արմինե Մեհրաբյանը և տեղեկացրել, որ որդին առողջական խնդիրներով զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Մոր փոխանցմամբ՝ տղայի մոտ խնդիրները շարունակում են պահպանվել։ Զինծառայողին նույնականացնող տվյալները չենք հրապարակում՝ անվտանգության նկատառումներով պայմանավորված։

«Իմ տղան գեներալնի կամիսյա չի անցել, ոչ մի բուժզննում չի անցել։ Թող պատասխանեն, թե ինչո՞ւ իմ տղան բուժզննում չի անցել»,-Forrights.am-ի հետ զրույցում նշում է Արմինե Մեհրաբյանը։

Մայրը պնդում է՝ որդին լուրջ առողջական խնդիրներ ունի։ «Տարել են Նուբարաշեն, այնտեղ վատացել է, տիրություն չէին արել, ուղարկեցին ինֆեկցիոն, տասը օր բուժվեց, մայրական խնամքի չտվեցին, մի անգամից տարան զորամաս։ Հինգ ամիս ծառայելուց հետո 10 օրով տուն ուղարկեցին, տղաս անընդհատ ջերմում էր, դիմեցի Մուրացանի հոսպիտալ։ Պարզվեց, որ երկկողմանի թոքաբորբ է, հետո պարզվեց, որ փայծաղի ու երիկամների հետ կապված խնդիրներ կան։ Մինչ բանակ գնալը սրտի խնդիրներ ուներ, ասացին, որ զինկոմը ուղեգիր կտա, որ ստուգումների գնա, բայց դա էլ չարեցին։ Մուրացանում երկու ամիս բուժում ստացավ, դրանից հետո ուղարկեցին մայրական խնամքի, բայց էլի ջերմում էր, այդպես ուզում էին զորամաս ուղարկել։ Գնում եմ Մուրացանի հոսպիտալ, ասում եմ, որ ուզում եմ բժշկի հետ հանդիպել, բժիշկը հրաժարվում է, ասում է՝ ես իրեն տեսնելու բան չունեմ, թող գնա պետի մոտ, բժիշկը Իրինա Իվանովնան է։ Բուժքույերին ասում եմ ջերմաչափ տվեք, չափեմ, տեսեք, որ բարձ է, ասում են՝ չունենք ջերմաչափ։ Ես ինձ հետ տնից տարել էի, դնում եմ ջերմությունը ցույց է տալիս 37.2 աստիճան։ Ես ասում եմ՝ բուժեք էլի տարեք, բայց պատճառը գտեք՝ ինչու է ջերմում։

Փայծաղի հետ կապված ասում են, որ կտանեն Սիսիան, 15 օր հոսպիտալում կպահեն հսկողության տակ,  բայց հաջորդ օրը տանում են զորամաս, իսկ երկու օր հետո հանում են դիրքեր։ Հիմա էլ է դիրքերում»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց մայրը։

Forrights.am-ը խնդրի առնչությամբ ահազանգել էր Մարդու իրավունքերի պաշտպանին։ Կառույցը մեր գրությունից հետո կապ է հաստատել զինվորի մոր հետ և գրություն ուղարկել Պաշտպանության նախարարություն։ Սակայն, նույնիսկ ՄԻՊ-ի միջամտությունից հետո Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունից հայտնում են, որ զինվորն առողջական խնդիրներ չունի։ Forrights.am-ը գրությամբ դիմել էր ՊՆ՝ հստակ պարզաբանումներ պահանջել։

Պաշտպանական գերատեսչության փոխանցված պատասխանում նշել են․ «Զինծառայողը ներկայում հոսպիտալացման անհրաժեշտոթյուն չունի, իսկ առողջական վիճակը բավարարում է զինվորական ծառայության ընդգրկվելու համար»,- կառույցը նաև մանրամասնել է, թե զինծառայողն ինչ հետազոտություններ է անցել։

«Զինծառայողը 2024 թվականի հունիսի 17-ին ընդունվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ ստացիոնար բուժման, ստացել է համապատասխան բուժում։ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին բուժզննում է անցել զորամասի բուժկետում, առողջական գանգատներ չի ներկայացրել։ Կատարվել է զարկերակային ճնշման, անոթազարկի, ջերմության չափում, որոնց տվյալները եղել են նորմայի սահմաններում»,-նշված է ՊՆ-ի պատասխանում։

Մայրը՝ Արմինե Մեհրանյանը, նշում է՝ որդին կաշկանդված է և չի բարձրաձայնում առողջական խնդիրների մասին։ Նա շարունակում է պնդել, որ տղան բուժման կարիք ունի։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest