Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ հունվարի 1-ից ռուս սահմանապահները կհեռանան հայ-իրանական սահմանի հսկիչ-սահմանային կետից

«Համաձայնություն է ձեռքբերվել նաև այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով», — նշված է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի տարածած հաղորդագրությունում։

«Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում նշեց. «Ընդհանուր սահմանի երկայնքով պետք է արձանագրել, որ թե՛ Թուրքիայի և թե՛ Իրանի հետ պետական սահմանին մինչ այս կանգնած են եղել միայն ու բացառապես Ռուսաստանի սահմանապահ զորքերը, իսկ այսուհետ ծառայությունը կիրականացվի խառը ռեժիմով, այսինքն, Ռուսաստանի սահմանապահների հետ զուգահեռ ծառայություն կտանեն նաև Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության սահմանապահ զորքերը: Սա ևս աննախադեպ երևույթ է: Իսկ անցագրային կետում էլ արդեն բացառապես Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն է»:

Pin It on Pinterest