ՀՀ Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության արդեն նախկին աշխատակից Կարեն Գալստյանը ժամանակին զբաղեցրել է տարբեր պաշտոններ ու 2022թ. նաև կառույցի տեղամասային արհմիության նախագահն ու մեխանիկն էր։ Արդեն 3-րդ տարին է կոմբինտի տնօրինությունը նրան հեռացրել է աշխատանքից և նա պայքարում է իր աշխատանքային իրավունքները վերականգնելու համար։ Նա ծննդով Քաջարանից է ու քաջատեղյակ է  կոմբինատի աշխատողների խնդիրներին քանի որ նրանց մեծ մասը նույնպես հայրենի քաղաքից են։

«Արհմիության անդամներով հանդիպել ենք կոմբինատի տնօրենության հետ, ներկայացրել աշխատավորների խնդիրները՝ աշխատավարձի անհամաչափությունը, աշխատանքային պայմանները, որոնք հրատապ լուծման կարիք ունեին։ Կոմբինատի աշխատակցի միջին աշխատավարձը կազմում էր 340 հազար դրամ,  որի շուրջ 50%-ը վնասակար միջավայրում աշխատելու առողջության փոխհատուցման գումարն էր։ Մեզ պատասխանել են, որ կփորձեն արձագանքել 10 օրից։ Մտածում էինք, որ հեղափոխությունով ժողովրդավարություն է հաստատվել և կարող ենք բարձրաձայնել մեր խնդիրները։ Նույնիսկ արհմիության ընդհանուր ժողով գումարեցինք, քվեարկեցինք ու նոր դիմեցինք տնօրենությանը։ Սակայն խնդիրներին լուծում տալու փոխարեն ինձ հեռացրել են աշխատանքից»,-վրդովված ներկայացրեց Կ. Գալստյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ բոլոր ներկայացված խնդիրները հիմնավորված էին, պահանջը արդարացված։ Կոմբինատի աշխատավորների կողմից բարձրացված խնդիներն այդպես էլ մնացին անարձագանք, իսկ  Կարեն Գալստյանին՝ աշխատավայրից պարբերաբար բացակայելու շինծու մեղադրանքի հիմքով ներկայացվեց հեռացման հրաման։ Իր իրավունքները վերականգնելու նպատակով նա 2,5 տարվա ընթացքում դիմել է տարբեր ատյաններ։ Կոմբինատի տնօրենության կայացրած որոշումը նա բողոքարկել է դատարան։ Այնտեղ իրեն ներկայացրել են կոմբինատի աշխատակիցների կողմից ստորագրված փաստաթուղթ, որում հավաստել են, որ նա պարբերաբար բացակայել է աշխատանքից։ Տուժողը՝ Կ. Գալստյանը, առերես հարցաքննության ժամանակ չի ընդունել փաստը, որ ինքն աշխատանքի չի ներկայացել։ Վարույթն իրականացնող մարմինն աղավաղել է փաստերը և հաստատված է համարել փաստական հանգամանքներ, որոնք ըստ էության գոյություն չեն ունեցել՝ խախտելով տուժող  Կ. Գալստյանի իրավունքները։

«Այդ փաստաթղթի տակ ստորագրողներն ինձ հետ անմիջական կապի մեջ չէին, իրենք չէին կարող իմ բացակայությունները փաստել, սակայն դատարանին ներկայացրել են հակառակը։ Ինձ հետ աշխատող մի քանի հոգի ցուցմունք տվեցին, որ չեմ բացակայել, սակայն դա հիմք չընդունվեց, իսկ կոմբինատի ղեկավարությունը սկսեց ահաբեկել այդ մարդկանց և նրանք աշխատանքը կորցնելու վախից ելնելով հետ վերցրին իրենց փաստարկները։ Տվյալ փաստաթուղթը բողոքարկել եմ դատախազություն ու, քանի որ կոմբինատի ազդեցության հնարավորություններն ու լծակները շատ մեծ են, քննիչը գործը կարճեց։ Դատախազությունն էլ ընդունեց, սակայն բողոքարկեցինք դատարան՝ հիմնավորելով, որ քննիչն իր գործը պատշաճ չի կատարել։ Դատարանն էլ որոշում ընդունեց, որ գործը պետք է պատշաճ քննվի ու արդեն 1,5  տարի գործընթացը շարունակվում է»,-պարզաբանեց Կարենը։

Բողոքը քննության առնելու մասին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023թ. հոկտեմբերի 6-ի որոշման մեջ նշվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության քննիչի պաշտոնակատար Մ. Հովհաննիսյանի 2023թ. ապրիլի 30-ի քրեական վարույթը կարճելու մասին որոշումը կայացվել է դատավարական կարգի էական խախտմամբ, բավարար չափ պատճառաբանված չէ և հիմնավորված չէ, չի բխում քրեական վարույթի նյութերում ամրագրված փաստական տվյալներից և կայացված որոշմամբ տուժող Կարեն Գալստյանի իրավունքներն ու օրինական շահերը խախտվել են, հետևաբար բողոքաբերի բողոքը ենթակա է բավարարման։

Տուժողը դիմել է նաև Կառավարությանը, մեկ տարի առաջ նույնիսկ նստացույց է արել, տեսաուղերձ հղել վարչապետին։ Ի վերջո, նրան ընդունել էին կառավարության ներկայացուցիչները, վստահեցրել, որ կլսեն նաև մյուս կողմին ու խնդրին լուծում կտան։ Արդյունքում նրա մեղադրանքին ավելացրել են նաև կոմբինատի գույքի ջարդելը, ինչը մեր զրուցակիցն անհեթեթ և հնարովի է համարում։

Քաջարանում միակ աշխատատեղը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է ու զրկվելով աշխատատեղից  տվյալ մարդն ու իր ընտանիքը կորցնում են ապրուստի միակ միջոցը՝ հայտնվելով անելանելի վիճակում։ 35-ամյա Կ. Գալստյանը շուրջ երկու տարի է՝ ինչ գործազուրկ է ու այդ ընթացքում նա դիմել է տարբեր ատյանների՝  իր իրավունքների վերականգնման ու խնդրի արդար դատաքննության և իր ասելով՝ արդարության վերականգնման համար։

 

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest