Reuters-ը հայտնեց, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան, այդ թվում՝ ադրբեջանական թերթերից մեկի դեմ: NEWS.am-ին հաջողվեց կապ հաստատել փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ, որը հաստատեց տեղեկությունը և որոշ մանրամասներ հայտնեց:
«Տեղեկությունը ճիշտ է: Ադրբեջանում ավելի քան մեկ տարի կալանքի տակ պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը Ռուբեն Վարդանյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող հրապարակումների համար հայց է ներկայացրել Բաքվի դատարան՝ ադրբեջանական ռուսալեզու «Бакинский Рабочий» լրատվամիջոցի դեմ: Սա միակ լրատվամիջոցն է, որի տպագիր տարբերակը հասանելի է Բաքվի բանտում պահվող բանտարկյալներին, և որի բազմաթիվ հրապարակումներում Վարդանյանին վերագրվում են շինծու մեղադրանքներ:
Այդ երկրում մի կողմից ազատ լրագրողները ենթարկվում են ճնշումների, իսկ մյուս կողմից պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները պատասխանատվություն չեն կրում ապատեղեկատվության ու զրպարտության համար: Մինչդեռ այս տարի հուլիսին խոսելով ապատեղեկատվությունից՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայատարարել էր, թե «լրատվամիջոցների ներկայացուցիչներն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում, քանի որ նրանց լուսաբանումը շատ դեպքերում անդրադառնում է մարդկանց կյանքի վրա», ինչին էլ, իմ տեղեկություններով, հղում են արել փաստաբանները՝ իրենց համաձայնությունը հայտնելով այդ ձևակերպմանը:
Այս իրավիճակում Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի թե՛ ներպետական, թե՛ միջազգային իրավունքի բոլոր նորմերով իրավասու է ի դիմել դատարան իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար:
Թեև ներպետական ընթացակարգերից առանձնապես մեծ սպասելիքներ չունենք, բայց միայն դրանք սպառելուց հետո է հնարավոր դիմել միջազգային ատյաններ»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: