Սահմանադրական դատարանն օրերս հրապարակեց որոշում, որի համաձայն սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ 33-էջանոց որոշման գերակշիռ հատվածը, սակայն, ոչ թե սահմանազատման մասին է, այլ՝ Սահմանադրության նախաբանում ամրագրված Անկախության հռչակագրի։
Ըստ Բարձր դատարանի՝ Անկախության հռչակագիրը «ծնողին խժռող զավակի» կվերածվի, եթե Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի, հայ — ադրբեջանական սահմանազատման կանոնակարգին վերաբերող որոշման մեջ գրել են Սահմանադրական դատարանի դատավորներն ու անմիջապես հավելել՝ «սահմանադրական երկիշխանության նպատակ երբեք այդ փաստաթուղթը չի ունեցել»։
Սահմանադրական դատարանը եզրահանգել է՝ Սահմանադրության նախաբանի՝ «… հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»:
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Forrights.am-ի հետ զրույցում աննախադեպ է համարում ՍԴ-ի որոշումը։ Ըստ նրա՝ Հայաստանի Սահմանադրական դատարանը իշխանության ցանկությունն է կատարել՝ հնարավորություն տալ սահմնազատման վերաբերյալ կանոնակարգը հաստատել առանց խաղաղության պայմանագրի ստորագրման։
«Սահմանադրական դատարանի որոշումն անախադեպ է։ Դա այն մասին էր, որ ՀՀ-ն, ըստ ՍԴ-ի, կարող է ընդունել օրենք, որին պետք է ենթարկվի այլ պետության պետական մարմին՝ տվյալ դեպքում Ադրբեջանի սահմնազատման հանձնաժողովը։ Սա նոր խոսք է իրավաբանության մեջ։ Բացի այս աննախադեպ է այն մտքերը, որ շարադրված են որոշման մեջ Անկախության հռչակագրի և Սահմնաադրության վերաբերյալ։ Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանը տեղյակ չէ, որ Հայաստանի հանրապետությանը գտնվում է հակամարտության մեջ Ադրբեջանի հետ և այդ հակամարտությունը սառեցված է նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ։ Տպավորություն է, որ դատարանը այդ ամենից տեղյակ չէ և համարում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի մասին պայմանագիրը կարող է կնքվել առանց խաղաղության պայմանագրի։ Կա խնդիր շրջանցել խաղաղության պայմանագրի բացակայության հարցը, ՍԴ-ն սպասարկելով կառավարության ցանկությունը ընդունեց իրավագիտության տեսանկյունից անհնար որոշում»,-ասաց նա։
Ըստ Ղուկասյանի՝ սա միջազգային հարթակներում Հայաստանի համար լուրջ խնդիրներ է առաջացնելու։
«Ամբողջը վերլուծելով կարելի է ասել, որ ՍԴ-ն անտեսեց գոյություն ունեցող փաստեր և եկավ եզրակացության, որը որ ոչ թե Սահմանադրությանն է հակասում, այլ հակասում է սահմանադրականությանը, իրավական գիտությանը։ Սա աննախադեպ է, բացասական հետևանքեր է ունենալու Հայաստանի իրավական համակարգի համար այն առումով, որ ՀՀ ՍԴ-ն հանդիսանում է միջազգային սահմանադրական դատարանների կազմակերպությունների մասնակից, համագործակցում է Վենետիկի հանձնաժողովի հետ։ Այս որոշումը տապալում է Հայաստանի վարկանիշը որպես իրավական պետություն, որովհետեև ՍԴ-ն, եթե կանոններին չի հետևում ու քաղաքական որոշում է ընդունում, դա մեծ հարված է իրավական պետության ամբողջ համակարգին»,-ասաց նա։
Բարձր դատարանը Սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության հարցը քննեց ընդամենը մի քանի ժամում: Իսկ երեք օր հետո հրապարակված որոշման տեքստում կենտրոնացավ ոչ թե բուն կանոնակարգի, այլ Սահմանադրության նախաբանում ամրագրված Անկախության հռչակագրի վրա: Արդյոք Բաքվի պահանջն է պատճառը, որ բարձր դատարանը կանոնակարգի սահմանադրականության հարցը քննելիս հիմնականում կենտրոնացել է Անկախության հռչակագրի վրա։ Ազգային ժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում տեղին չէր համարել դատարանի անաչառությանը կասկածելը, բայց և հավելել էր, թե ինչու են այդքան ծավալուն անդրադարձ կատարել Անկախության հռչակագրին:
«Մենք պետք է հասկանանք, որ իրավական նորմը մնում է իրավական նորմ, հռչակագիրն ու անկախությունը, սիմվոլները մնում են սիմվոլներ: Մեկը մյուսի հետ խառնելը շատ անտեղի է», — ասել էր Ալեն Սիմոնյանը:
Անդրիաս Ղուկասյանը իշխանության ներկայացուցիչների այսօրինակ հայտարարությունները մտահոգիչ է համարում։
«Իշխանության ներկայացուցիչներն ակնհայտ հակասահմանադրական մտքեր են արտահայտում, եթե այդպիսի մտքեր են հնչեցնում, ապա խնդիր ունեն սահմանդրական կարգի հետ։ Իրենց քաղաքական ցանկությունները, ծրագրերը չեն տեղավորվում Սահմանադրությամբ տրված շրջանակների մեջ, դրա համար սահմանադրական կարգին դեմ հայտարարություններ են անում։ ՍԴ-ն փաստեց այն իրողությունը, որ գործող Սահմանադրության նախաբանը և անփոփոխ հոդվածները ունեն իրավական ուժ, չեն կարող փոփոխվել։ Այն տեսակի հայտարարությունները հակասում են ՍԴ-ի դիրքորոշմանը։ ՍԴ-ն իրողութունը փաստեց, բայց եկավ եզրահանգմանը, որ կանոնակարգը կարող է որպես օրինագիծ ներկկայացվել և ընդունվել որպես օրենք, ինչպես ասացի նոնսենս է, որը որ կարող է բերել ՀՀ ՍԴ-ի վարկանիշի անկման»,-ասաց նա։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։