Արցախում վոկալի առաջին դասարանը եւ եկեղեցական առաջին երգչախումբը հիմնած Ջուլետտա Առուստամյանը երկու անգամ է տեղահանվել։ Առաջին անգամ նա ստիպված է եղել հեռանալ Ադրբեջանի Միգեչաուր քաղաքից, որտեղ ծնվել եւ մեծացել էր, երկրորդ անգամ՝ Շուշիից, որի հետ կապել էր իր ամբողջ գիտակից կյանքը։ Տիկին Առուստամյանն այժմ ամեն կերպ փորձում է պահպանել Արցախի հեղինակային երգի «Երանգ» ակումբը եւ դրան երկրորդ շունչը հաղորդել։
«Մեր ակումբը հիմնեցինք 2016-ին Շուշիում։ Հուլիսի 1-ին մեր ակումբը նշեց իր 8-ամյակը: 8 տարի առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առաջին անգամ ներկայացրինք մեր կատարումները եւ հայտարարեցինք ակումբի ստեղծման մասին: Շատ էինք ելույթներ ունենում եւ սկսեցինք մտածել ակումբի գրանցման մասին: Սակայն 2020թ. պատերազմը խափանեց մեր բոլոր նպատակները»,- պատմում է Առուստամյանը։
Շուշիի կորստից հետո նա ընտանիքի հետ բնակություն է հաստատել Արմավիրի Բաղրամյան համայնքում, սակայն պարբերադար մեկնել է Արցախ եւ այնտեղ տարբեր միջոցառումներ է կազմակերպել։ Իսկ Արցախի շրջափակման ամիսներին հեռախոսով անընդհատ կապի մեջ է եղել իր աշակերտների հետ։
«Ամեն անգամ երբ զանգում էի աշակերտներիս հետ խոսալու, աչքերի մեջ փնտրում էի՝ հո սոված չե՞ն էրեխեքը այս վիճակում։ Բայց ասում էին՝ լավ ենք, ամեն ինչ լավ է։ Ես ամեն ինչ հասկանում էի, շատ լավ ամեն ինչ գիտեի, երիտասարդ տարիքում ես էլ եմ շրջափակման մեջ եղել, գիտեմ, թե ինչ է սոված, առանց ջուր, առանց գազ… այն ժամանակ ես նկուղում եմ ծննդաբերել… ի պատիվ արցախցիների, պետք է ասել, թե ինչքան պատվով են իրենք իրենց պահել… 2023 թ. պատերազմը եւ դրան հաջորդած բռնի տեղահանումը դաժան փորձություն էր բոլորի համար: Աշակերտներս սփռվեցին Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ Էջմիածին, Հրազդան, Աշտարակ»։
Երգահանները պահում էին կապը միմյանց հետ, բայց ակումբի վերածննդի մասին ի սկզբանե չէին էլ մտածում, քանի որ մնացել էին առանց գործիքների։
«Ամռանը՝ հուլիսի 27-ին տեղի ունեցավ ակումբի երեւանյան համերգը, որի հասույթով ակումբի համար կիթարներ ձեռք բերվեցինք»,- պատմում է Առուստամյանը։
Նրա խոսքով կարեւոր է ջանք գործադրել եւ փորձել պահպանել ակումբը, քանի որ նման նպատակ դնելով է հնարավոր մտածել ապագայի մասին.«Մենք պետք է լինենք առողջ եւ պատրաստ լինենք լծվել աշխատանք կատարելու։ Ես հասկանում եմ, որ մեր թշնամին ունի իր նպատակները որոնց գնում է, ինձ համար ամենացավոտն այն է, որ ես չեմ հասկանում, թե մենք ինչ ենք ուզում։ Մենք ուզո՞ւմ ենք ինչ որ բան, թե՞ միայն արձագանքում ենք ուրիշների ասածներին… Ես երազկոտությամբ չեմ տառապում, շատ լավ հասկանում եմ, որ ակումբի հետագա կյանքը գուցե չի լինելու, եւ դա կախված է շատ ու շատ հանգամանքներից։ Բայց նաեւ հասկանում եմ, որ մեր երկիրն այնպիսի վիճակում է, որ չենք կարողանում երկարատեւ պլանավորում անենք։ Սակայն եթե ուզում ենք, որ մեր կյանքը նորմալ կյանքի նմանվի, պետք է գոնե փոքր, մոտ նպատակ դնենք, հասնենք դրան, հետո մյուսը դնենք, հետո մյուսը։ Մեր խնդիրը դա էր՝ հավաքվել, համերգային ծրագիր պատրաստել, այնպիսի ծրագիր, որ ամոթ չլինի երեւանյան հանդիսատեսին ներկայանալ եւ ստացված գումարը տրամադրել գործիքներ ձեռք բերելուն։ Մեզ մոտ դա ստացվեց»։
Բացի երաժշտությունից, Ջուլետտա Առուստամյանն այժմ զբաղվում է նկարչությամբ, ասում է՝ հենց դա իրեն օգնեց հաղթահարել այն ծանր հոգեբանական վիճակը, որում ինքը հայտնվել էր Արցախի կորստից հետո.«Հայրենիքի կորուստը շատ ծանր է, շատ դժվար է միայնակ այդ սթրեսը հաղթահարել։ Մարդիկ կան չեն հասկանում դա, պետք է ձգտել հասկանալ, իսկ եթե չես հասկանում, լռեն։ Դուք չգիտեք, թե մարդիկ ինչի միջով են անցել, ինչ են զգում… ես չեմ ցանկանում, որ մեր ազգը ամբողջությամբ զգա, թե մենք ինչով ենք անցել, ինչ ենք կորցրել.. Դա բառերով հնարավոր չէ ասել… հիմա էլ ապրել վախի մեջ, որ սա էլ կկորցնենք…»։
Անի Գևորգյան
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։