2022 թվականի մայիսից ազատազրկված Վարուժան Ավետիսյանը ՄԻՊ–ին հասցեագրված նամակ է հրապարակել իր և խցակիցների`«Սասնա Ծռեր» շարժման մյուս անդամների՝ Մխիթար Ավետիսյանի և  Գագիկ Եղիազարյանի անունից։

Նամակում իր անձնական խնդիրների մասին սովորաբար լռող գործիչը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը իրեն և իր ընկերներին պահում է «հանրապետության ամենաանմարդկային բանտի ամենավատ՝ 86-րդ, խցում»:

«2022 թ. մայիսի 28-ին մեզ՝ Սասնա Ծռեր խմբավորման անդամներիս, բանտ վերադարձնելու առաջին իսկ օրվանից պահում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ ազատազրկվածների համար նախատեսված 5-րդ հարկում՝ 77, 85 և 86 խցերում:

Դրանցից 86-րդ խուցն առավել վատթար վիճակում է: Ճակատագրի հեգնանքով տեղին է հիշատակել, որ 86-րդ խուցը մեկն է այն 5 խցերից, որտեղ նախկինում պահել են մահապատժի դատապարտվածներին: Մեզ համար ակնհայտ է, որ մեր նկատմամբ այդպես են վարվում Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով, որի դրդապատճառը վրեժխնդրության նենգ մղումն է, իսկ նպատակը՝ մեր կյանքը վտանգելն ու առողջությունը վնասելը», – ասված է նամակում։

Հետագա նկարագրությանը ծանոթանալիս, ակամայից տպավորություն է, թե Արդարադատության նախարարությունը, քրեակատարողական ծառայությունը, «Նուբարաշենի» ղեկավարույթյունը կանխամտածված սպանություն են իրականացնում, մարդկանց պահելով նման պայմաններում։

Ըստ Ավետիսյանի, Խցի սանհանգույցը կիսաքանդ է՝ գաջե պատերով և բետոնե հատակով, ինչը ախտածին միջավայր ու մշտական խոնավություն է «ապահովում», խցի պատերի և առաստաղի ծեփը թափվում են, հատակը ասֆալտբետոնե է և քայքայվում է, 30 քմ մակերեսով խուցը 0,7 քմ-ից փոքր լուսամուտ ունի, խցում կիսախավար է, օդը ծանր է,  «էլեկտրամալուխային ցանցն ինքնաշեն է՝ առանց բաժանարար տուփերի, մալուխները կցմցված են»,  սեղանը հնարավոր չէ օգտագործել, կահույք չկա, ուտիճները, խավարասերները, փայտոջիլւ, կարիճն ու մորմը, «սարդակերպ միջատները» վխտում են։

«Խուցը նորոգելու վերաբերյալ «Նուբարաշեն» ՔԿՀ պետին և ՀՀ ԱՆ ՔԿԾ պետին հղված մեր դիմումներն ընթացք չեն ստանում: Ս.թ. սեպտեմբերի 13-ին ես և իմ խցակիցները դիմել ենք ՔԿՀ պետին՝ խնդրելով հաշվի առնելով խցի անմարդկային և նսեմացուցիչ պայմանները, ինչպես նաև այն հանգամանքը, որ երեքս էլ ունենք առողջական խնդիրներ, մեզ տեղափոխել ս.թ. սեպտեմբերի 11-ին ազատված 7-րդ մասնաշենքի 9-րդ խուց, քանի որ այն բարվոք վիճակում է: Ս.թ. սեպտեմբերի 17-ին ստացել ենք պատասխան, որ մեր տեղափոխումը նպատակահարմար չէ», – գրում է Վարուժան Ավետիսյանը, խնդրելով օմբուդսմենին կազմակերպել այցելություն «Նուբարաշեն» ՔԿՀ, միջոցներ ձեռնարկել իր և իր ընկերների խցակիցների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ, քանի որ բոլորն ունեն նման պայմանների հետ անհամատեղելի առողջական խնդիրներ։

Ինչո՞ւ են «Սասնա Ծռերի» անդամները պահվում նման պայմաններում, ինչ պատասխան ունի քրեակատարողական ծառայությունը տալու Վարուժան Ավետիսյանին և նրա ընկերներին։ ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը գրավոր հարցում է պահանջում, չնայած, նամակը հրապարակվել է մոտ մեկ շաբաթ առաջ, եւ ՔԿԾ–ն պատասխանը վաղուց պետք է ունենար։

Բայց «Սասնա Ծռերի» բողոքներին չպատասխանելը հավանաբար, նույնպես դիտավորություն է, ինչպես եւ նրանց անմարդկային պայմաններում պահելը։

Ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունն այսպես վարվում նրանց հետ՝ առանձնակի դաժանությամբ։

Վարուժան Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը կարծում է, որ պատճառը անձնական է՝ 2016 թվականին ՊՊԾ գունդը գրաված Ծռերը չընդունեցին Նիկոլ Փաշինյանի առաջարկները։

«Այսօրվա ղեկավար կոչվածը անձնական վրեժխնդրություն, ոնց որ թե ունի նրանց նկատմամբ։ Կարծում եմ՝ պատճառը դա է», – ասում է փաստաբանը։

Արայիկ Պապիկյանը համարում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Հայաստանի Հանրապետության այցեքարտն է, իրական դեմքը։ Նախկինում, երբ դատաիրավական բարեփոխումները Հայաստանում նոր էին սկսվել, Հայաստանի կալանավայրեր բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ էին այցելում։ Այսօր լավագույն դեպքում մեկ երկու պաշտոնյա է գալիս Արդարադատության նախարարությունից, կամ ՔԿԾ–ից։ «Համոզված եմ, որ նրանց «Նուբարաշենի» ցմահների խցերը չեն տանում։ Օրինակ, Վարուժան Ավետիսյանի խցի պայմանների մասին դեռ անցյալ տարի նա պատմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին, որը այցել ել էր նրան։ Ճիշտ է, ՄԻՊ–ը չէր մտել նրա խուց, զրույցը քննիչների սենյակում է տեղի ունեցել, բայց փաստ է, որ Վարուժանը ներկայացրել է նրան իրավիճակը։ Մեկ տարուց ավելի է, մենք տարբեր իրավասու մարմիններին այդ մասին գրավոր տեղեկացնում ենք։ Այնպես չէ, որ այդ նամակում շարադրվածը նոր հայտնի դարձավ։ Մեկ տարուց ավելի մենք  փորձել ենք օրինական միջոցներով գործել, բայց չի ստացվում։ Բառերով նկարագրելը հեշտ է, այդ պայմաններում ապրելւը՝ դժվար։  Աղետալի վիճակը է։ Ամռանը 40 աստիճան շոգ, առանց օդափոխության, ասֆալտե հատակով։ Շատ փոքրիկ փակ պատուհան է, լուսավորությունը շատ թույ։ Մի լավ պատմվածքից բառեր եմ հիշում՝ որտեղ չի մտնում արևը, մտնում է բժիշկը», – ասում է Արայիկ Պապիկյանը։

Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին շրջանում կայուն է, սակայն նա ավելի ինտենսիվ է դեղորայք ընդունում։ Նա ունի երիկամների հիվանդությւոնը, որը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի։ Այն պարբերաբար սրվում է։ «Մենք արտասահմանյան կլինիկաների բժիշկներից ստանում ենք խորհրդատվություն, փորձում ենք կայուն պահել վիճակը, բայց նրանք էլ ասում են, որ  եթե չեն արել հետազոտություն, լիարժեք բուժում նշանակել հնարավոր չի», – նշեց Արայիկ Պապիկյանը Forrights.am–ի հետ զրույցում։

Հարցին, թե ինչ են պատասխանում Քրեակատարողական ծառայությունից, ինչո՞ւ ցմահների նախկին խցերը չեն փակում, կամ գոնե վերանորոգում, նա պատասխանում է․ «ՔԿԾ–ից մեկ երկու ստանդարտ պատասխան ունենք, որ միջոցներ հատկացնելու դեպքում վերանորոգումներ կկատարվեն։ Այսինքն, քննիչների սենյակները նորոգելու համար միջոցներ կան, իսկ դատապարտյալներինը՝ ոչ»։

2016 թվականին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռերից» երեքը պահվում են «Նուբարաշենի» 86–րդ խցում։ Եւս չորսը Ծռերից՝ Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդուարդ Գրիգորյանը, Սմբատ Բարսեղյանը, առանձին խցում են պահվում, որտեղ չկա լոգարան, արտաքնոցն անսարք է, բայց ընդհանուր վիճակը ավելի բարվոք է, քան 86–րդ խցում։Պավլիկ Մանուկյանին առանձին են պահում, իսկ Արմեն Բիլյանը բանտարկված է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Նրանք բոլորը կալանավայրում են 2022 թվականից, բոլորը ունեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր։

Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդի գործով 32 մեղադրյալ կար։ Նրանցից երկուսը՝ Հաց բերողը՝ Արթուր Սարգսյանը և ՄԻայնակ Գայլը՝ Արայիկ Խանդոյանը, մահացան, չհասնելով դատավճռի։ Մյուս 30 մեղադրյալներին բաժանեցին երեք խմբի։ Մի մասի գործերը դեռ դատարանում են։

«Դատաքննության իմիտացիա է արվում, իրականում ոչինչ չի կատարվում։ Դատավորներ են փոխվում, նիստեր են հետաձգվում, չեն կայանում։ Օրինակ,  Աշոտ Պետրոսյանի, Արմեն Լամբարյանի, Կարո Եղնուկյանի, Թաթուլ Թամրազյանի գործերով։ Նրանց խափանման միջոցը փոխել են, նրանք ազատության մեջ են Գործ կա, որով 7–րդ, թե 8–րդ դատավորն է փոխվում և ամեն անգամ սկսում է զրոյից։ Բայց վարուժանի ու մյուսների գործը արագ կազմակերպեցին, նիստեր կայացրեցին, ու տղաներին արագ բանտեր տարան՝ վերջնական դատական ակտերով», – վերհիշում է Արայիկ Պապիկյանը «Սասնա Ծռերի» դատական էպոպեան։

Հ․Գ․Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի խոսնակից հետաքրքրվեցինք, թե արդյոք տիկին Մանասյանը արձագանքել է Վարուժան Ավետիսյանի բողոքին։ Մեզ խոստացան պատասխանել։ Անցել է երեք օր, պատասխան դեռ չունենք։

Սյուզան Սիմոնյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest