Լուսինե Պողոսյանը ծննդով Հադրութի շրջանի Մեծ Թաղերից է։ 2001թ. ամուսնացել է Մարտունու շրջանի Հերհեր գյուղում։ Ամուսինը՝ Գեղամ Պողոսյանը, ծառայում էր Մարտունու շրջանի 2-րդ պաշտպանական շրջանում և ընտանիքը 2006թ.-ից 14 տարի բնակություն հաստատեց զորամասի զինվորականներին հատկացված բնակարանում։ Նրանք ունեցան 3 զավակ և 2019թ. ամուսնու 20 տարվա զինվորական ծառայությունից հետո Մարտունիում բնակարան են ստացել։
«2020թ. սեպտեմբերի 27-ի պատերազմը սկսվելուն պես ամուսինս, որն արդեն պահեստազորի սպա էր, ինձ ու երեխաներին տարավ Հադրութ, իսկ ինքը ներկայացել է Մարտունու 2-րդ պաշտպանական և նշանակվել վաշտի հրամանատար։ Իրավիճակը թեժացավ և արդեն լուրեր էին պտտվում, որ ահաբեկիչները Հադրութ են մտել։ Այդ ժամանակ եղբայրս դիրքերից իջավ և մեզ ու իր ընտանիքն ուղարկեց Հայաստան ։ Հադրութի անկումից հետո մեր հարազատների մի մասը տեղափոխվեց Երևան։ Հոկտեմբերի 10-ին զոհվեց հորաքրոջս տղան… թշնամին արդեն Գտչավանքում էր և ստիպված նույն գիշեր հուղարկավորեցին Մեծ Թաղերում, որ առավոտյան դուրս գան գյուղից։ Հորաքույրս այնտեղ էր և նրան մի կերպ են բերել Երևան։ Նա չէր համակերպվում իրավիճակի նման զարգացումների հետ…տան վարագույրը պատուհանից հանել են և դրանով փաթաթել որդու մարմինը, իսկ եղբայրս ընկերների հետ գիշերը փոս են փտրել և հապշտապ հողին հանձնել։ Մի ծաղիկ էլ չկարողացան դնել գերեզմանին»,-պատմեց Լուսինեն։
Հադրութի անկումից հետո Գեղամը զանգեց կնոջը և տեղեկացրեց, որ ավտոմեքենան թողնում է Ճարտարում մի ծանոթի տանը։ Դրանից հետո կինն այլևս չկարողացավ կապվել ամուսնու հետ։ «Տղաս Երևանում ուսանող էր, հոկտեմբերի 22-ին քննության էր, իսկ ես այդ օրը խիստ անհանգիստ էի, անընդհատ լացում էի, ամուսնուս հետ չէի կարողանում կապվել։ Այդ օրն էլ ինչքան ծանոթ- հարևան ունեինք զանգում էին՝ հարցուփորձ անում ամուսնուցս։ Բայց ես էլի չէի հասկանում, թե ինչու հանկարծ բոլորը զանգում են, այնինչ իրենք արդեն տեղյակ էին եղելությանը։ Տղաս կարողացավ կապվել ամուսնուս ընկերոջ հետ և վերջինս տեղեկացրեց, որ Գեղամը վիրավորվել և Ստեփանակերտում է։ Փորձեցի ճշտել, թե ինչ վնասվածք է ստացել, սակայն ի վերջո հարազատներս հայտնեցին գույժը… », — ներկայացրեց կինը՝ չկարողանալով զսպել հուզմունքը։ Մեզ հետ ունեցած ողջ զրույցի ընթացքում 46-ամյա կնոջ աչքերից արցունքներն անընդհատ հոսում էին։
Պահեստազորի կապիտան Գեղամ Պողոսյանը զոհվել է 2020թ. հոկտեմբերի 22-ին։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել 1992-1994թթ. Արցախյան պատերազմին, 2016թ. քառօրյային, 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Մարտական ուղին անցնելու ընթացքում ցուցաբերած անձնազոհության, խիզախության և արիության համար Գ. Պողոսյանը պարգևատրվել է մեդալներով։ Նա զոհվել է ավիահարվածի հետևանքով զոհված և վիրավորված զինծառայողներին փլատակների տակից հրետակոծության տակ դուրս բերելու ընթացքում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից։ Նա ամեն գնով փորձել է օգնել փլված դիրքում վիրավորված զինվորներին։ Սպան ջուր էր տվել իրար վրա ընկած վիրավորներին՝ չթողնելով տեխնիկան աշխատի ու ձեռքերով փորձել հանել տղաներին։ Օգնության եկած խմբով աշխատելիս էլ հարվածում է անօդաչուն և բոլորը զոհվում են։ Գեղամ Պողոսյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
«Եղբայրս Ստեփանակերտի դիահերձարանից փորձում է վերցնել ամուսնուս դին, սակայն զոհերն այնքան շատ էին, որ հերթով էին տալիս։ Բժիշկը դիակների քանակից կորցրել էր հավասարակշռությունը, ցնորվածի նման իրեն պատերովն էր տալիս, խփում էր ինքն իրեն անզորությունից։ Առավոտյան եղբայրս մի կերպ վերցնում է ամուսնուս դին, սակայն շտապօգնության մեքենա չկար, որ տեղափոխեն։ Ու ես հիշեցի, որ ամուսինս մի քանի օր առաջ մեր ավտոմեքենան Ճարտար էր տեղափոխել ու անմիջապես հայտնեցի եղբորս։ Մեծ դժվարություններով, արկակոծությունների տակ մի կերպ մեքենան հանում են և հասնում դիահերձարան։։ Իսկ Ստեփանակերտն արկակոծության տեղատարափի տակ էր։ Իրենց կյանքը վտանգելով երկու օրում հարազատներս դիակը հասցրել են Երևան։ Գեղամին հուղարկավորել ենք Եռաբլուրում ու այժմ սփոփվում եմ, որ գոնե ամուսնուս մարմինն այստեղ ենք ամփոփել»,-լացակումաց ասաց զոհված սպայի կինը։
Նոյեմբերի 25-ին Լուսինեն վերադարձավ Մարտունի։ Նույն ամսում լրացել է որդու 18 տարին և Երևանում ուսումը կիսատ թողնելով նա վերադառնում է Արցախ՝ զորակոչվելով ՊԲ-ի շարքեր։ Լուսինեն Մարտունիում սկսել էր աշխատել իրենց խանութում և հոգալ ընտանիքի հոգսը։ 2023թ. սեպտեմբերի 19-ին համար 1 կանչով զինվորականները շտապել են մարտական դիրքեր։
«Փոքր որդիս դպրոցում էր, ոտքերս թուլացել էին, կապ չկար, փորձեցի հաղորդագրություն ուղարկել և ի վերջո այն ստացվեց ու տղաս շուտափույթ եկավ։ Ինչ-որ բան այն չէր, բայց էլի չէի պատկերացնում, որ իրավիճակը կտրուկ կփոխվի։ Հենց մտել ենք տուն՝ հանկարծ ուժեղ դղրդյուն լսվեց ու դրանից հետո անդադար արկակոծություններ։ Տղայիս գոչեցի՝ պատերազմը սկսվե՜լ է, շուտ արա իջնենք նկուղ։ Մինչև սեպտեմբերի 25-ը հազարավոր մարդկանց հետ Մարտունու շենքերի նկուղներում էինք պատսպարվում։ Անտանելի պայմաններում ու անորոշության, վախի մթնոլորտում մարդիկ չէին կարողանում կապվել իրենց հարազատների ու հատկապես զինվորականների հետ։ Ու եթե հանկարծ մեկին հայտնում էին հարազատի զոհվելու բոթը, մյուսները ևս սոսկում էին ու ողբում։ Ընկերուհուս 2 տղաները դիրքերում էին։ Նա ինձ վստահեցրեց, որ եթե որդիները վերադառնան՝ մեկն իրենց, մյուսն էլ մեր ավտոմեքենան կվարի ու կօգնի տեղահանվել»,-ծանր օրերը վերհիշելով պատմեց այրին։
Տղաները դիրքերից վերադառնում են և նրանցից մեկը նստում է Լուսինեենց ավտոմեքենայի ղեկին ու կնոջն ու երեխային դուրս բերում Արցախից։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտից դուրս գալուց կրկին դղրդյուն են լսել. Հայկազովի վառելիքի պահեստն էր պայթել։ Սեպտեմբերի 27-ին Լուսինեենք հասնում են Գորիս, որտեղ ավագ որդին երեք օր կամավոր օգնում էր գաղթական դարձած արցախցիներին՝ սպասելով նաև իր մորն ու եղբորը, որոնցից բացարձակապես տեղեկություն չուներ։
Այժմ նրանք վարձով բնակվում են Չարենցավանում։ ՀՀ կառավարության կողմից առաջարկված բնակապահովման ծրագրով զոհվածի կինը հնարավոր չէ համարում բնակարան ձեռք բերելը, ինչն իրենց համար ամենաառաջնահերթ խնդիր է։ Նրա խոսքով՝ գոնե զոհված զինծառայողների ընտանիքներին չեն աջակցում։ Մարզկենտրոնի ներկայացուցիչները ժողով են հրավիրել և տեղեկացրել, որ իրենց կարգավիճակում հայտնված ընտանիքները ևս պետք է դիմեն բնակապահովման ընդհանուր հաստատված կարգով ծրագրին։ Երեք տուն կորցրած զոհված զինծառայողի այրին տարակուսած է, ասում են՝ 4 հազար զոհվածի ընտանիք կա ՀՀ-ում և պետությունը չի կարողանում հոգալ բոլորի բնակապահովման խնդիրը։
Զառա Մայիլյան