Ադրբեջանի արտգործնախարարը Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում, հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Ջեյհուն Բայրամովն Աբբաս Արաղչիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկին պնդել է, թե խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը, մասնավորապես, Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների շարունակությունն է։
Բաքուն կարողացել է Հայաստանի Սահմանադրությունը դարձնել միջազգային հարթակներում քննարկման թեմա։ Թեկուզ առայսօր ոչ մի պետություն, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից, պաշտոնապես չի արտահայտվել ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ, սակայն քննարկումներն առավել ինտենսիվ են դառնում։
ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում oրերս կայացած լսումների ժամանակ սենատոր Բեն Քարդինը ծիծաղելի է համարել Ադբեջանի պահանջը Հայաստանին՝ փոխել սեփական Սահմանադրությունը։
Այնուամենայնիվ, Բաքուն օգտագործում է ցանկացած առիթ, որ բարձրացնի հարցը, թեկուզ էֆեկտը կարող է հակառակը լինել։
Հիշեցնենք, որ խոսքը ՀՀ Սահմանադրության նախաբանում հղման մասին է Անկախության հռչակագրին, որը որպես Հայաստանի հռչակման հիմք նշում է 1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին որոշումը։
Ադրբեջանը պնդում է, որ ըստ այդ որոշման, Արցախը՝ Հայաստանի մաս է, եւ դա աստիճանաբար հասկանանալի է դառնում ամբողջ աշխարհին։
Պաշտոնական Երեւանը չի հերքում դա, հայտարարելով, որ Սահմանադրության փոփոխության հարցը կքննարկվի 2027 թ․ միայն։ Նիկոլ Փաշինյանը փորձում է մանեւրել, ասելով, որ Սահմանադրության բոլոր դրույթները չէ, որ գործում են, բերելով այլ անհեթեթ արդարացումներ։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ հանդիպմանը Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Ինչպես նշված է պաշտոնական տեղեկատվության մեջ, «խոսելով ադրբեջանական կողմի պնդման մասին, թե ոչ մի պայմանագիր չի կարող հակասել Սահմանադրությանը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ Հայաստանի օրենսդրության նկատմամբ: Այսինքն՝ վավերացված միջազգային պայմանագիրն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության օրենքը»։
Փաշինյանը չի նշել, որ ցանկացած միջազգային պայմանագիր ստորագրելիս, Հայաստանը նախապես ստուգում է, արդյո՞ք այն չի հակասում Սահմանադրությանը։
Սակայն Փաշինյանը նշել է, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն ասում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանն այս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձախողելու համար:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Սահմանադրության դատարանը քննել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը։ Հոդվածը գրելու պահին ՍԴ-ն դեռ չի հրապարակել որոշումը, թեկուզ մինչ քննարկումը փորձագետները նշում էին, որ կանոնակարգը չի համապատասխանում Սահմանադրության եւ օրենքների պահանջներին եւ կարող է մերժվել։
Բայց առավել կարեւոր է, որ քաղաքական ասպարեզում հարցեր են հնչում․ եթե սահմանազատման կանոնակարգը դեռ հաստատված չէ, ապա ինչի՞ հիման վրա են իրականացվել «սահմանազատման» աշխատանքները Տավուշում եւ ի՞նչ հիմքով է Փաշինյանի կառավարությունը պնդում, որ ՀՀ սահմանները Ալմաթիի հռչակագրով է որոշում, եթե կա 1989 թ․ որոշումը Միացումի մասին։
Հայաստանի քաղաքայան ուժերը զարմանալի կուռ կոնսենսուս են դրսեորում, չարձագանքելով Ալիեւի պնդմանը՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված։ Ոչ մի քաղաքական ուժ՝ իշխանական թե ընդդիմադիր, պաշտոնապես չի պնդել, որ 1989 թ․ որոշումը ուժի մեջ է, եւ ըստ այդմ՝ Հայաստանի արցախյան մասը օկուպացված է։ Մյուս կողմից, ոչ ոք չի հայտարարում, որ որոշումը ուժի մեջ չէ։
Նաիրա Հայրումյան