Երևանի Նորագավիթ թաղամասում 26-ամյա Մհեր Խաչատրյանի սպանության մասնակիցներից 3-ը կալանավորվել են, 1-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը, 3-ը հետախուզվում են։ Դեպքից չորս ամիս անց հայտնում է Քննչական կոմիտեն։

Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել հունիսի 13-ին։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ երիտասարդը սպանվել է մի խումբ անձանց կողմից, ովքեր զինված են եղել ատրճանակով և ինքնաձիգով, իսկ դեպքի վայրում գտնված և ակտիվ դերակատարում ունեցող մի խումբ անձինք՝ կացնով և մահակներով։ Սպանության պատճառ է հանդիսացել նշված թաղամասի անչափահաս, 2006թ. ծնված բնակչի կողմից հորը՝ Ս.Հ.-ին պատկանող «Լադա 21114» մակնիշի ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ նույն թաղամասի մեկ այլ բնակչի՝ Մհեր Խաչատրյանի կողմից դիտողության արժանանալը, ինչից հետո պատանին կատարվածի մասին պատմել էր հորը, ով իր հերթին տեղի ունեցածի մասին տեղեկացրել էր ընկերոջը՝ Ն.Ա.-ին:

«Ն.Ա.–ն տեղեկանալով Ս.Հ.-ի մտադրության մասին, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, իրենց մյուս ընկերոջ՝ Հ.Մ.-ի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, հրազեններով զինված, գնացել էին Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտակա հատված, որտեղ նշված պատրվակով միմյանց հետ նախապես հանդիպել էին մի կողմից Ս.Հ.-ն և վերջինիս ընկերներից Է.Մ.-ն, մյուս կողմից՝ Մհեր Խաչատրյանը: Հասնելով դեպքի վայր՝ Ն.Ա.-ն և Հ.Մ.-ն, մի խումբ անձանց հետ դարանակալել են՝ սպասելով նպաստավոր պահի»,–նշված է հաղորդագրության մեջ:

Տեսնելով, որ հանդիպման ընթացքում Ս.Հ.-ն ձեռքով հարվածում է Մհեր Խաչատրյանի դեմքին՝ Հ.Մ.-ն անմիջապես միջամտել է վիճաբանությանը և ատրճանակով կրակոցներ արձակել Մհեր Խաչատրյանի ուղղությամբ, որին միացել է Ն.Ա.-ն՝ ինքնաձիգով բազմաթիվ կրակոցներ արձակելով ու պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Քրեական վարույթի ընթացքում ապօրինի զենք պահելու, մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու հատկանիշներով Ս.Հ.-ն, Ն.Ա.-ն Է․Մ-ն կալանավորվել են։

Պ.Վ.-ն, ձերբակալվել է։ Նրա նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Հ.Մ.–ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Սպանության ևս երկու մասնակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և հայտարարվել հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է։

Forrights.am-ը դեպքից հետո այցելել էր Խաչատրյաններին։ Հայտնել էինք, որ Մհեր Խաչատրյանը մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա, 2020 թվականին 44-օրյա պատերազմներին և պայքարել 2022 թվականի սահմանային հարձակումների դեմ։

Իրավապահների գործողությունները չի բավարարում Խաչատրյաններին։ Մհերի քույրը՝ Վարդուհի Խաչատրյանը, Forrights.am-ի հետ զրույցում նշում է․ «Դեպքից ամիսներ են անցել, բայց մինչև այսօր ընդամենը երեք ձերբակալված կա։ Ուզում եմ հանրությունը, ոստիկանապետին և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին հարցնել՝  ինչպե՞ս կարող է այս փոքր քաղաքում ոստիկանությունը չկարողանա գտնել մնացած ութ հոգուն։  Երկու տարբերակ կա, կամ ոստիկանությունը չի կարողանում աշխատել և գտնել այդ ոճրագործությունը կատարողներին, կամ՝ կան դրդապատճառներ, որ չեն ուզում գտնել։ Ինչպես կարող են իրավապահներն այսքան անտարբեր լինել մի մարդու սպանության դեպքին, երբ նա երեք պատերազմի է մասնակցել, որից երկուսին կամավոր է մեկնել և պատերազմել է մինչև վերջ»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է Վարդուհի Խաչատրյանը։

Վարդուհի Խաչատրյանը նաև պնդում է․ «Եղբորս սպանողներից մեկի հորեղբոր տղան՝ Աշոտ Մարտիրոսյանը, որը մասնակից է եղել դեպքին, ազատ շրջում է, գալիս է իր տուն, գնում է զոքանչի տուն, բոլորը տեսնում են, բացի ոստիկանությունից»։

Մհեր Խաչատրյանին նկարագրում են հայրենասեր,  անտարբեր չէր Հայաստանի սահմաններին կարատրվող իրադարձությունների նկատմամբ։ Սահմանային բախումների ժամանակ անմիջապես մեկնում էր առաջնագիծ։ «Հենց մի հատ կրակոց էր լինում ասում էր՝ ես պետք է գնամ։ Վարդենիսում է եղել, երբ 2022 թվականին հարձակվեցին Հայաստանի սահմանների վրա։ Ջերմուկում էլ է եղել»,-պատմեցին հարազատները։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest