Նա ծառայում էր Արցախի Ասկերանի շրջանում, եւ եթե չլիներ ողբերգությունը, որին, ինչպես հետագայում պարզվեց, նախորդել էին զինծառայողների միջեւ կռիվներն ու մշտական «ռազբորկաները», տղան մի քանի ամսից տուն էր գալու։
Նույն օրը քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության հոդվածով՝ 2003 թվականի ՔՕ 104–րդ–ի 2 մասով՝ խուլիգանական դրդումներով կատարված դիտավորյալ սպանություն։
Մոտ մեկ տարվա քննությունից հետո գործն ուղարկվել է դատարան մեղադրականով, ըստ որի Հենրիկ Արամյանի վրա կրակողը նրա համածառայակից, կրտսեր սերժանտ, ծնունդով Սիսիանից Հայկ Դոլունցն եղել, դիրքի ավագը։
Մեղադրական եզրակացության համաձայն, նա «խրամուղում խուլիգանական դրդումներով փակաղակը քաշելով` լիցքավորել է իրեն ամրակցված ԱԿ-74Ն տեսակի ինքնաձիգը, դրա փողն ուղղելով իրենից շուրջ մեկ մետր հեռավորության վրա` թաքստոցի մուտքի մոտ, գտնվող շարքային Հենրիկ Արամյանի գլխի ուղղությամբ, սեղմել ձգանը և արձակելով մեկ կրակոց վերջինիս աջ աչքի շրջանում պատճառել է միջանցիկ հրազենային վնասվածք, ինչի հետևանքով սպանել է Հենրիկ Արամյանին»:
Գործով դատաքննությունը տևել է մոտ 4 տարի։ Անցած 3 տարում գործով 4 դատավոր փոխվեց, և նրանցից վերջինը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռիմա Առաքելյանը, վերջապես կայացրել է դատավճիռ։ Դոլունցը մեղավոր է ճանաչվել սպանության համար, բայց ոչ թե այդ հոդվածի 2–րդ մասով, ինչը պահանջում էր դատախազը, այլ ամենամեղմ՝ առաջինով․ որը նախատեսւոմ է 8–ից ՝ 15 տարվա ազատազրկում։
Դոլունցին «տվել» են պատժի ստորին շեմը՝ 8 տարվա ազատազրկում։
Տուժողի իրավահաջորդը՝ Հենրիկ Արամյանի հայրը, Սամսոն Արամյանը դժգոհ է եւ դատավարությունից, և պատժի չափից։
«Դատավճիռը խելամիտ չի։ 12–ից 20 տարին փոխվեց 8–ից 15–ի, ֆիքսվեց, որ դիտավորությունը հաստատվել է, բայց տվեց նվազագույն պատիժ՝ 8 տարի», – ասում է Սամսոն Արամյանը Forrights.am–– հետ զրույցում։
Նա վերհիշում է դատաքննության դրվագները․ «Դատաբժշկական փորձաքննության մեջ մի տեղ գրված է, որ վնասվածքը եղել է մոծակի խայթոցից, մյուս տեղում ՝ հնարավոր է՝, բութ գործիքից։ Ես դատավորին հարցնում եմ՝ հարգելիս, ես քանի ժամ ձեզ մոտ դատավարության եմ, խնդրում եմ, ինձ բերեք մի մոծակ կծացրեք, ու երկու ժամից եկեք, նայեք, տեսեք՝ հարվածի հետքից տարբերվում է, թե՞ նույնն է»։
Պատասխանելով մեր հարցին, թե ի վերջո, որն է եղել սպանության պատճառը, Սամսոն Արամյանը, որը ներկա է եղել բոլոր դատական նիստերին, Լոռուց Սյունիքի մարզ հասնելով, ասում է․ «Դե, կռիվ է եղել։ Երկու օր առաջ էլ է կռիվ եղել, որից առաջ մեղադրյալը եկել է, զինվորների ճաշը թափել է, որի իրավունքը չուներ։ Վկաներից մեկին ես դատարանում հարցրեցին, թե արդյոք դա անձնական կոնֆլիկտ էր, ասեց, ոչ ընդհանուր կռիվ էր։ Հինգ–վեց հոգու վրա կապտուքներ են եղել, այդ թվում մեղադրյալի և իմ երեխայի»։
Փաստորեն, զորամասում կատարյալ անկառավարելի վիճակ է տիրել, չի եղել կարգ ու կանոն, ղեկավարությունը տեղյակ չի եղել կոնֆլիկտնմերից ու դասակում տիրող ծեծու ջադի մթնոլորտից, սակայն սպայական անձնակազմի պատասխանատվության հարց ոչ նախաքննության փուլում, ոչ էլ դատարանում չի բարձրացվել։
«Այդտեղ շատ տարբեր պոստեր կան, «աֆիցեռները» չեն կարող գիշեր–ցերեկ գնան այնտեղ, չէ՞», – ինքն իր ասածին կասկածելով, հարցնում է տուժողի հայրը։
–Բայց Ձեր նկարագրածով, այդտեղ օրերով կռիվներ են եղել։
–Այո, դասակի հրամանատարը պետք է գնար, գումարտակի, կամ զորամասի հրամանատարին ասեր, բայց ինքը այդտեղի «խառոշի” տղերքից վախենալիս է եղել։
Զինվորները, որոնք դատարանում ցուցմունքներ էին տալիս, սպանվածի հորը վախեցած և ճնշված են թվացել։ «Մեկը նույնիսկ իր ծննդյան օրն էր սխալ ասում՝ մայիսին ծնվել է, ասում է՝ սեպտեմբերի 31–ին եմ ծնվել։ Ասում են՝ տղա ջան, սեպտեմբերը 31 չունի», – պատմում է Սամսոն Արամյանը։
Նա բողոքարկել է դատավճիռը վերաքննիչ դատարանում։
Փաստաբան Արայիկ Զալյանը, որը օգնել է սպանվածի ծնողին վերաքննիչ բողոք կազմել, ասում է․ «104 հոդվածի երկրորդ մասը՝ խուլիգանական դրդումներով սպանություն, սակայն դատաքննության ընթացքում որոշել են, որ խուլիգանական դրդումներ չկան։ Ամեն դեպքում դրել է տղայի ճակատին կրակել է, ինչը պաշտպանական կողմը որպես չար կատակ է որակել»։
Տղաները մի քանի օր կռվել են, բայց զորամասի հրամկազմի պատասխանատվության հարց քննչական մարմինը չ՞ի դրել։ «Այո, բարդակ է եղել։ Իսկ զորամասի պատասխանատուներրը անցնում են որպես վկաներ», – նշեց Արայիկ Զալինյանը մեր հարցին պատասխանելով։
Ամբաստնյալի փաստաբան Գոռ Գևորգյանը սակայն Դոլունցին անմեղ է համարում, իսկ մեղադրանքը՝ անհիմն: Նա եւս վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Նա գտնում է, որ կատարվել է ոչ թե դիտավորյալ սպանություն, այլ անզգուշությամբ կատարված սպանություն։
«Անզգուշաբար է կրակել։ Կատակի արդյունք է եղել, որն այդ զորամասում, ցավոք սրտի, ընդունված է եղել։ բոլոր զինվորները, ում մենք հարցաքննել ենք, ասել են, որ մեկը մյուսի հետ ունեցել են նմանատիպ կատակներ անելու սովորությու»։
Ինչո՞ւ քննչական մարմինը չի բարձրացրել հրամկազմին հանցավոր անգործության համար մեղադրանք առաջադրելու հարց։
«Որ գործը նայում ես, զավեշտի է հասնում, թե ինչու չեն ժամանակին որակել հրամկազմի անգործություն, պայմանավորված նրանով, որ փաստորեն, բոլորն իրար հետ զենքով կատակ են արել, իսկ հրամանատարները լուրջ դեպքով գալիս, հարցաքննվում են, ու ասում էին, մենք տեղյակ չենք։ Բա ինչի՞ց են իրենք տեղյակ», – ասում է Գոռ Գւորգյանը։
Սյուզան Սիմոնյան