Սուսաննա Ղազարյանը յուրային է օտարների մեջ և օտար՝ յուրայինների։ «Օտարները», որոնց սիրում է անձնուրաց սիրով,  շներն են։ Շներին նա ավելի լավ է հասկանում, քան, օրինակ, իր մարդ–հարևաններին։ Շներն էլ իրեն են հասկանում՝ պոչ են թափ տալիս, ուրախ մոտենում ու «խոսում» են հետը, շնորհակալ նայում են աչքերին կերն ընդունելուց առաջ։

Յուրայինները, որոնք հալածում են Սուսաննային ու նրա շներին՝ Վանաձորի Դիմաց թաղամասի բնակիչները, նրա տուն չեն գնում, չեն ընդունում նրան։

Սուսաննան նրանց համար «ուրիշ» է, այլմոլորակային, խելագար, թշնամի, եթե կուզեք։ Այն աստիճան է սրվել թշնամանքը 55 տարեկան կնոջ հանդեպ, որ հարևանները միավորվել ու կոլեկտիվ բողոք են ուղարկել ոստիկանություն՝ թե բա, շներ է կերակրում, տանը պահում, ման է տալիս, վտանգում է մեր առողջությունը, մեր երեխեքն են վախենում, մի խոսքով՝ անհանգստություն է պատճառում։

Հարևաններին անհանգստություն պատճառելու վերաբերյալ ոչ քրեական, ոչ քաղաքացիական, ոչ էլ վարչական իրավախախտումների օրենսգրքում հոդված նախատսված չի։ Ահա ինչու ոստիկաններն առանց երկար մտածելու բողոքն ուղարկել են Վանաձորի համայնքապետարան։ Վերջինս էլ վարույթ է հարուցել Սուսաննայի դեմ։

Վարույթ բառից Սուսաննան կարկամել է։ «Դատում են, ի՞նչ է, ի՞նչ են անելու ինձ հետ, գնա՞մ, չգնա՞մ», – հարցնում է մարած ձայնով։ Խոստովանում է՝ այո, մեղավոր է, տարիներ ի վեր շներ է կերակրել, գաղտնի  բներ է սարքել շների համար, որ անձրևին ու ձյանը թաքնվեն։

Ինչո՞ւ գաղտնի։ «Որ հարևանները չտեսնեն», — ասում է կինը։ Բայց հարևանների հետ մարտերից խուսափել չի ստացվում։ Օգոստոսի 20-ին մի քանի տասնյակ ջոկատով եկել են Սուսաննայի տուն։  «Բնակիչներից մեկի երեխայի վրա շունիկը հաչացել է՝ վերջ։ Սա արդեն  պատճառ էր։ Իմ վրա վաղուց էին նյութեր հավաքում», — ասում է Սուսաննան Forrights.am-ի հետ զրույցում։ Մանր մունր կռիվները հարեևանների հետ՝ նկուղի, վերևից շոր թափ տալու, այլ թեմաների շուրջ միայն թեժացնում են մթնոլորտը։

Շուն ծեծել, թունավորել, սատկացնելը այստեղ սովորական երևույթ է։ «Ոտքս քաշում եմ թե չէ, մի բան պատահում է շնիկներիս, թունավորում են, քշում են, քարով են խփում»։ Այսպես, Սուսաննա Ղազարյանի էմոցիոնալ իրավունքը խախտվում է տարիներով։

«Ես 10 տարուց ավելի շներ եմ պահում։ 6 շուն եմ կերակրում, բայց հանկարծ չգրեք, գրեք, որ երեք շուն եմ կերակրում, կսպանեն, կսատկացնեն իմ շներին։ Առանց այն էլ կատաղած են։ Քացով խփում ա էդ երեխան, շունն էլ ինչ պիտի անի՞, հաչում է, պաշտպանվում է», — ասում է Սուսաննան։

Մինչև 2022 թվականը նա ապրում էր հաշմանդամության թոշակով, բայց հետո թոշակը կտրեցին։ Լվացքի համար ամրակներ՝ «շպիլկաներ» է վաճառում։ Վաստակի մեծ մասով շների համար կեր է գնում։

Վանաձորի համայնքապետարանի իրավական վարչությունում սեպտեմբերի 17–ին հավաքվել էին պաշտոնյաներ և որոշում էին՝ տուգանել Սուսաննա Ղազարյանին, թ՞ե ոչ։ Երևանից, Գյումրիից, Վանաձորից կենդանասերներ էին գնացել նիստի, Սուսաննային աջակցելու, ԱՄՆ քաղաքացիներ։ Ազգությամբ հայ Մայքլ Մովսեսը և նրա կինը՝ Ռոզան, բնակվում են ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում։ Հայաստանում էլ հաճախ են լինում, օգնում են շների ու կատուների կացարաններին։

«Եթե ԱՄՆ–ում մեկը շան հետ դաժան վարվի, թունավորի, խփի, նրան կամ բանտ են նստեցնում, կամ տուգանում են։ Հայաստանում հակառակն է։ Մարդը, որը բարություն է անում կենդանու հանդեպ, արժանանում է տուգանքի։ Եւ մի բան էլ՝ Արցախի շրջափակման ժամանակ կենդանասերները, իրենց կյանքը վտանգի տակ դնելով՝ գնացին Արցախ, այնտեղից կենդանիներ բերեցին, իսկ մենք այստեղ մեր ձեռքով սատկացնում ենք մեր կենդանիներին», – տպավորություններով կիսվեց մեզ հետ Ռոզա Մովսեսը։ Ամուսինները պատրաստվում են Հայաստանում տիրող իրավիճակի, կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին տեղյակ պահել ԱՄՆ դեսպանին։

«Խնդրում եմ ինձ ծանոթացնեք իմ մեղադրանքին, ինչո՞ւմ եմ ես մեղավոր, որ կերակրում եմ իմ շնիկների՞ն», — հարցնում է Սուսաննա Ղազարյանը քաղաքապետարանի պաշտոնյաներին։

Պատասխան․ «Ոստիկանությունը գրել է, որ շունը հարձակվել է երեխայի վրա»։ «Չկա նման բան», — արդարանում է կինը։ Նրա կենդանասեր ընկերները պահանջում են փաստեր։ Ի՞նչ է նշանակում հարձակվել է։ Կծե՞լ է՝ ոչ։ Երեխայի շորերը պատռվա՞ծ են՝ ոչ։ Առողջությանը վնա՞ս է պատճառվել, բժշկական փաստաթուղթ կա՞։ «Օդում չենք խոսում», – հորդորում է կենդանասերներից Լիլյա Սահակովան։

«Ուրեմն, ոստիկանույունը սխա՞լ է գրել», — հարցնում  է քաղաքապետարանի չինովնիկը, անկեղծորեն չհասկանալով, թե ինչպես կարող է ոստիկանը սխալվել։ Բուռն քննարկումից հետո քաղաքապետարանը որոշում չի կայացնում։ «Համակողմանի ուսումնասիրությունից հետո» են որոշելու, տուգանե՞լ Սուսաննա Ղազարյանին 5000 դրամով, թ՞ե ոչ։

Սրանով սակայն պատմությունը չի ավարտվում։ Պարզվում է, քաղաքապետարանի «մեղմ» որոշումը չի գոհացրել Վանաձորի Դիմաց թաղամասի բնակիչներին։ Նրանք ավելի խիստ պատիժ էին ուզում կնոջ համար։ «5 հազար դրամը ի՞նչ է, վերցրու շներիդ, ռադ եղիր», – ասել են կնոջը։ «Իմ կողքով անցնելուց ռեպլիկներ են նետում, սպառնում են, որ կթունավորեն կենդանիներին, կսատկացնեն, ի՞նչ անեմ», – հարցնում է Սուսաննա Ղազարյանը։

Հ․Գ․ Տարիներ առաջ, դեռ 90–ականներին թափառող կենդանիներին գնդակահարում էին փողոցներում, օրվա մութ ժամերին։ Գիշերները հաճախ էր լսվում սատկող կենդանու լաց–վնգստոցները։ Այսօր քաղաքակիրթ լուծումների են ձգտում։ Կրճատում են նրանց քանակը ստերջացման և կաստրացման ծրագրի շնորհիվ, որը սակայն  քիչ թե շատ կանոնավոր ձևով իրականացվում է միայն Երևանում։ Մյուս մարզերում թափառող կենդանիների ստերջացման  համար փող չեն ծախսում։ Նմանատիպ նախագծեր կամ չկան, կամ թերի են։ Նախընտրում են պապենական ձևերը՝ «թույնել»․ քարկոծել, խեղդել, կրակել։ Նման արարքների համար Հայաստանում չեն պատժում, կամ լավագույն դեպքում սահմանափակվում են տուգանքով, այն էլ կենդանասերների համառ պայքարից, բողոքի ակցիաներից հետո միայն։

 Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest