Սուսաննա Ղազարյանը յուրային է օտարների մեջ և օտար՝ յուրայինների։ «Օտարները», որոնց սիրում է անձնուրաց սիրով,  շներն են։ Շներին նա ավելի լավ է հասկանում, քան, օրինակ, իր հարևաններին։ Շներն էլ իրեն են հասկանում՝ պոչ են թափ տալիս, ուրախ մոտենում ու «խոսում» են հետը, շնորհակալ նայում են աչքերին կերն ընդունելուց առաջ։

Յուրայինները, որոնք հալածում են Սուսաննային ու նրա շներին,, նրա տուն չեն գնում, չեն ընդունում նրան, մարդիկ են, Վանաձորի Դիմաց թաղամասի բնակիչները, բազմաբնակարան շենքում և հարակից շենքերում ապրող։ Սուսաննան նրանց համար «ուրիշ» է, այլմոլորակային, խելագար, թշնամի, եթե կուզեք։ Այն աստիճան է սրվել թշնամանքը 55 տարեկան կնոջ հանդեպ, որ հարևանները միավորվել ու կոլեկտիվ բողոք են ուղարկել ոստիկանություն՝ թե բա, շներ է կերակրում, տանը պահում, ման է տալիս, վտանգում է մեր առողջությունը, մեր երեխեքն են վախենում, մի խոսքով՝ անհանգստություն է պատճառում մեզ։

Հարևաններին անհանգստություն պատճառելու վերաբերյալ ոչ քրեական, ոչ քաղաքացիական, ոչ էլ վարչական իրավախախտումների օրենսգրքում հոդված նախատսված չի։ Ահա ինչու ոստիկաններն առանց երկար մտածելու բողոքն ուղարկել են Վանաձորի համայնքապետարան։ Վերջինս էլ վարույթ է հարուցել Սուսաննայի դեմ։

Վարույթ բառից խեղճ կինը կարկամել է։ «Դատում են, ի՞նչ է, ի՞նչ են անելու ինձ հետ, գնա՞մ, չգնա՞մ», – հարցնում է մարած ձայնով։ Խոստովանում է՝ այո, մեղավոր է, տարիներ ի վեր շներ է կերակրել, գաղտնի  բներ է սարքել շների համար, որ անձրևին ու ձյանը թաքնվեն։

Ինչո՞ւ գաղտնի։ «Որ հարևանները չտեսնեն», — ասում է կինը։ Բայց հարևանների հետ մարտերից խուսափել  չի ստացվում։ Օգոստոսի 20-ին մի քանի տասնյակ ջոկատով եկել են Սուսաննայի տուն։  <Բնակիչներից մեկի երեխայի վրա շունիկը հաչացել է, վերջ, սա արդեն  պատճառ էր։ Իմ վրա վաղուց էին  նյութեր հավաքում>, — ասում է Սուսաննան Forrights.am-ի հետ զրույցում։ Մանր մունր կռիվները հարեևանների հետ՝ նկուղի, վերևից շոր թափ տալու, այլ թեմաներով  միայն թեժացնում են մթնոլորտը։

Շուն ծեծել, թունավորել, սատկացնելը այստեղ սովորական երևույթ է։ «Ոտքս քաշում եմ թե չէ, մի բան պատահում է շնիկներիս, թունավորում են, քշում են, քարով են խփում»։ Այսպես, Սուսաննա Ղազարյանի էմոցիոնալ իրավունքը խախտվում է տարիներով։

«Ես 10 տարուց ավելի շներ եմ պահում։ 6 շուն եմ կերակրում, բայց հանկարծ չգրեք, գրեք, որ երեք շուն եմ կերակրում, կսպանեն, կսատկացնեն իմ շներին” Առանց այն էլ կատաղած են։ Քացով խփում ա էդ երեխան, շունն էլ ինչ պիտի անի՞ , հաչում է, պաշտպանվում է», — ասում է Սուսաննա Ղազարյանը։

Նա հաշմանդամ է։ Ապրում է թոշակով, լվացքի համար ամրակներ /շպիլկաներ/ է վաճառում։ Վաստակի մեծ մասով շների համար կեր է գնում։

Վանաձորի համայնքապետարանի իրավական վարչությունում սեպտեմբերի 17–ին հավաքվել էին պաշտոնյաներ և որոշում էին, տուգանել Սուսաննա Ղազարյանին, թ՞ե ոչ։ Երևանից, Գյումրիից, Վանաձորից կենդանասերներ էին գնացել նիստի, Սուսաննային աջակցելու, ԱՄՆ քաղաքացիներ։ Ազգությամբ հայ Մայկլ Մովսեսը և նրա կինը՝ Ռոզան բնակվում են ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում ու հաճախ լինում են Հայաստանում, օգնում են Հայաստանում կացարաններին։

«Եթե ԱՄՆ–ում մեկը շան հետ դաժան վարվի, թունավորի, խփի, նրան կամ բանտ են նստեցնում, կամ տուգանում են։ Հայաստանում հակառակն է։ Մարդը, որը բարություն է անում կենդանու հանդեպ, նրան տուգանում են։ Եւ մի բան էլ՝ բլոկադայի ժամանակ կենդանասերները իրենց կյանքը վտանգի  մեջ դնելով գնացին Արցախ, այնտեղից կենդանիներ բերեցին, իսկ մենք այստեղ մեր ձեռքով սատկացնում ենք մեր կենդանիներին», – տպավորություններով կիսվեց մեզ հետ Ռոզա Մովսեսը։ Ամուսինները պատրաստվում են Հայաստանում տիրող իրավիճակի, կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին տեղյակ պահեն ԱՄՆ դեսպանին։

«Խնդրում եմ ինձ ծանոթացնեք իմ մեղադրանքին, ինչո՞ւմ եմ ես մեղավոր, որ կերակրում եմ իմ շնիկների՞ն>>, — հարցնում է Սուսաննա Ղազարյանը։

Պատասխանում են, թե ոստիկանները գրել են՝ շունը հարձակվել է երեխայի վրա։

«Չկա նման բան», — ասում է կինը։ Նրա կենդանասեր ընկերները պահանջում են փաստեր։ Ի՞նչ է նշանակում հարձակվել է։ Կծե՞լ է։ Ոչ։ Շորերը պատռվա՞ծ են, ոչ։ Առողջությանը վնա՞ս է պատճառել, փաստաթուղթ կա՞։ «Օդում չենք խոսում»,

«Ուրեմն, ոստիկանույունը սխա՞լ է գրել», — հարցնում  է քաղաքապետարանի չինովնիկը, անկեղծորեն չհասկանալով, թե ինչպես կարող է ոստիկանը սխալվել։ Բուռն քննարկումից հետո քաղաքապետարանը որոշում չկայացրեց։ «Համակողմանի ուսումնասիրությունից հետո» որոշելու են տուգանել Սուսաննա Ղազարյանին 5000 դրամով, թե ոչ։

Սրանով սակայն պատմությունը չի ավարտվում։ Քաղաքապետարանի «մեղմ» որոշումը չի գոհացրել Վանաձորի Դիմաց թաղամասի բնակիչներին։ Նրանք ավելի խիստ պատիժ էին ուզում կնոջ համար։ «5 հազար դրամը ի՞նչ է, վերցրու շներիդ, ռադ եղիր», – ասել են կնոջը։ «Իմ կողքով անցնելուց ռեպլիկներ են նետում, սպառնում են, որ կթունավորեն կենդանիներին, կսատկացնեն, ի՞նչ անեմ», – հարցնում է Սուսաննա Ղազարյանը։

Հ․Գ․ Տարիներ առաջ, դեռ 90–ականներին թափառող կենդանիներին գնդակահարում էին փողոցներում։ Այսօր քաղաքակիրթ լուծումների են ձգտում։ Կրճատում են նրանց քանակը ստերջացման և կաստրացման ծրագրի շնորհիվ, որը սակայն  քիչ թե շատ կանոնավոր ձևով իրականացվում է միայն Երևանում։ Մյուս մարզերում թափառող կենդանիների ստերջացման  համար փող չեն ծախսում։ Նմանատիպ նախագծեր կամ չկան, կամ թերի են։

 Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest