Սեպտեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետությունը պետք է հռչակի հիշատակի օր։ Forrights.am-ի հետ նման դիրքորոշում է հայտնում Արցախի նախկին ՄԻՊ ու նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ես ակնկալում եմ, որ ՀՀ ԱԺ-ն կլինի, թե ՀՀ կառավարությունը առաջարկով հանդես գան և որևէ ձևով սեպտեմբերի 19-ը հիշատակի օր նախատեսեն։ Անունը քննարկելի է, դա կլինի Արցախի ժողովրդի ցեղասպանության, բռնի տեղահանման, հայրենազրկման օր, բայց անպայման պետք է նշվի։ Պետք է ընդգծված լինի մեր պայքարը, պահանջատիրությունը, որպեսզի դա չդառնա ողբերգության և լացի օր, այլ դառնա այնպիսի օր, որն ընդգծում է մեր իրավունքերի համար պայքարը»,-ասաց նա։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմը հարձակվեց Արցախի վրա։ Այս ռազմական գործողությամբ հիմք դրվեց Արցախի հայաթափմանը։ Իրենց տները լքեցին շուրջ 120 հազար արցախահայ, ռազմական գործողությունների հետևանքով զոհվեց ավելի քան 200 մարդ, որից 20-ը խաղաղ բանկիչներ։ Զոհերի մի մասը հուղարկվել են Ստեփանակերտի պանթեոնում, որոշներին հարազատները տեղափոխել են Եռաբլուր, շատերն էլ անհետ կորած են։ Հայաստանի իշխանության համար, ըստ էության, սեպտեմբերի 19-ը սովորական օր է, ոչ վարչապետի կողմից խոսքո եղավ, ոչ պաշտոնյաները այցելեցին Եռաբլուր։ ԱԳՆ-ն միայն հաղորդագրություն տարածեց։

Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ինքն ու մյուս իշխանականները չեն այցելել Եռաբլուր։ «Ես Եռաբլուր գնում եմ այն ժամանակ, երբ գտնում եմ նպատակահարմար։ Եռաբլուրում ես շատ ընկերներ ունեն, այնտեղ շատ մարդիկ գնում են քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված։ Եռաբլուրը դարձել է մեր երկրի դարպասը։ Հարգանքի տուրք պետք է տալ միշտ, ոչ թե կոնկրետ օրերի։ Իշխանությունը չի խուսափում»,-ասաց նա։

Արցախցի նախկին պաշտոնյայի համար Նիկոլ Փաշինյանի թիմակցի պարզաբանումն անակնկալ չէ։ Բեգլարյանը նշում է՝ Հայաստանի իշախնությունների գաղափարախոսությունը Արցախը մոռացության մատնելն է։ «Իրենց գաղափարախոսական քաղաքականության շրջանակներում է, քանի որ այս շրջանում ինտենսիվ կերպով արժեզրկում են Արցախը, Արցախի նշանակությունը։ Երբեմն զոհվածների վերաբերյալ ոչ պատշաճ մեկնաբանություններ են անում։ Այս տեսանկյունից ինձ համար այնքան էլ անակնկալ չէր, որ Եռաբլուր չայցելեցին»։

Հայաստանի իշխանությունները բարձր մակարդակով չեն խոսում արցախցիների վերադարձի մասին։ Նիկոլ Փաշինյանը օգոստոսին հրավիրված ասուլիսի ժամանակ էր հայտարարել, որ այդ մասին խոսելը կարող է Հայաստանի համար անվտանգային խնդիրներ առաջացնել։ Մինչ դեռ Անդրանիկ Քոչարյանը նշում է, որ արցախահայերի վերադարձը տեսնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի կնքված եռակողմ համաձայնագրի մեջ, դրա համար էլ Հայաստանը դուրս չի գալիս այդ հայտարարությունից։

«Այդ պայմանագրում կա հեռանկար։ Երեք կողմերը ունեն անելիք։ Մյուս երկուսը (Ադրբեջան, Ռուսաստան) այս խնդրի հետ կապված առնչվելու են այն խնդրի հետ, որ իրենց չկատարած պարտավորությունները բերեցին նրան, որ Արցախը հայաթափվեն։ Նոյեմբերի  9-ի փաստաթուղթն այդ հնարավորությունը տալիս է մեզ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Դիտարկմանը, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն կատարել իրեց պարտավորությունները, արդյո՞ք հնարավոր է արցախահայության վերադարձի հարցով քայլերի գնան, Անդրանիկ Քոչարյանը նշեց․ «Ժամանակը կլուծի բոլոր հարցերը, պետք է ժամանակ ճիշտ տնօրինենք, թե երկրից դուրս, թե ներսում կարողանանք այդ հեռանկարը ճիշտ կառուցենք»։

Անդրանիկ Քոչարյանը հավաստիացնում է, թե այս պահին էլ իշխանությունը արցախցիների վերադարձի հետ կապված գործընթացներ է իրականացնում։ «Անում է այն, ինչը հնարավոր է անել։ Հնարավոր է, որ նոյեմեբերի 9-ի փաստաթղթի հետ կապված, հնարավորություն կա, որ ժամանակի ընթացքում այդ խնդիրը բարձրացնենք վերև և սկսել քննարկումներ»։

Արցախի նախկին ՄԻՊ ու պետնախարար Արտակ Բեգլարյանը իշխանական պատգամավորի ասածն իրատեսական չի համարում։ Ըստ նրա արցախցիների վերադարձի համար անվտանգային լուրջ մեխանիզմներ է պետք հաստատել։

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթի երաշխիքները ցույց են տվել իրենց անկենսունակ էությունը։ Այդ փաստաթղթի երաշխիքները որէև ձևով բավարար չեն եղել, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա այնտեղ ապրել։ Հակառակը, դրա հետևանքով մենք ունեցանք մարդկային և տարածքային կորուստներ, բոլորով բռնի տեղահանվեցինք։ Պետք է քննարկել շատ ավելի լուրջ միջազգային իրավունքի հիմնարար մեխանիզմների կիրառման հնարավորությունները և ապահովել ավելի լայն երաշխիքներ։ Բոլոր հիմնական դերակատարները պետք է կոնսենսուս ունենան։ Դա վերաբերվում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին և տարածաշրջանային ազդեցիկ երկրներին»,-ասաց արցախցի նախկին պաշտոնյան։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest