Սեպտեմբերի 19-ին վաղ առավոտյան Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին։ Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը կրկին հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, ինչի արդյունքում ողջ արցախահայությունը դարձավ տնավեր՝ զրկվելով պատմական հայրենիքում ապրելու իրավունքից։ Օրվա երկրորդ կեսին Երևանի Սուրբ Խաչ եկեղեցում Արցախի նախկին իշխանությունների մասնակցությամբ կատարվեց Հոգեհանգստյան կարգ նահատակների հիշատակի համար։
Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի առաջնորդությամբ կատարված Հոգեհանգստյան կարգի ընթացքում միասնաբար աղոթք բարձրացվեց առ Աստված Հայոց բարձրավանդակի խաղաղության համար։
«Քանի դեռ գերված է Արցախը, յուրաքանչյուրս կարիք ունենք ամեն օր նորոգելու մեր ուխտն առ Աստված և առ հայրենիք, որ աստվածապարգև մեր ամեն վայրկյանն ապրենք հայրենիքի համար։ Այսօր, առավել քան երբևէ, կարիք ունենք Աստծո օրհնությանը, միմյանց սիրուն ու գուրգուրանքին։ Այժմ եկել ենք միասնաբար հայցելու Աստծո ողորմությունը, որ ուժ պարգևի՝ մեր հող հայրենին միասնաբար ազատագրելու համար։ Մենք շատ անգամ ենք տկարացել, սակայն կրկին կարող ենք ուժ գտնել մեր մեջ և լինել պարտավճար։ Մենք չպետք է ընկրկենք, այո, մենք տխուր ենք, բեկված ենք, սակայն հավատում ենք, որ ապաշխարությամբ կրկին Աստծո ողորմածությանը կարժանանանք և կազատագրենք ԱրցաԽ աշխարհը»,- նշեց Արցախի թեմի փոխառաջնորդը։
Նրա խոսքով՝ գուցե շատերին անհավատալի է թվում այս իղձի կատարումը, սակայն միայն հավատքով է հնարավոր կռել այդ հաղթանակը։ Վարդապետը հորդորեց չթուլանալ և չասել՝ ոչինչ հնարավոր չէ։ «Ամեն ինչ հնարավոր է, եթե ազգովի դարձի գանք։ Ոչ թե խոսքերով, այլ ամենօրյա գործով պետք է փաստենք մեր սերն առ հայրենիք և պատրաստ լինենք մեր կյանքը տալու ազնվագույն նահատակների նման։ Մեր սուրբ տղաներն այսօրվա համար են նաև նահատակվել ու Եռաբլուրում մեր տղաների հոգիների համար կրկին աղոթելով՝ ուխտեցինք , որ մեր պատմությունը չենք կարող մոռանալ։ Մենք պետք է մեկ բռունցք դառնանք և Արցախ վերադառնալու ամենօրյա տեսիլքն ունենանք։ Պետք է ավարտին հասցնենք նահատակ տղաների կիսատ թողած գործը ու վերադառնանք Արցախ՝ արարելով, շենացնելով ու վառ պահելով մեր սուրբ նախնյաց սրբազան հիշատակը»,- պատգամեց Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը։
Եկեղեցում հոծ բազմություն էր։ Մեծ մասը արցախցիներ, որոնք միաբան հետադարձ հայացքով կրկին վերապրել են մեկ տարի առաջ տեղի ունեցածը։ Բոլորի երազանքը մեկն է՝ վերադարձ հայրենի բնօրրան։ Ծովինար Շիրինյանը մեկն է այն արցախցիներից, ով մեկ տարի առաջ չէր պատկերացնում, որ մի քանի օր հետո պիտի լքեր հայրենիքը։ Ի դեմս շրջափակման ծանր պայմանների, նա մնացած արցախցիների նման շարունակում էր դիմանալ բոլոր դժվարություններին՝ մաքառելով, որ մնա կառչած իր բնօրրանում։ Սեպտեմբերի 19-ի պատերազմի օրը Ծովինարի ծննդյան տարեդարձն էր։ «Ես աշխատավայրում էի, երբ դղրդացին առաջին պայթյունները՝ տարակուսեցի, չէի պատկերացնում, որ կրկին պատերազմ է։ Տնեցիներս մի կերպ հայթայթած մթերքներով որոշել էին մի փոքր ջերմություն փոխանցել ծննդյանս օրվա առթիվ։ Եղած-չեղածով փոքրիկ կեքսիկներ էի թխել։ Երեկոյան պետք է մի փոքր նշեինք։ Սակայն կեսօրվա ուժեղ ու անվերջանալի դղրդյունները փաստեցին ռազմական գործողությունների վերսկսումը։ Արկակոծությունների տակ մի կերպ հասել եմ տուն։ Մեր տան պատշգամբից դիտում էինք Շուշիի ուղղությամբ ընթացող ռազմական գործողությունը։ Մինչև վերջ չէի հավատում, որ մենք ստիպված կբռնագաղթենք»,- նշեց զրուցակիցս։ Այսօր էլ՝ մեկ տարի անց, նա չի հաշտվել դառը իրականության հետ։ Ծովինարը պատրաստ է մինչև վերջ պայքարել Արցախ վերադարձի իր իրավունքի համար։ «Մինչև նեռը չհեռանա, մեր պայքարն արդյունք չի տա։ Այսօր մենք այստեղ կրկին վերարժեվորում ենք մեր անցած ուղին՝ հիշելով մեր բոլոր նահատակներին ու մեր վերադարձի իրավունքը վառ պահելով կշարունակենք պայքարել, որ հասնենք մեր երազանքին», — շեշտեց արցախցի կինը։
Սուրբ Խաչ եկեղեցում կատարված Հոգեհանգստյան կարգին միացավ նաև Բագրատ Սրբազանը։ Արցախի օկուպացումը Սրբազանը ողջ մեր ազգի անպատվությունը, ամոթն ու խայտառակությունը համարեց։
«Ես չեմ դադարելու ասել, որ մենք ապրում ենք գողացված ուրախության, պատվի, արժանապատվության, կենսագրության ժամանակներում։ Բայց այդ ամենը մեզ պետք է մղեն վերականգնվելու ու մեր տուն վերադառնալու իրավունքն իրացնելու համար։ Այսօր ամաչելով եմ նայում մեր հերոս տղաների աչքերին, մեր ժողովրդի ցավին ու աղաղակին, բայց միևնույն ժամանակ այս օրը մեզ համար ուխտի օր է։ Խոնարհվում եմ ձեր առջև սիրելի արցախցի քույրեր ու եղբայրներ, ամոթ եմ զգում ձեր առջև, որ հերոսական ձեր կյանքին տեր չկանգնեցի… Բայց դուք պետք է վերականգվեք նաև ձեր համառության շնորհիվ, անհնար ոչինչ չկա ու Աստծո զորությամբ, մեր նահատակների կանչով մենք պետք է վերադառնանք տուն։ Աստված զորացնի բոլորիս, խոնարհումս ձեզ»,-իր խոսքում ասաց Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Զառա Մայիլյան