2023 թվականի սեպտեմբերի 19-ից ի վեր իրավապաշտպան «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» մեդիա կազմակերպությունը հավաքագրում, փաստագրում և ժամանակագրում է այն մարդկանց պատմությունները, ովքեր հարկադրված են եղել լքել իրենց տները Ղարաբաղում և Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի սահմանամերձ գյուղերում։
Forrights.am-ն Արցախի բռնի հայաթափումից անմիջապես հետո նախաձեռնել և շարունակում է հանդիպումներ, թե առաջնագիծ դարձած բնակավայրերում ապրած քաղաքացիների, թե ՊԲ զինծառայողների հետ։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունը մշտապես հանդիպումներ է ունենում զոհվածների ընտանիքների հետ և ներկայացնում նրանց մարտական ուղին: Մեր հրապարակումներում ներկայացնում ենք նրանց պայքարի գործողությունները։
***
Forrights.am-ը հանդիպել է արցախցի Լևոնի հետ, որը 44-օրյա պատերազմին եղել է պայմանագրային զինծառող, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ԱԱԾ հատուկ ջոկատային։ Նա մեզ հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ դժվարություններով են կարողացել ողջ մնալ և ապահավել խաղաղ բնակիչների անվտանգ հեռանալը։
Լևոնը զինակից ընկերների հետ վտանգավոր իրավիճակում են հայտնվել Խաչենի կամուրջի մոտ, բայց չեն լքել իրենց վստահված պաշտպանության վայրը, նախընտրել են շրջափակման մեջ մնալ, բայց թույլ չտալ, որ թշնամին վերահսկողություն հաստատի կամուրջի վրա, քանի որ Մարտակերտի շրջանի բնակիչների կյանքը վտանգվելու էր։
«Մենք զենքերը չենք դրել, երեք գիշեր անընդհատ բոյ ենք տվել»․ հատուկ ջոկատայինի մարտական ուղին
***
Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Գևորգ Բեգլարյանը Forrights.am-ի հետ զրույցում ներկայացնում է իր 10 հոգանոց դիրքի պայքարը թշնամու հարյուրավոր զինյալների դեմ։
«Սպասում էինք, որ նման բան է լինելու, թշնամին անընդհատ զորք ու զինտեխնիկա էր կուտակում։ Տարբեր ուղղություններով կուտակումները կար։ Մենք զգոն, պատրաստ կանգնած էինք։ Իրենք չերեզ չուր շատ էին, ուզում էին գալ, Խաչենի մոստի վրա նստեին։ Մեր տղեքի շնորհիվ, չկարողացան գալ։ Կոնկրետ մեր դիրքը մեծ դեր է խաղացել։ Եթե այդ կամուրջը վերցնեին Մարտակերտից դուրս գալ հնարավոր չէր լինի»,-պատմում է 25-ամյա զինծառողն ու շեշտում՝ նահանջի տեղ չկար, հետևում Մարտակերտի շրջանը Ստեփանակերտին կապող միակ ճանապարհն էր՝ կարմիր գիծ այդ պահին դիրքում պայքարողներից յուրաքանչյուրի համար։
«Ում ուզում եմ հիշեմ՝ ծանոթ, բարեկամ, հարազատ՝ չկան, զոհվել են»․Գևորգի «սեպտեմբերի 19-ը»
***
«Ակին դեռ ամբողջովին չէր ապաքինվել, բայց ասաց՝ տղերքը մենակ են, ես այնտեղ պետք է լինեմ»,-եղբոր խոսքերն է հիշում Աբելը՝ նշելով, որ եղբայրը հրաժարվում էր տեղափոխվել Հայաստան, ցանկանում էր ծառայել Եղնիկներում։
«Նոր էր ամսուսնացել, կինը հղի էր, բայց չէր ցանկանում տեղափոխվել։ Սկսվեց Արցախի բլոկադան՝ երեխայի ծնվելուց մի քանի օր հետո։ Նա այդպես էլ չտեսավ իր երեխային։ Մի անգամ հարցրեցի՝ էրեխուդ չե՞ս ուզի տեսնես, պատասխանեց՝ շատ եմ ուզում, բայց երեխաս ապահով է, իսկ այստեղի երեխաներին ո՞վ պետք է նայի։ Այդպես էլ մնաց լեռներում»։
Եղնիկների Ակին թշնամու սարսափն էր․ զոհվեց Արցախում՝ այդպես էլ չտեսնելով նորածին որդուն
***
«Դաժան օրեր էին, դաժա՜ն»,- ասում է բռնի տեղահանման ենթարկված Երվանդ Դանիելյանը՝ որդու և փեսայի նկարների կողքին նստած։ Երվանդի որդին՝ Էդուարդը և փեսան՝ Գրիշան, զոհվել են 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ։ Էդուարդը «Եղնիկներում» էր ծառայում, Գրիշան՝ Օմարում։
«Եղնիկների Էդոն էր, սիրում էր ծառայությունը, դիպուկահար էր, ծառայությունը, որ ավարտեց որոշեց պայմանագրային ծառայության անցնել»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է հայրը:
«Էդո, կներես ինձ, քեզ թողնում եմ, ինձ խաբեցին»․ զինվորի հոր վերջին հրաժեշտը
***
Գրիգորի Բաբայանն Արցախի ՊԲ-ի զինծառայող էր, բնակվում էր Ճարտարում՝ պաշտպանելով ծննդավայրի սահմանները։ Սեպտեմբերյան հարձակումից մի քանի օր առաջ էր ամուսնանալու նպատակով արձակուրդ վերցրել։ Պատերազմի նախորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին մեկնել էր Ստեփանակերտ հարսնացուին մատանի գնելու համար։
Մայրը հիշում է՝ Արցախում բլոկադա էր, սով, բայց կարողացել էին Գրիգորիի հարսանիքի պատրաստությունը ինչ-որ առումով կազմակերպել։ Հարսանիքի սեղանների համար մեծ դժվարությամբ գտածը դրել են հոգեհացի սեղաններին։ «Հարսանիքի օրը հուղարկավորեցին․․․ չեմ կարողանում խոսել, լոխ առել էինք, բլոկադայի պայմաններում»:
Գրիգորին մատանի գնելուց հետո գնաց պատերազմ․ «հարսանիքի օրը հուղարկավորեցինք»
***
Մասնագիտությամբ ճարտարագետ Նվեր Փարամազյանը մասնակցել էր 2016թ. ապրիլյան քառօրյա և 2020թ. 44-օրյա պատերազմներին։ ԱՀ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի կողմից պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, ստացել ավագ սերժանտի կոչում։ Նահատակվել է 2023թ. սեպտեմբերի 19-ին՝ Մարտունու «Կոհակ» բարձունքը պաշտպանելիս։ Ստեփանակերտից նրա մարմինը տեղափոխել են Երևան և հուղարկավորել Եռաբլուրում։
«Մենք երջանիկ ու պարզ կյանքով էինք ապրում։ Որդիներս երբեք չեն մտածել լքել Արցախը։ Նրանք ամեն ինչ արել են իրենց օջախը վառ պահելու ու հայրենիքը շենացնելու համար։ Միանգամից կորցրեցինք ամեն ինչ։ Միակ մեր սփոփանքն այն է, որ հնարավոր եղավ Արցախից որդուս աճյունը տեղափոխել Եռաբյուր. գոնե լացելու տեղ ունենք»,-արցունքն աչքերին հավելեց որդեկորույս մայրը։
***
«Երեխաներին քնեցնելու ժամին սկսվեցին ռմբակոծություններն ու ուժեղ պայթյունները։ Մերկ, վախեցած, լացող երեխաներին անմիջապես իջեցրինք նկուղ։ Քանի որ մեր մանկապարտեզն ու մոտակայքում կառուցված ակումբը մեծ ապաստարաններ ունեին, ուստի ոչ միայն Ճարտարի, այլև Սոսի, Մաճկալաշենի համայնքների բնակիչները վազելով սկսեցին ներս մտնել նկուղ։ Փոքր տղաս մոտս էր, մյուսները՝ դպրոցում։ Նրանց մասին որևէ տեղեկություն չունեի և չընդհատվող ռմբակոծությունների տակ հնար չկար երեխաներիս հետևից գնալ։ Փառք Աստծո սկեսուրս կարողացավ դպրոցից նրանց վերցնել և ավելի ուշ միանալ մեզ։ Հետո հայտնեցին, որ այդ գիշեր ամուսինս երկու ոտքից վիրավորվել է, իսկ սեպտեմբերի 20-ին Սոս գյուղի պաշտպանական դիրքերում զոհվեց եղբայրս՝ Փայլակ Հարությունյանը։ Նա հատուկ ջոկատային էր, որի 30-ամյակը նշեցինք սեպտեմբերի 18-ին՝ պատերազմից մեկ օր առաջ»
«Եղբայրս հատուկ ջոկատային էր․ 30-րդ տարեդարձը նշեցինք սեպտեմբերի 18-ին՝ պատերազմից մեկ օր առաջ»
***
Ժաննայի ամուսինը՝ Կարեն Մելքումյանը, պայմանագրային զինծառող էր Արցախի ՊԲ-ում։ Հիշում է՝ ամուսնու գնալուց կարճ ժամանակ անց կրակոցներ են հնչել։ «Մեր գյուղից մինչև իրենց տեղակայման վայրը կես ժամվա ճանապարհ է՝ ոտքով, գնացի այնտեղ։ Ամուսնուս ու եղբորս տեսա։ Ամուսինս ուզում էր իր մոտ պահել, ասացի՝ չէ, գնամ երեխաների մոտ։ Այդ պահին այնքան վատ էի, ամեն ինչ խառնվել էր իրար, ամեն ինչ մոռացել էի։ Այն ձայնը, որ դըմփաց՝ առաջին կրակոցը, չեք պատկերացնի, թե ինչ ձայն էր»։
Ժաննան մեղադրում է իրեն, որ չի մնացել ամուսնու մոտ։ Կարծում է, որ եթե մնար, ապա ամուսինը չէր զոհվի։ «Ոչ մեկին չլսեցի, սնարյադի տակով եկա երեխաների մոտ, դպրոցում էին»։ Սա Ժաննայի և Կարենի վերջին հանդիպումն է եղել:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: