Genesis Armenia ուղեղային կենտրոնն այսօր կազկակերպեց «Մեկ տարի առանց Արցախ. վիճակագրություն ու ռազմավարական հեռանկար» խորագրով համաժողով։
«Արցախի նյութական կորուստների նախնական վիճակագրությունը՝ 12 քաղաք, 241 գյուղ, 11 450 բնակարան, 13 550 տուն, 15 ձեռնարկություն, 60 ֆաբրիկա, 200 մշակույթի տուն, ավելի քան 5 000 մշակութային հուշարձան, 25 թանգարան, 115 գրադարան, 4 համալսարան, 7 քոլեջ, 232 դպրոց, 232 մարզադաշտ, 2386 խաչքար, 400 միջնադարյան գերեզմանոց, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 37 ՀԷԿ, 48 հանք, 5 ջրամբար, 3500 հա անտառ։ Բացի այդ, այնտեղ մնացել են 58 հազար մանր եղջերավոր անասուն, ավելի քան 45 հազար խոշոր եղջերավոր անասուն, 174 հազար թռչուն, 21 հազար խոզ, ավելի քան 2 000 միավոր գյուղտնտտեխնիկա, 445 կիլոմետր ասֆալտապատ ճանապարհ եւ ավելի քան 35 հազար փոխադրամիջոց»,- իր զեկույցում ներկայացրեց Կենտրոնի հումանիտար հետազոտությունների ղեկավար, պատմաբան Արմեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ նյութական այս արժեքները շատ դժվար է հաշվարկել ֆինանսական առումով և Արցախը, լինելով պատմական Հայաստանի հնագույն նահանգներից մեկը, որ երբևէ չի գրավվել թշնամու կողմից, իր մեջ առավելևս հոգեւոր շատ մեծ արժեքներ է կրում։
«Այսօրվա զեկույցն ամբողջովին չի կարող արտացոլել Արցախի նյութական կորուստների վիճակագրությունը։ Բայց սա սկիզբն է, եւ մենք վստահ ենք, որ հետագայում տարբեր կազմակերպություններ ու օղակներ կսկսեն ավելի խորությամբ վերլուծել մեր կորուստների վիճակագրությունը։ Սա մեզ պետք է միջազգային հարթակներում հանդես գալու համար, որովհետեւ միջազգային հարթակներում շատ է կարեւորվում, թե կոնկրետ ինչ ենք կորցրել եւ ինչ ոճրագործություններ է կատարել Ադրբեջանը՝ ընդհուպ մինչեւ Քարինտակ գյուղի ոչնչացումը։ Երկրորդ, այս կորուստների հաշվարկն ավելի շատ քաղաքական է ու հրատապ մեզ համար։ Առաջին հայացքից թվում է, որ այս զեկույցով մենք հաշտվել ենք Արցախի կորստի հետ ու սկսել մտածել նյութականի մասին։ Բայց ոչ, ընդհակառակը, այս զեկույցին պետք է հաջորդեն նոր ուսումնասիրություններ, որպեսզի մանրամասն ներկայացվի Արցախի կորուստները, որ երբ վերադառնանք Արցախ, կարողանանք համեմատել եւ ազերիների ոճրագործություններն անմիջապես կոնկրետ թվերով ներկայացնենք։ Ու մեր վերջնական նպատակը վերադարձն է»,- նշեց պատմաբանը։
Մոտավոր հաշվարկով Արցախում մնացել է 100 մլրդ դոլարի գույք։
Արմեն Սարգսյանի տեղեկատվությամբ՝ Արցախի բնակչության թիվը մինչեւ 2020թ. պատերազմը կազմում էր 147 հազար մարդ։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի պարզաբանմամբ՝ 2023թ. սեպտեմբեր-հոկտեմբերին այդ թիվը նվազել էր, կազմելով՝ շուրջ 112 հազար մարդ։
Զառա Մայիլյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: