Հայաստանի իշխանության հետ փոխկապակցված անձանց կողմից հակարցախյան պրոպագանդա է իրականացվում։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասում է 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի մարտերի մասնակից Արման Պետրոսյանը։

«Բռնի տեղահանումից հետո հակաարցախյան քարոզչության հետևանքով 120 հազար արցախցի լքեց Հայաստանը։ Քաղաքական գնահատական չի տրվել այդ գործընթացներին։ Մարդկանց իրավունքերի պաշտպանության առումով ոչ մի պետական քաղաքականություն չկա, բացի սոցիալական ծրագրերից»,-ասում է Արման Պետրոսյանը։

Արման Պետրոսյանը Արմավիրի մարզից է։ 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել էր Արցախ, ծառայության անցել ԱԱԾ-ի վարչություններից մեկում։ Forrights.am-ի հետ զրույցում ուշադրություն է հրավիրում այն տարածվող տեղեկությունների վրա, թե իբր արցախցիները սեպտեմբերի 19-ին չեն պայքարել իրենց հայրենիքի համար։ Արցախցիներն անհավասար մարտի են բռնվել թշնամու ուժերի դեմ։

«Արցախահայերն Արցախի սահմանի ամբողջ երկայնքով իրենց մարտը վարել են, թե՛ Մարտակերտում, թե՛ Մարտունիում, թե՛ Եղնիկներում, թե՛ Ստեփանակերտում։ Պայքարել են մինչև, որ սեպտեմբերի 20-ին ստորագրվեց այդ կապիտուլացիոն փաստաթուղթը (նկատի ունի Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագիրը, որով Արցախի հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Այդ հրամանագիրը որևէ տեղ չկա հրապարակված, եղել է միայն այդ մասին հաղորդագրություն,-հեղ․)։ Անհավասար մարտեր են եղել Կաշենի ոսկու հանքի մոտ, որտեղ եղել են մեր և Մարտունու ստորաբաժանման վարչությունների անդամները։ Արժանի հակահարված ենք տվել թշնամու գրոհայիններին։ Թե՛ զինտեխնիկայի, թե մարդկային ուժի առումով մեծ կորուստներ են հասցվել Ադրբեջանին։ Կարճ ասած պայքարել են տղերքը մինչև վերջ, քանի չի եղել այդ թուլակամությունը, որը հանգեցրեց իշխանության հանձնվելուն։ Մեր խնդիրն էր թույլ չտալ թշնամու առաջխաղացումը Ստեփանակերտ, մենք Կրկժանի մոտ էինք պայքարում, մեր առջև դրված խնդիրը կատարել ենք մինչև վերջ։ Թույլ չենք տվել, որ մտնեն քաղաք ու խաղաղ բնակիչներին վնասեն։ »,-սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո Արցախում առկա իրավիճակի մասին խոսելիս պատմում է Արման Պետրոսյանը։

Պատերազմի մասնակցի խոսքով՝ Արցախի ուժերից վեր էր միայնակ պայքարել Ադրբեջանի հարձակման դեմ։ «Արցախին, թե՛ Հայաստանը, թե՛ ամբողջ աշխարհը միայնակ էր թողել ադրբեջանական ուժերի դեմ։ Չնայած այդ անհավասար մարտերին շատերը որոշել են պայքարել և իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի»։

Այդ օրերին Արմանը կռվող յուրաքանչյուր արցախցու պայքարում մի որոշում է տեսել՝ կռվել հանուն իրենց հայրենիքում ապրելու համար։ «Արցախն այդ մարդկանց բնօրրանն էր և դժվար էր պատկերացնել, որ կարող է մի քանի օրում հայաթափվել և էթնիկ զտման ենթարկվեր։ Այդ որոշումը մեզ հանկարծակիի է բերել։ Ում ձեռքին զնենք կար և զինված ուժերի ծառայող էր, պատկերացնում էին, որ մինչև վերջ պայքարելու են և ՀՀ-ից ռազմական օգնություն է լինելու, սակայն, դա տեղի չունեցավ։ Որ հիշում եմ մարդկանց հայացքները, դեմքերի արտահայտությունները, բառերով ներկայացնելու չեն»։

Նշում է, որ զենքերը վայր դնելու և հանձնվելու որոշումը միանշանակ չի ընդունվել։ «Ստորաբաժանումներ կային, որ այդ հրամանից երկու օր անց էլ շարունակում էին պայքարել, բայց գիտակցում էին, որ 20-30 հոգով իրավիճակը փրկել հնարավոր չէ։ Ես էլ եմ կարծում, որ մարդը հենց այնպես չպետք է զովի։ Պայքարը շարունակվում է, պետք է ունենանք այնպիսի կառավարման համակարգ, որ նման իրավիճակներում այլևս չհայտնվենք։ Պետք է հույսներս մեր վրա դնենք, եթե խնդիրը կա, ուրեմն լուծումն էլ կա, պետք է կամք ու վճռականություն ցուցաբերենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest