Գրեթե 6 տարի է, ինչ Մայր տաճարը աղոթական դռները փակել էր հավատացյալների առջև։ Հիմա արդեն ավարտվել են Մայր տաճարի հիմնավերանորոգման  աշխատանքները, որոնք սկսվել են հատակներից և ավարտվել մայր գմբեթի խաչով։

Սեպտեմբերի 17-ին հիմնանորոգվող Մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի պարզաբանմամբ՝ Մայր տաճարի գույներն ավելի են պայծառացել` մոտեցալ այն գույներին, որոնք վրձնած են եղել հենց հեղինակների` Հովնանյան ընտանիքի որմնանկարիչների կողմից։ «Վեց տարվա վերանորոգման մանրակրկիտ աշխատանքը 60 տարվա արժեք ունի։ նման ծավալի վերանորոգման աշխատանքներ չեն եղել երբեք։ Եթե շատ հեռուն գնանք, դա եղել է 1620-ական թվականներին Մովսես Տաթևացի կաթողիկոսի ժամանակ։ Հետագայում էլ որոշակի վերանորոգման աշխատանքներ կատարվել են տարբեր կաթողիկոսների ժամանակ, սակայն նմանատիպ աշխատանքներ չեն եղել»,– ընդգծեց եպիսկոպոս Բաբայանը։

Տաճարի ճարտարապետ Ամիրան Բադիշյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Էջմիածնի Մայր տաճարի գմբեթին բրոնզաձույլ նոր խաչ է տեղադրվել։ «Մայր տաճարի խաչը, որ տեղադրվել էր 17–րդ դարում, լատունի բարակ թիթեղներից էր և գտնվում էր խիստ քայքայված, արդեն գոյությունը չպաշտպանող վիճակում։ Այդ առումով ինքներդ կարող եք համոզվել` այցելելով տաճարի թանգարան, որտեղ հիմա պահպանվում է խաչն այն վիճակում, ինչպիսին եղել էր։ Տեղադրված նոր բրոնզաձույլ խաչը ճիշտ կրկնօրինակը չէ, սակայն ոճական և չափային առումով կրկնում է ապամոնտաժած խաչը»,– նշեց Բադիշյանը։

Նրա խոսքով` Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքներն ընդհանուր առմամբ ընթացել են 12 տարի։ 1–ին փուլով կատարվել են հետազոտման, նախագծման աշխատանքները, 2–րդ փուլում արդեն բուն շինարարական աշխատանքներն են եղել։ Տաճարի առանձին հատվածներ ուղղակի վթարային վիճակում են գտնվել, որոնք առաջին հայացքից տեսանելի չէին։ Բադաշյանը նշեց, որ Գարեգին կաթողիկոսը մշտապես հետևել է հիմնանորոգման աշխատանքներին։

Ինչ վերաբերում է երկրաշարժերին ու կառույցի դիմակայունությանը, ապա ճարտարապետի խոսքով` Մայր տաճարը հավերժ է, թեև միջնադարյան բոլոր կառույցները այսօրվա սեյսմիկ պահանջներին չեն համապատասխանում։

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի  Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողների հարցմանն ի պատասխան նշեց, որ իրական եւ պատմական Հայաստանների հետ կապված թեզը մեզ համար անընդունելի է, որը արհեստական է եւ շատ վտանգավոր:

«Պատմականը մեզնից հեռացնելով՝ փոխում ենք մեր գենետիկ կոդը. Պատկերացրեք անհատ, որը կորցնում է իր հիշողությունը, նման մարդկանց ասում ենք, որ հիվանդ է՝ տարբեր տեսակի դիագնոզներով: Վտանգը իրականի եւ պատմականի այն է, որ եթե մենք պատմականը մեզնից հեռացնում ենք, դրանով ջնջում ենք մեր պատմական հիշողությունը: Մենք դրանով նաեւ փոխում ենք մեր հիշողության գենետիկ կոդը: Ինչի՞ համար է արվում հիշողության այդ ջնջումը: Այսօր բոլորդ գիտեք, որ համակարգչի հիշողությունը մաքրում են, որ մեջը նոր ինֆորմացիայի տեղ լինի: իսկ այդ ինֆորմացիան դնում են նոր ձեւով աշխատելու համար: Ազգը երբեւէ այդ ինֆորմացիայի փոփոխության կարիքը չունի, մեր պատմական հիշողությունը մեզ համար առաջընթացի նպատակով է մնում; Հայ եկեղեցին իր պատմական բոլոր շրջաններում եղել է քրիստոնեական եկեղեցիների մեջ ամենաառաջադեմն ու ժամանակակիցը: Այսօր էլ հենց այդ պատմական հիմքի վրա է շարունակում իր կյանքը եկեղեցին»,-ասաց նա:

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան հավելեց, որ եթե մենք մեր հիշողության մեջ պահած չլինեինք Արցախը, մենք չէինք լինի պահանջատեր ու եթե  մեր հիշողությունից ջնջենք Հայոց ցեղասպանությունը, ուրեմն մենք այսօր համակերպվում ենք, որ կարելի է ցեղասպանություն անել, կարելի է մեզ կոտորել ու մենք դա կարող ենք հանդուրժել։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest