«Միայն լավ հիշողություններ ունեմ Ստեփանակերտից։ Իմ տանն էի ապրում  Երեխաներն իրենց մանկությունն էին վայելում, տեսնում էի, թե ինչպես են մեծանում, ինչպես են ուրախանում։ Երեխաներին ուղարկում էի դպրոց, ես տան էի, չէի աշխատում, ամուսին ծառայում էր»,-Forrights.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի տունը հիշելով պատմում է Արմինե Ասրյանը։

Նա արդեն մեկ տարի է՝ ինչ հեռու է իր տնից ու այնտեղ վերադառնալու մտքից։ Տիկին Արմինեն ընտանիքի հետ բնակվում էր Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում։ Այնտեղ սեփական տուն ունեին, իսկ բակում՝ թոնրատուն։ «Բոլորը գալիս էին, վառում էինք թոնիրը, հաց էինք թխում։ Իրար հետ օրերը լավ անց էինք կացնում։ Հացը չէի վաճառում, հազիվ մեզ էր հերիքում»,-երանությամբ հիշում է նա։

Թոնիրով հաց թխելը տիկին Արմինեի ամենասիրելի զբաղմունք է։ Արցախում հաց մեծ հաճույքով էր թխում, սակայն, բլոկադայի օրերին սիրելի զբաղմունքը դարձել էր դժվարին մի գործ՝ ինչպես հաց թխեր, թարմ հացի բույրը գցեր թաղամասով մեկ, երբ հացին կարոտ բազմաթիվ երեխաներ կային։

«Վերջին ալյուրն էր տանը, ուզում էի թխել, բայց չգիտեի՝ ո՞նց թխեմ։ Շատ դժվար էր, արցախցիներին մեկ ու կես հաց էին տալիս, մտածում էի՝ ինչպես թխեմ, երբ չորս կողմը երեխաներ են, չէի կարող նրանց չհյուրասիրել ․․․ բայց չդիմացա, թխեցի, հյուրասիրեցի։ Լինում էր, որ գնում էի հացի հերթ էի կանգնում, հացը վերցնում տալիս էի նրանց, ովքեր չէին հասցրել հաց վերցնել»,-պատմում է նա։

Սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական զինուժը հարձակվել է խաղաղ արցախցիների վրա, տիկին Արմինեն էլ շատերի նման անվտանգություն է փնտրել ռուս խաղաղապահների մոտ, երեխաների հետ գնացել է Իվանյանի օդանավակայան։ Հետո, սակայն, հետ է եկել և որոշել թոնիրը վառել ու հաց թխել։

«Երկու օր հետո, որ օդանավակայանից եկանք, չթողեցին, որ մտնենք մեր տուն, ասացին թուրքերն այնտեղ են։ Գնացի եղբորս տուն՝ Արցախ թաղամասում։ Ամուսինս կարողացավ գնալ տան եղած ալյուրը բերել և մի վառարան ունեինք, դա էլ բերեց, որ հաց թխեմ։ Վերջին օրն էր, հաց թխեցի ու ճանապարհ ընկանք։ 20 հաց էի թխել, ճանապարհին բաժանում էի երեխաներին։

Տիկին Արմինեն հաճախ է ադրբեջանական լրատվամիջոցներում և արբանյակային լուսանկարներում փնտրում իր տունն ու թոնիրը։ Վերջին փնտրտուք խորը ցավ է պատճառել՝ տունը չկա, թշնամին հողին է հավասարեցրել։

«Տեսել եմ իմ տունը՝ քանդված է, տանիքը չկա, սաղ հողին է հավասարեցրած։ Աջափնյակ թաղամասը լրիվ հողին են հավասարեցրել։ Սպուտնիկով նայել ենք, թոնիրս կա»,-ասում է նա ու մտածում Հայաստանում էլ կարողանա այնպիսի մի տուն գնել, որ բակում թոնրատուն կառուցելու հնարավորություն լինի։  «Եթե սեփական տուն ձեռք բերենք, թոնիր էլ կսարքենք, որ թնրով հաց թխեմ, ստացվում է ինձ մոտ։ Բայց դե հլը չգիտեմ»։

Տիկին Արմինեն նշում է՝ կորցնելուց հետո է ամեն ինչ անգին դառնում։  «Հիմա ենք հասկանում, որ ամենալավ բաներից մեկն էլ այն է, որ հարազատի գերեզմանին այցելելու հնարավորություն ունեինք։ Հիմա հնարավորություն չկա»։

Չնայած առկա կորուստներին ու դժվարություններին նա որոշել է՝ շարունակել ապրել ու ապրել հենց Հայաստանում։ «Վատ հիշողությունները թողնում եմ մի կողմ ու առաջ եմ գնում։ Հայաստանից գնալու մասին չեմ մտածում, գնալուց միայն Արցախ, ուրիշ տեղ գնալու մասին չեմ մտածում։ Հիմա ամուսին Ռուսաստանում աշխատում է, ասում է՝ արեք, ես ու երեխաները չենք ուզում։ Հայ ենք, մնալու ենք Հայաստանում։ Այստեղ շատ լավ են վերաբերվում մեզ։ Կուզեմ Արցախ վերադառնալ, իմ հողն է, բայց, եթե չստացվի, պետք է առաջ նայենք, առաջ գնանք։ Որ հնարավորություն լինի գնանք՝ պալատկայի տակ էլ կքնենք, դրսում էլ կքնենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

Pin It on Pinterest