Նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովը` COP29-ը մեծ հույսեր է առաջացրել Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատների մոտ։ Նրանք անհամբեր սպասում են այդ իրադարձությանը։ Հուսադրող է հնչել նաև օրերս Հայաստան ժամանած Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, փաստաբան Լուիս Մորենո Օկամպոյի խոսքը․ «2 ամսից Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին` COP29-ին առանցքային է, որ չարհամարվի հայ պատանդների հարցը։ Հուսով եմ՝ այս հարցը կքննարկվի մինչ գագաթաժողովը։ Եթե, ոչ ապա COP29-ի քննարկումների մաս պետք է լինի պատանդների հարցը»:

Հայ գերիների հարազատները հավատում են, որ Բաքուն չի ցանկանա խայտառակվել և գագաթաժողովից առաջ անպայման բաց կթողնի գերիներին։

Անցյալ տարի Արցախից Հայաստան տեղափոխման ժամանակ գերի ընկած Վագիֆ Խաչատրյանի  դուստրը՝ Վերան, հավատում է, որ հայրը շուտով ազատվելու է։ «Լիահույս եմ, որ անպայման վերադառնալու է շատ շուտով, որովհետև նա անմեղ մարդ է, գերության մեջ հայտնված։ Բոլորս էլ գիտենք, որ իրենք գերիներ են, ոչ թե հանցագործներ»։

Վերա Խաչատրյանը Կարմիր Խաչի միջոցով հաճախակի է խոսում հոր հետ։ Ասում է, որ առողջական վիճակը լավ չի, պետք է վիրահատվի, որ հորը վատ չեն վերաբերվում, օրը 5 անգամ դեղ են տալիս, խմում է։

«Նա տեսակով այնպիսին է, որ եթե վատ էլ զգա իրեն, չի ասի, մեզ չցավացնելու համար։ Ոնց որ մենք ենք իր հետ խոսում ու չենք ուզում նրա տրամադրությունը գցել, ասում ենք ՝ լավ ենք, նույնն էլ՝ ինքը», – ասում է Վերա Խաչատրյանը։ Նա չցանկացավ ավելին ասել, քանի որ ամենօրյա տագնապ ունի հոր հետ կապված և չի ցանկանում նրան ակամայից վնասել։

Հիշեցնենք՝ 69–ամյա Վագիֆ Խաչատրյանը Արցախի Հանրապետության Պատարա գյուղից է, խաղաղ բնակիչ էր, որին Կարմիր Խաչը տեղափոխում էր Երևան՝ բուժումների, բայց Երևանի փոխարեն նա սահմանից առևանգվեց ադրբեջանցի սահմանապահների կողմից և Բաքվի զինվորական դատարանի կողմից դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։

Ազատազրկման նույն ժամկետի դատապարտվել են «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու նրա ընկերը՝ Դավիթ Դավթյանը, որոնք 2020 թվականի նոյեմբերին՝ պատերազմից հետո գերեվարվեցին Բերձոր-Շուշի ճանապարհին, երբ փորձում էին օգնություն տեղափոխել Արցախ։

Սեպտեմբերի 9–ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների հետ կապված հարցին, ասաց, որ Գևորգ Սյուջյանի հարցով ինքն ավելի «համառ ձևով» է զբաղվում, որովհետև վերջինս զինվորական չէ և չի կարող որևիցե բանի մեջ մեղադրվել:

Գևորգ Սուջյանի կինը՝ Լիլիթ Սուջյանը, ուշադիր լսում է բոլոր պաշտոնյաների հայտարարությունները, գնում է բոլոր հանդիպումներին։

Նա ներկա է գտնվել նաև Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, արգենտինացի Լուիս Մորենո Օկամպոյի հանդիպմանը, որի ժամանակ վերջինս ըստ էության ուղերձ հղեց COP29 գագաթաժողովի մասնակիցներին  ասելով, որ ադրբեջանական բանտում գտնվող հայերի ազատ արձակման հարցը պետք է լինի օրակարգում և քննարկվող հարցերի մաս կազմի։

Լիլիթ Սուջյանը Forrights.am–ի հետ զրույցում նշեց՝ ուրախ է, որ Օկամպոյի նման բարձր հեղինակության անձը խոսել է մեր գերիների մասին, բայց գոհ չէ հանդիպման կազմակերպիչներից, որոնք գերիների հարազատներին թույլ չեն տվել հարցեր հղել քրեական դատարանի բարձր ներկայացուցչին։ Դավիթ Դավթյանի մայրը սրտնեղած, դուրս է եկել դահլիճից։

«Հանդիպումը գերիների մասին էր, ամենակարևոր հարցը սա էր, բայց կողքից ինչ հարց ասես, տվեցին, բայց գերիների հարազատներին ձայն չտվեցին։ Կարծում եմ, ճիշտ կլիներ, որ Օկամպոն սկզբից հարցներ, թե ովքեր են գերինարի հարազատները, մեզ հետ ծանոթանար, մեզ լսեր, նոր անցներ մյուսներին։ Օկամպոն ասեց, որ պետք է աշխարհի հայերը միանան, պահանջեն իրենց կառավարություններից և ղեկավարներից բաձրացնել գերիների խնդիրը։ Ես ուզում էի հասցնել, թե ի՞նչ կարող ենք մենք անել, ինչ անենք գերիների հարազատներով, որ ավելի ազդեցիկ լինի։ Բայց ինձ հարցի իրավունք չտվեցին», – ասում է Լիլիթ Սուջյանը։

Ինչպե՞ս եք վերաբերվում Ալիևի վերջերս արված հայտարարությանը, թե բոլոր գերիներին հանձնել են, իսկ Բաքվում մնացած մարդիկ հանցագործներ են, ոչ թե ռազմագերիներ։  «Ալիևը նման հայտարարություններ շատ է արել, բայց դրանից հետո վերադարձրել է գերիներին։ Չեմ ուզում շատ նեղվել իր ասածից, ուզում եմ մտածել, որ մինչև խաղաղության պայմանագրի կնքումը պետք է վերադարձնի», – պատասխանում է Լիլիթ Սուջյանը։ Բայց  բանակցությունների ժաման, կարծես, չի խոսվում գերիների մասին։ «Կարծում եմ, պետք է բոլորին վերադարձնեն, նոր ստորագրենք այդ պայմանագիրը, իսկ եթե ոչ, եթե պայմանագիրը ստորագրվի, գերիների վերադարձի մասին պետք է մոռանանք»։

Լիլիթը պատմում է, որ Գևրոգը ընդհանուր առմամբ ընկճված տրամադրություն ունի, զանգելուց հիմնական ընտանեկան հարցերից է խոսում։ «Մենք քաղաքականությունից չենք խոսում», – ասում է Լիլիթը։

Պաշտոնական տվյալներով, 2020 թվականից և Արցախի վրա 2023 թվականի սեպտեմբերի 19–ի հարձակումից հետո Բաքվում 23 հայ գերի է պահվում, որոնցից 11–ը Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ռազմաքաղաքական ղեկավարությունն է։

Հայաստանյան իշխանությունների վերաբերմունքը վերջիններիս այնքան էլ դրական չէ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում պատասխանելով հարցին, թե Ալիեւին ասե՞լ է, որ օրինակ Ռուբեն Վարդանյանը կամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ինչո՞ւ գերեվարումից չեն ազատվում, նրանք ռազմական իրադրության ժամանակ չեն գերի ընկել, ասել է․ «Բայց շատ կարեւոր հարցեր կան՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով ինչ խոստումներով, ու վերջում ասեց՝ գիտեք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում ինքը ով է, որովհետեւ ինքը ոնց որ թե այլ երկրի քաղաքացի է: Մենք ուզո՞ւմ ենք այս հարցերին պատասխան ունենալ, թե՞ չէ»:

Նիկոլ Փաշինյանի այս գնահատականը նշանակո՞ւմ է արդյոք, որ նա  չի պատրաստվում պահանջել Ադրբեջանից գերիների, մասնավորապես Ռուբեն Վարդանյանի վերադարձը և արդյո՞ք  նման հայտարարությունները չեն վնասում գերիների վերադարձի գործընթացին։

Իրավապաշտպան․ ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը Forrights.am–ի հարցին պատասխանելով, նշեց․ «Դա հարիր չէ որևէ երկրի ղեկավարին։ Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մինչ այսօր իրեն զգում է դեղին թերթիկի լրագրող, կներեք, այս խոսքիս համար։ Դա ոհմակի պահվածք է, երբ մարդիկ, այդ թվում նախկին պաշտոնյաները անազատության մեջ են, և որևէ մեկը թույլ է տալիս արտահայտվել այդ անձնանց մասին, իմանալով, որ հակառակ կողմը իրեն չի կարող պատասխանել։ Այդ արտահայտությունը կարելի է իր մյուս սկանդալային հայտարարությունների շարունակությունը համարել։  Մասնավորապես, երբ անցյալ տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի բնակիչներին ոչ մի վտանգ չի սպառնում», – ասում է Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, 2023 թվականի սեպտեմբերի 22–ին Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը Լեռնային Ղարաբաղի հարցով Արցախի համար ոչ մի արդյունք չունեցավ։ Այդ նիստի ավարտին որևէ հայտարարություն կամ բանաձև չընդունվեց, ինչը քաղաքագետներն ու վերլուծաբանները բացատրում էին Նիկոլ Փաշինյանի նշված հայտարարությամբ։ Չի բացառվում, որ նույն իրավիճակը կունենաք ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովից` COP29 –ից հետո։ Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ կան դեպքեր, երբ ազատ արձակված գերիները Հայաստանում քրեական հետապնդման են ենթարկվել, մեղադրվելով մարտական ծառայության կանոնները խախտելու համար, իսկ 2021 թվականին ՀՀ վարչապետը խոսում էր գերեվարման դեպքերը հետաքննելու անհրաժեշտության մասին։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest