«Մոտ 20 օր առաջ անհետ կորածների ու գերեվարվածների խնդրով ՄԱԿ-ի գրասենյակ տարբեր նամակներ եմ հանձնել, ասել են, որ հետևողական են լինելու»,- ՌԴ դեսպանատան դիմաց ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը։

Նա նշեց, որ երկու անգամ այցելել է ՄԱԿ-ի գրասենյակ, ընդունել են իրեն ու ասել, որ այդ ընթացքում ՄԱԿ-ի գրասենյակի հայաստանյան հանձնակատարը հասցրել էր խոսել Բաքվում իր գործընկերոջ հետ, ներկայացրել հայ ռազմագերիների, անհետ կորածների ճակատագիրը․ «Բաքվից արձագանքել են, որ իրենք էլ պահանջում են իրենց անհետ կորածներին։ ՄԱԿ-ի գրասենյակից տեղեկացրին, որ  բանակցում են Կարմիր խաչի միջազգային կառույցի հետ, և հանդիպման ընթացքում ձեռքբերված արդյունքները նամակի ձևով փոխանցելու են»։

Ռուզաննա Ստեփանյանն ասաց՝ շարժումը մի կարևոր կառույցի է դիմել նամակով․ «Այդ կառույցը բացառիկ է, որը զբաղվում է բացառապես անհետ կորածների խնդրով, և այս կառույցի՝ հայկական հարցով զբաղվող Կարմեն Օսորնոյին ենք դիմել՝ ակնկալելով անհետ կորածների միջազգային կոմիտեի աջակցությունը մեր զավակների հարցով։ Կառույցը կարող է լինել Բաքվի պահման վայրերում և այնտեղ տեսնել, թե մեր տղաներից քանիսն են պահվում։ Դիմել ենք ակնկալելով ոչ միայն նամակի պատասխան, այլ ռեալ գործողություններ՝ հասկանալու այսօր մեր անհետ կորած տղաներից քանիսն են պահվում Բաքվի բանտերում։ Դրա մասին խոսում են ծնողները, ութսուն տեսանյութ է ուղարկվել ՄԻԵԴ, որոնք փաստում են, որ այդ տղաներն այնտեղ են։ Անհետ կորածների միջազգային կոմիտեի արձագանքին ենք սպասում։ Եթե կարողանանք հասնել նրան, որ իսկապես այս կառույցը գտնվի Բաքվի բանտերում, դա կլինի մեր ամենամեծ ձեռքբերումը»։ Ռուզաննա Ստեփանյանը նշեց, որ, ցավոք, մենք այս ընտանիքներին թողել ենք իրենց ցավի հետ մենակ․ «Պետական օղակները ձեռքերը լվացել են այս ընտանիքների ցավից։ Չկա շաբաթ, որ այս ընտանիքներին մի կառույցից մյուսը չուղարկեն։ Պիտի հասկանանք, որ սա իրենց զավակների խնդիրն է, հասարակ խնդիր չէ։ Հասկանում ենք՝ իշխանությունները ձեռքերը լվացել է»։

Ռուզաննա Ստեփանյանի տեղեկություններով՝  առաջիկայում Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Նյու Յորք, հանդիպելու ՄԱԿ-ի ասամբլեայի գլխավոր քարտուղարին․ «Այս հարցը միասին պետք է մենք պարտադրենք, որ դառնա օրակարգի թեման, որովհետև ՄԱԿ-ի հանձնակատարը մասնակցելու է Բաքվում COP29 համաժողովին և նա ունի իրավասություն Բաքվից պահանջել վերադարձնելու մեր անհետ կորած տղաներին»։

Ցույցի մասնակիցները նաև նամակ-պահանջ հանձնեցին ՌԴ դեսպանատուն։ Այնուհետև ցույցը շարունակվեց Ֆրանսիայի դեսպանատան առաջ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest