«Ոչ մի միջազգային պայմանագիր չի կարող գերակա լինել երկրի սահմանադրությանից։ Եթե Հայաստանը ցանկանում է կայուն խաղաղություն, ապա պետք է փոխի իր սահմանադրությունը, որը տարածքային պահանջներ է ներառում Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ։ Նմանակելով (իմիտացիա) խաղաղության հասնել հնարավոր չէ», X-ում “հակասահմանադրական” նոր ալիք են բարձրացրել Ադրբեջանի պրոպոգանդիստները:
Երեկ Supporting Armenia’s Democracy and Western Future խորագրով ԱՄՆ կոնգրեսում Հայաստանին նվիրված լսումներ են տեղի ունեցել: Անդրադառնալով Հայաստանի սահմանադրության փոփոխությանը Ադրբեջանի պահանջին, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինը ծիծաղելի է անվանել այդ պահանջը:
«Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, ինչը ծիծաղելի է, պարզապես ծիծաղելի», ասել է սենատորը:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև ողբերգական անցյալի ֆոնին կա՞ արդյոք խաղաղության ու կայունության հնարավորություն, և ի՞նչ կարող է անել Միացյալ Նահանգները դրան աջակցելու համար․ այս հարցն էին քննարկում Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովում։
Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու նշան ցույց չի տալիս և նոր պահանջներ է առաջ քաշում խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու համար, հայտարարեց Բեն Քարդինը, որ ամիսներ առաջ էր այցելել Հայաստան:
Փորձառու կոնգրեսականն ընդգծեց՝ իր համոզմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուրջ երկու տարի բանակցվող փաստաթուղթն արդար չէ, քանի որ չի անդրադառնում հայկական կողմի համար առանցքային մի շարք հարցերի:
«Որքան ես եմ հասկանում՝ նրանք չեն խոսում անգամ Լեռնային Ղարաբաղի և այնտեղից տեղահանված մարդկանց մասին, չեն խոսում անգամ սահմանի խնդիրներից՝ այն տարածքներից, որ այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այնպես որ դա շատ արդար համաձայնագիր չէ։ Այդքանով հանդերձ, որքան ես եմ հասկանում, Հայաստանն ուզում է առաջ շարժվել, քանի որ դա սահմանները բացելու և երկիրը տնտեսական զարգացման ճիշտ ուղու վրա դնելու միակ տարբերակն է», – նշեց Բեն Քարդինը:
Լսումները` հետեւյալ հղումնով (անգլերեն):
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: