Սեպտեմբերի 12-ին «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի կողմից ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպած հավաքի նպատակն էր՝ պահանջել կառավարությունից դիվանագիտական միջազգային օրակարգ դարձնել «Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված հայ բնիկ ազգաբնակչության իրավունքների պաշտպանության մասին» հարցը։
Շարժման անդամ Նարինե Դիլբարյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց, որ Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում։ Իսկ նման ակցիան միտված է COP29-ի նախօրեին բարձրաձայնել արցախցիների վերադարձի իրավունքը, մշակութային հուշարձանների պաշտպանության և ամենակաևորը՝ գերիների վերադարձի հարցերը։ «Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնությունն այսօր պահանջագիր փոխանցեց կառավարությանը՝ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու մասին։
«Ավելի քան 30 տարի առաջ Ադրբեջանից բռնի տեղահանված 1 միլիոն 200 հազար բնիկ հայ ազգաբնակչության իրավունքների պաշտպանության հարցը պետք է Հայաստանի դիվանագիտական օրակարգում ներառել․ Եթե Փաշինյանը չի խոսում այդ մասին, դա չի նշանակում, որ խնդիրը եւ հայոց պահանջատիրությունը վերացել է։ Մենք չպետք է լռենք։ Այն իշխանությունը, որը չի պաշտպանելու ժողովրդին սատարող դրույթները պետք է հեռանա։ Նման խնդիրները դառնալու են իշխանափոխության պատճառ»,- նշեց Նարինե Դիլբարյանը։
Պահանջագիրն ուղղված էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՄԱԿ-ի ու եվրամիության ներկայացուցչություններին,ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցներին։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր հերթին իրազեկեց, որ իրենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են հեռանցնելու Նիկոլ Փաշինյանին։ «Չի կարող մի անհաջողությունից հետո՝ ձեռքներս ծալենք՝ նստենք, ասենք ՝ դե ինչ ուզում եք, արեք։ Հայաստանի տարածքում 160 հազարից ավելի ադրբեջանցի չի ապրել, նրանք այստեղ եղել են եկվոր, իսկ հայերն այնտեղ իրենց բնօրրանում են ապրել։ Գերիների վերադարձի խնդիրը նույնպես պետք է մեր դիվանագիտական օրակարգի հարց դառնա։ Խաղաղությունն այն չէ, որ թղթի կտոր ունենաս․ իրենք երբ ուզեն՝ այդ թղթի կտորը կպատռեն ու կանեն իրենց գործողությունները։ Խաղաղությունը լինում է, երբ դու ուժեղ ես»,- հայտարարեց Արամ Սարգսյանը։
ՀԴԿ խորհրդի անդամ Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ժասմինա Ղեւոնդյանը «կեղծ եւ շինծու» է որակում Ադրբեջանի նախագահի կողմից ներկայացվող 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակության իրավունքի մասին պահանջը։ «Մինչ Հայաստանում բնակված ադրբեջանցիների վերադարձի մասին խոսելը, Ալիեւը պարտավոր է ապահովել 1 միլիոն 200 հազար հայերի ապահով վերադարձը եւ բնակությունը մեր բնօրրանում։ Ի՞նչ եք առաջարկում, գլուխներս կախ ասենք՝ իշխանությունն ինչ անում է, ճի՞շտ է»,-հավելեց Ժ. Ղեւոնդյանը ։
Զառա Մայիլյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: